Home / Առողջապահություն / Արհեստական ենթաստամոքսային գեղձը կարող է օգնել դիաբետիկ երեխաներին

Արհեստական ենթաստամոքսային գեղձը կարող է օգնել դիաբետիկ երեխաներին

«Արհեստական պանկրեասի» փորձարկումները հաջողությամբ են պսակվել․ ինսուլինային թերապիայի նոր մեխանիզմը ցուցաբերել է բարձր արդյունավետություն հետազոտված երեխաների շրջանում։ Մեթոդը խոստումնալից է 1-ին տիպի շաքարային դիաբետով տառապող երեխաների կյանքի որակի բարելավման համար։

1-ին տիպի շաքարային դիաբետը ենթաստամոքսային գեղձի (պանկրեաս) հիվանդություն է, որի պատճառով չի արտադրվում արյան մեջ գլյուկոզի կարգավորումն ապահովող ինսուլին հորմոնը։ Մեծամասամբ հիվանդանում են երիտասարդներն ու երեխաները։ Ընդ որում, հիվանդությունը շատ ավելի ագրեսիվ է ընթանում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում․ պատճառներից է՝ գլյուկոզի անընդհատ վերահսկման դժվարությունը այս տարիքային խմբում։

Գլյուկոզի մակարդակի շարունակական հսկողությունը կարևոր է դիաբետի բարդություններից խուսափելու համար, որոնք հիմնականում ընթանում են ծանր, ախտահարելով տարբեր օրգաններ՝ այդ թվում անոթները, երիկամներն ու աչքերը։ Արյան մեջ գլյուկոզի մակարդակը կառավարում են անհրաժեշտ քանակով ինսուլինի ներմուծմամբ։ Ինսուլինի գերդոզավորման դեպքում կարող է զարգանալ հիպոգլիկեմիկ կոմա (պայմանավորված գլյուկոզի ցածր մակարդակով), թերդոզավորման դեպքում՝ կետոացիդոտիկ կոմա։

Վերահսկումը հեշտացնելու նպատակով Քեմբրիջի համալսարանի գիտնականները ստեղծել են օրգանիզմում իմպլանտացվող նոր պոմպային համակարգ՝ համալրված «CamAPS FX» ծրագրով։ Վերջինս անվանել են «արհեստական պանկրեաս»։ Այն իրենից ներկայացնում է սենսորով ինսուլինային պոմպ, որը անընդհատ չափում է արյան մեջ գլյուկոզի մակարդակը և անհրաժեշտության դեպքում ինքնուրույն փոփոխում ներմուծվող ինսուլինի քանակը։ Միաժամանակ համակարգը ապահովում է անհատական մոտեցում յուրաքանչյուր դեպքին, և երկարատև շուրջօրյա հսկողության միջոցով, ըստ հետազոտողների, ալգորիթմը «սովորում է» կանխագուշակել գլյուկոզի մակարդակի տատանումները երեխայի օրգանիզմում։

Ինսուլինային թերապիայի կարիք ունեցողների համար սա ամենաարդյունավետ գոյություն ունեցող միջոցն է՝ վկայում է անգլիական «New England Journal of Medicine» (NEJM) ամսագիրը, հունվարի 20-ին տպագրված հետազոտության հոդվածում։ Հետազոտությունն անցկացվել է տարբեր երկրներում գտնվող 74 մինչև 7 տարեկան երեխաների շրջանում, 16 շաբաթ տևող բուժման փորձարկմամբ։

Այս մեթոդի առավելություններից է որոշակի ինքնավարությունը, ինչի շնորհիվ դիաբետով երեխայի ծնողները կարող են չվախենալ երեխայի կյանքին վտանգ սպառնացող տարբեր իրավիճակներից՝ ինչպես, օրինակ, գիշերային հիպոգլիկեմիկ նոպաները։ Ալգորիթմը արագորեն կնկատի գլյուկոզի մակարդակի փոփոխությունը՝ կարգավորելով ներմուծվող ինսուլինի քանակությունը։