Home / Մարզեր / Ղարաբաղում նորից դադարեցվել է գազամատակարարումը

Ղարաբաղում նորից դադարեցվել է գազամատակարարումը

Հայաստանից դեպի Ղարաբաղ գազատարի աշխատանքը ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում կրկին խափանվել է։ Մոտ 120 հազար բնակիչ մնացել են առանց գազի, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի ստեղծմանը՝ ահազանգել է ԱԳՆ-ն։ 

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ գազամատակարարումը կանգնեցվել է ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով․ 

«Մենք ունենք բավարար հիմքեր` պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարում», – գրել է կառույցը՝ հավելելով, որ իրավիճակի մասին տեղեկացվել են ռուս խաղաղապահ ուժերը։

Հիշեցնենք՝ Ղարաբաղ-Ադրբեջան սահմանային լարվածության ֆոնին Լիսագոր գյուղում վնասվել էր սահմանին տեղակայված գազատարը։ Ղարաբաղի բոլոր բնակավայրերը մարտի 8-ից ի վեր ամբողջությամբ զրկված էին գազամատակարարումից։ Ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս սկսել վթարի վերացման աշխատանքները։ Մարտի 16-ին հաղորդվել էր, որ ադրբեջանական կողմը սկսել է Ղարաբաղում վնասված գազատար խողովակի վերանորոգումը և գազամատակարարումը վերականգնվել էր։

Ավելի ուշ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը պատասխանել է Արցախում գազամատակարարման հերթական խափանման վերաբերյալ Հայաստանի արտգործնախարարության հայտարարությանը։

Բաքուն Երևանին խորհուրդ է տվել «անհիմն» մեղադրանքներ չհնչեցնել և «չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին»։

«Հայաստանի ԱԳՆ-ն փորձում է միջամտել Ադրբեջանի ներքին գործերին՝ օրեր առաջ Ադրբեջանում տեղի ունեցած միջոցառմանը միջազգային կազմակերպությունների մասնակցության, իսկ հիմա՝ այլ թեմայով․․․ Մենք Հայաստանին խորհուրդ ենք տալիս ապահովել եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների կատարումը, այդ թվում՝ տարածաշրջանից զինված ուժերի մնացորդների դուրսբերումը, և դրանով իսկ նպաստել տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը, անհիմն եւ ապօրինի մեղադրանքներ չհնչեցնել», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան։