Կիևում ապրիլի 28֊ի երեկոյան տեղի ունեցած հրթիռակոծությունների պատճառով զոհվել է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության՝ Радіо Свобода-ի աշխատակից Վերա Գիրիչը․ հրթիռը հարվածել է նրա բնակարանին։ Լրագրողի մահվան մասին հայտնել է նրա գործընկեր Ալեքսանդր Դեմչենկոն։
«Սա Վերա Գիրիչի՝ «Ազատություն» ռադիոկայանի իմ գործընկերոջ փոքրիկ մեքենան է։ Այս մեքենայով մի երկու տարի առաջ նա մեզ տանում էր Նեմիշաևո՝ պատմելու, թե ինչպես տեղեկություն փնտրել օկուպացված տարածքներում։ Վերան այլևս չկա։ Բարձր ճշգրտության ռուսական հրթիռը ընկել է նրա տան վրա։ Վերան ամբողջ գիշեր այնտեղ պառկած է մնացել․ նրան միայն առավոտյանն են գտել․․․», ֊ գրել է Դեմչենկոն՝ հրապարակելով Գիրիչի մեքենայի լուսանկարը։
Ապրիլի 28֊ի երեկոյան Կիևի իշխանությունները հայտնել են քաղաքի կենտրոնի հրթիռակոծման մասին․ հրթիռները հարվածել են 25 հարկանի շենքի, որտեղ հրդեհ է բռնկվել։ Ապրիլի 29֊ի առավոտյան Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաղորդել է, որ փրկարարները մեկ զոհի մարմին են հայտնաբերել։ Շենքի բնակիչներից չորս վիրավորների հոսպիտալացրել են։
Ռուսաստանի ՊՆ֊ն ապրիլի 29֊ի առավոտյան հայտարարել է, որ «ՌԴ օդատիեզերական ուժերը բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացրել են Կիևի «Արտյոմ» գործարանը, որտեղ ավիացիոն և հակատանկային հրթիռներ էին արտադրում»։ Բնակելի շենքերի հրթիռակոծումը ռուսական կողմը չի մեկնաբանել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևին հրթիռային հարվածն անմիջապես հաջորդել էր ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշի հետ իր բանակցություններին։
Մարտի 23֊ին Կիևում ռմբակոծությունների հետևանքով ևս մեկ լրագրող էր զոհվել` The Insider֊ի թղթակից Օկսանա Բաուլինան։