Home / Շուկա / Պետությունը կօգնի մարել վարկը, եթե տունը կառուցեք սահմանին մոտ

Պետությունը կօգնի մարել վարկը, եթե տունը կառուցեք սահմանին մոտ

Կառավարությունը սահմանամերձ համայնքներում տուն կառուցելու համար հիփոթեքային վարկ վերցրած ընտանիքներին աջակցություն կտրամադրի․ 2022-2024 թվականների ծրագրի հաստատվել է գործադիրի հունիսի 9-ի նիստում։

Պետական աջակցությունը կուղղվի հիփոթեքային վարկի ամենամսյա մայր գումարի և տոկոսագումարների մարմանը։ Ծրագրից կարող են օգտվել «գործընկեր բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից հիփոթեքային վարկ ստացած շահառուները»։

Աջակցությունը կտրամադրվի հիփոթեքային վարկի մայր գումարի 12 մլն դրամի և դրա գծով մինչև 12% տոկոսադրույքի չափով հաշվեգրվող տոկոսագումարների մարման համար։ Ընդհանուր առմամբ, հիփոթեքային վարկի սպասարկման 10 տարվա ժամանակահատվածում շահառուին կտրամադրվի մինչև 20 մլն 660 հազար դրամ աջակցություն։

«Վարկային բեռը թեթևացնելու միջոցով ընտանիքներին հնարավորություն ենք ընձեռում բնակություն հաստատել իրենց կողմից կառուցվող անհատական բնակելի տանը՝ իրենց իսկ նախընտրած սահմանամերձ գյուղական բնակավայրում», – մեկնաբանել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Միջոցառման շահառուներն են Հահաստանի բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող ամուսինները, որոնցից առնվազն մեկն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն (առանց տարիքային սահմանափակման և անկախ երեխա ունենալու հանգամանքից)։

Քաղաքացիները կարող են օգտվել ինչպես այս ծրագրից, այնպես էլ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ․ ծրագրերից։

Տես նաև՝ Բյուջեից ևս 900 հազար դոլար կհատկացվի երեխայատեր ընտանիքների բնակապահովության համար