Եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանն արգելափակելու քաղաքականություն տարվի, իսլամական հանրապետությունը կընդդիմանա դրան։ Թուրքիայի նախագահի հետ Թեհրանում կայացած հանդիպմանն այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին՝ մինչ այդ գոհունակություն հայտնելով, որ «Ղարաբաղը վերադարձվել է Ադրբեջանին»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Թեհրանում են․ երեկոյան «Աստանայի ձևաչափով» եռակողմ գագաթնաժողով է լինելու, հիմնական օրակարգը, ինչպես պաշտոնապես հաղորդվում է, Սիրիայի իրավիճակի քննարկումն է: Անկարան Սիրիայի հյուսիսարևելքում նոր ռազմական օպերացիա է նախատեսում ընդդեմ քրդական ուժերի, Մոսկվան արդեն հայտնել է իր դիրքորոշումը՝ դեմ են սիրիական կարգավորման հիմնարար սկզբունքների խախտմանը:
Իրանական «Իռնա» պետական գործակալության հաղորդմամբ, Էրդողանի հետ հանդիպմանը Խամենեին կարևորել է «Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը»՝ ընդգծելով՝ «ցանկացած ռազմական օպերացիա վնաս է հասցնելու Թուրքիային, Սիրիային և տարածաշրջանին՝ օգուտ բելերով միայն ահաբեկիչներին»։ Իրանը, Թուրքիան, Սիրիան և Ռուսաստանը սիրիական հարցը պետք է կարգավորեն բանակցային ճանապարհով։
Էրդողան-Ռաիսի հանդիպումից
Առավոտյան Էրդողանը հանդիպել է նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ: Առաջնորդների ներկայությամբ երկու երկրների արտգործնախարարները ստորագրել են սահմանային անվտանգության, առևտրի, դիվանագիտական հարցերով և գիտական ոլորտում համագործակցելու փոխըմբռնման հուշագրեր:
Ըստ Associated Press-ի, համատեղ ասուլիսին Էրդողանը Իրանի համերաշխությունն է հայցել քրդական խմբավորումների և ԱՄՆ-ում ապաստանած Ֆեթուլլահ Գյուլենի դեմ պայքարում։ Վերջինիս պաշտոնական Անկարան 2016 թվականի այսպես կոչված հեղաշրջման փորձի կազմակերպիչն է համարում: Թուրքիայի առաջնորդը հատ-հատ թվարկել է քրդական կազմակերպությունները՝ PJAK, PKK, PYD, YPG՝ հերթական անգամ դրանք ահաբեկչական որակելով։
Պուտին-Ռաիսի հանդիպումից
Ռաիսիի հետ հանդիպմանը, ըստ Կրեմլի, Վլադիմիր Պուտինը գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման տեմպերով․ «Մենք կարող ենք գլուխ գովել ապրանքաշրջանառության աճի ռեկորդային թվերով, մենք ամրապնդում ենք մեր հարաբերությունները միջազգային անվտանգության հարցերով, էական ներդրում ունենք սիրիական հակամարտության կարգավորման մեջ»։
Իրանի նախագահն էլ հույս է հայտնել, որ Ռուսաստանի նախագահի պաշտոնական այցը շրջադարձային կլինի։
Ռուսաստանի նախագահին հյուրընկալել է նաև Իրանի հոգևոր առաջնորդը․ Ալի Խամենեի հետ քննարկումից մանրամասներ չեն հրապարակվել։
Պուտին-Էրդողան հանդիպումից
Էրդողանի հետ երկկողմ հանդիպմանն ընդառաջ Պուտինը, ըստ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության, շնորհակալություն է հայտնել թուրքական միջնորդական ջանքերի համար (ուկրաինական ցորենի արտահանման շուրջ բանակցությունները Թուրքիայում են ընթանում)։
«Անշուշտ, սիրիական կարգավորման վերաբերյալ էլ շատ հարցեր կան։ Բայց խոշոր, հեռանկարային երկկողմ նախագծերն առաջ են շարժվում և զարգանում։ Իհարկե, մեր ուշադրության կենտրոնում է նաև մեկ այլ կարևոր հարց՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը։ Վերջերս Կասպյան գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել եմ Ադրբեջանի նախագահի հետ, նա ձև ողջույններ էր փոխանցում», – ասել է Ռուսաստանի նախագահը։
Երեկոյան նախատեսված է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ղեկավարների«Աստանայի ձևաչափով» հանդիպումը․ ակնկալվում է, որ փակ բանակցություններից հետո մամուլի համար հայտարարություն կլինի։