Եվրոպական մայրցամաքի ամբողջ տարածաշրջանի երկու երրորդը կանգնած է վերջին 500 տարվա մեջ գրանցված ամենալայնածավալ ու դաժան երաշտի առաջ, նախազգուշացնում է Եվրահանձնաժողովի միացյալ հետազոտական կենտրոնը իր զեկույցում։
Նիդերլանդներ: Վաալ գետի վրա կառուցված լողացող տները գետի չորացումից հետո:
Առանձնապես ծանր իրավիճակի մասին է հաղորդվում Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Ռումինիայում, Հունգարիայում, Սերբիայում, Ուկրաինայում, Մոլդովայում, Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում․ այս երկրները ընդհանուր առմամբ կազմում են մայրցամաքի մոտ 47%-ը, գրում են զեկույցի հեղինակները։
Մայրցամաքի 17%-ը գտնվում է ամբողջապես չորանալու եզրին և շատ քիչ է հավանականությունը, որ այնտեղ կհաջողվի որևէ բուսականություն փրկել։
Ֆրանսիա։ 1012 կմ երկարության Լուար գետը որոշ հատվածներում լրիվ չորացել է։
Մեծ Բրիտանիայի որոշ շրջաններում պաշտոնապես երաշտ է հայտարարվել։ Ծառերի տերևները օգոստոսին արդեն դեղնավուն և շագանակագույն երանգ են ստացել․ գիտնականները պարզաբանում են, որ ջրի ծայրահեղ անբավարարությունը ծառերը «ընկալում են» որպես աշնան վաղաժամ գալուստ։
Մեծ Բրիտանիա։ Մանչեստր քաղաքի մերձակայքում գտնվող Վուդհեդի կիսադատարկ ջրամբարը։
Երաշտը, ըստ հետազոտողների, մեծ ազդեցություն կունենա բերքի վրա և անհամեմատ կմեծացնի անտառային հրդեհների հավանականությունը։ Գիտնականները նախազգուշացնում են, որ հարավային Եվրոպայի մի շարք տարածաշրջաններում սաստիկ շոգը կարող է շարունակվել մինչև նոյեմբեր։
Նիդերլանդներ։ Լեկ գետի ցամաքած հատակի մեջ մխրճված նավեր։
Էկոլոգների տվյալներով՝ Եվրոպայի գրեթե բոլոր գետերը այս կամ այն չափով ցամաքել են: Ջրի մակարդակն այնքան է իջել, որ սկսել են երևալ «սովի քարերը»․ սրանք տարբեր գրվածքներ պարունակող քարեր են, որոնք զգուշացնում են մոտալուտ սովի մասին (օրինակ՝ «եթե ինձ տեսնում ես, լացիր»)։ Այս քարերը դարեր շարունակ համարվել են գետերի ծայրահեղ չորացման ցուցանիշ։
Իտալիա։ Չորացած Սերխիո գետի վրայով անցնող կամուրջը։
Ջրի պակասը մեծապես վնասում է գյուղատնտեսությանը․ հացահատիկի ու բանջարեղենի բերքի մի մասը չորանում կամ այրվում է դաշտերում, իսկ կենդանիների կերի պակասորդի հետևանքով տուժում է նաև անասնապահությունը։ Վերջին 5 տարիների միջին ցուցանիշների համեմատությամբ ԵՄ երկրներում պտղատվության անկում է սպասվում. ըստ հաշվարկների սոյայի բերքը կլինի 15%-ով ավելի քիչ, եգիպտացորենինը` 16%-ով, իսկ արևածաղկինը` 12%-ով:
Հունգարիա։ Նավերը մնացել են չորացած Վելենցե լճի հատակին։
Բացի գյուղատնտեսության և նավագնացության ոլորտներին հասցված ակնհայտ վնասներից, գետերի չորացումը հարվածում է նաև էներգետիկ արդյունաբերությանը։ Զեկույցի համաձայն՝ հիդրոէլեկտրաէներգայի արտադրությունը ամբողջ Եվրոպայում ընկել է 20%-ով։
Գերմանիա։ Ցամաքած լիճ Վյուլֆրաթ քաղաքում։
Ամբողջ տարվա ընթացում մի շարք երկրներում երաշտ էր գրանցվում, բայց օգոստոսի սկզբին իրավիճակը վատթարացավ։ Ստեղծված կլիմայական ճգնաժամի հետևանքով՝ տարբեր երկրներում ոռոգման և լողավազանների ջրերի համար մի շարք սահմանափակումներ են կիրառվել։
Կլիմայական փոփոխությունները մտահոգություններ են առաջացնում ամբողջ աշխարհում։ Մի շարք երկրներում լայնածավալ հրդեհներ են գրանցվում (ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում վերջերս կրակե տորնադո էին արձանագրել), որոշ երկրներում ջրհեղեղներ են (Սիդնեյ, Պակիստան, հարավային Աֆրիկա, ԱՄՆ Կենտուկի նահանգ և այլ), մյուսներում՝ երաշտ (Իտալիա, Ֆրանսիա, արևելյան Աֆրիկա)։