Home / Բանակ / Սիրիացի վարձկաններ՝ Թուրքիայի արյունոտ բիզնեսը

Սիրիացի վարձկաններ՝ Թուրքիայի արյունոտ բիզնեսը

Ամերիկյան The National Interest գործակալությունը զրուցել է Թուրքիայի կողմից հավաքագրված՝ 44-օրյա պատերազմում ու Լիբիայում կռված սիրիացի վարձկանների հետ։ 

2019-ի ապրիլին գեներալ Խալիֆա Հաֆթարը՝ Արևմտյան Լիբիայի ու Լիբիայի Ազգային բանակի (LNA) ղեկավարը, անսպասելի հարձակում գործեց Տրիպոլիում Ազգային համաձայնության կառավարության (GNA) վրա։  GNA-ն դիմեց Թուրքիային՝ ռազմական աջակցության խնդրանքով: 

Թուրքական ուժեր ուղարկելու փոխարեն՝ Թուրքիայի հետախուզությունը սկսեց հավաքագրել Սիրիայի ընդդիմադիր զինյալներին։ 

Ահմեդը նախկինում կռվել է Սիրիայի ալ-Համզա զինյալ խմբավորման շարքերում, իսկ 2020-ի սկզբին ուղևորվել պաշարված Տրիպոլի։ Ալ-Համզան Թուրքիայի  աջակցությունը վայելող 8 զինյալ խմբավորումներից մեկն էր, որ պայմանագրով վարձկաններ էր ուղարկում Լիբիա։ 

Ահմեդը հիշում է, որ Սիրիայում հազվադեպ էին պարտադրում գնալ կռվի։ Երբ ռազմական պայմաններն անբարենպաստ էին, շատերն ուղղակի նահանջում էին՝ հետագայում կռվելու նպատակով։ Լիբիայում ամեն ինչ այդպես չէր։ Տեսնելով, թե ինչ է կատարվում հարավային Տրիպոլիի առաջնագծում՝ Ահմեդը խնդրեց իրեն տուն ուղարկել։ Ի պատասխան նրա հրամանատարն ասաց․ «Լիբիա գալը քո ընտրությունն էր, վերադառնալը՝ ոչ»։ Երկու ամիս անց Ահմեդը վերադարձավ տուն՝ կոնքը ջարդված, և ստացավ խոստացված 10 հազար դոլարի մեկ քառորդը։ 

Ալ-Համզայը ձևավորվել է 2013-ին՝ որպես Ազատ Սիրիական բանակի ստորաբաժանում, ղեկավարվում է Սայիֆ Աբու Բաքրի կողմից։ Աբու Բաքրի խմբավորումը վերապատրաստվել ու զինվել է Միացյալ Նահանգների ու Մեծ Բրիտանիայի կողմից՝ Բաշար ալ-Ասադի ռեժիմի և Իրաքի ու Սիրիայի Իսլամական Պետության (ISIS) դեմ կռվելու համար։ 

2016-ին Թուրքիան օգտագործել է ալ-Համզա խմբավորումը քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» դեմ իր ռազմական օպերացիայի ժամանակ։ Ավելի ուշ Լիբիայի համար վարձկաններ հավաքագրելու աշխատանքը Թուրքիայի հետախուզությունը վստահել է Աբու Բաքրի խմբավորմանը։ 

2019-ի նոյեմբերին GNA-ն ու Թուրքիան ստորագրեցին ծովային սահմանների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որը բողոքի ալիք բարձրացրեց Կիպրոսում, Հունաստանում և Եգիպտոսում։ Մի քանի ամիսների ընթացքում Անկարան ուժեղացրեց իր աջակցությունը GNA-ին։ Թուրքական զինուժը փաստացի իր վերահսկողության տակ վերցրեց բոլոր օպերացիաները՝ Լիբիա ուղարկելով հակաօդային պաշտպանության համակարգեր, անօդաչու սարքեր ու հազարավոր սիրիացի վարձկաններ:

Աբո Սայիդը՝ Թուրքիայի կողմից աջակցվող խմբավորումներից մեկի հավաքագրողը, ասում է՝ երբ Լիբիայում ռազմական իրադրությունը հասավ իր գագաթնակետին, «մենք պետք է որքան հնարավոր է շատ զինյալներ ուղարկեինք․ թուրքերը շուրջ 2000 մարդ էին ուզում, մեր գումարտակն ընդամենը 500 հոգանոց էր, սկսեցինք ուղարկել զրո ռազմական փորձառությամբ երեխաների»։ Հավաքագրողները մտնում էին բանտեր, ազատազրկված քրդերին առաջարկում կա՛մ կռվել, կա՛մ մնալ կալանքի տակ, հիշում է Սայիդը։ 

2020-ի մարտին GNA-ի ուժերը Թուրքիայի աջակցությամբ Հաֆթարի խմբավորմանը սկսեցին հետ քշել Տրիպոլիի հարավից։ Ութ ամիս անց ՄԱԿ-ը միջնորդեց հրադադար հաստատել։ Արդեն սեպտեմբերի 27-ին Թուրքիայի առանցքային դաշնակից Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա։

Սայիդը կրկին սկսեց վարձկանների հավաքագրել, այս անգամ արդեն Կովկասում պատերազմի համար։ Ի տարբերություն Լիբիայի, Ղարաբաղի դեպքում թուրքերը, ըստ Սայիդի, պահանջում էին, «որ ուղարկենք ավելի փորձառու մարտիկների»։ Սայիդի կարծիքով՝ դա պայմանավորված էր նրանով, որ թուրքերը ադրբեջանցիներին որպես «եղբայրներ» են ընկալում, նրանց աջակցությունը Ադրբեջանին գաղափարական է՝ ի տարբերությունը Լիբիայի, որը «պայմանագրային էր ու հիմնված էր աշխարհաքաղաքական շահերի վրա»։

Հալեպից 25-ամյա Հասանը շուրջ 55 օր Լեռնային Ղարաբաղում է եղել։

«Ինձ ասացին, որ աշխատավարձս ամսական 2500 դոլար է լինելու և որ սահմանապահ եմ լինելու։ Բարձր ճշգրտությամբ թիրախավորելը ինձ համար շատ վախենալու էր: Ես երբեք նման վախ չեմ զգացել Սիրիայում», – պատմում է Հասանը։ Իրեն միայն AK-47 էին տվել, ասում է՝ համարժեք զինված չէր։

Դիպուկահարի կրակոցից վիրավորված Հասանը վերադարձել է տուն՝ ստանալով ընդամենը 1500 դոլար։ 

Ադրբեջան ժամանելուց ժամեր անց նրան և մյուսներին մի տեսանյութ են ցույց տվել, որում իբր հայ զինվորը կտրում է հղի մուսուլման ադրբեջանցի կնոջ փորը։ Ադրբեջանցի պաշտոնավորները նրանց ասել են, թե Երևանը քրդերի է հավաքագրել Սիրիայից՝ Լեռնային Ղարաբաղում կռվելու համար։ Ըստ Հասանի՝ այս ամենը, ամեն դեպքում, ոչ ոքի առանձնապես չէր հետաքրքրում։ 

Վարձկանները, որոնց հավաքագրում էր Սայիդը, երիտասարդ տղամարդիկ էին՝ առանց եկամտի աղբյուրի ու աշխատանքի։ Նրանք (հարցազրույցի մասնակիցները) Լիբիա կամ Ադրբեջան ուղևորությունները դիտարկում էին որպես կանխիկ գումար ստանալու, փոքրիկ կապիտալ կառուցելու ու հայրենիքում բիզնես սկսելու հնարավորություն։

Սիրիացիներից շատերին, ովքեր համաձայնվել էին կռվել Լիբիայում ու Ղարաբաղում, ասել էին, որ եթե իրենք զոհվեն՝ իրենց ընտանիքի անդամներին Թուրքիայի քաղաքացիություն ստանալու հնարավորություն կընձեռեն։

Չնայած սիրիացի վարձականները վաղուց լքել են Ադրբեջանը, նրանք շարունակում են մնալ Լիբիայում, որտեղ հաճախ «ձանձրանում են»։ Մուհամեդը Լիբիայում է արդեն մեկ տարի։ «Հաշիշն ավելի տարածված է, քան մետամֆետամինը, որովհետև ավելի էժան է», – ասում է նա՝ հավելելով՝ «չափազանց շատ ազատ ժամանակ ունենք»։ Վարձկանները հազվադեպ են լքում իրենց բազաները։ Ըստ Մուհամեդի՝ ինտենսիվ կռիվների ժամանակ՝ որպեսզի չառևանգվեն, իսկ այժմ՝ որովհետև լիբիացիները ատում են իրենց և համարում վայրագներ։ 

Այնուամենայնիվ, գնալով ավելի շատ մարդիկ են գրանցվում Լիբիա ուղևորվելու համար, ինչը, ըստ պարբերականի, վկայում է հյուսիսարևմտյան Սիրիայում հուսահատ տնտեսական պայմանների մասին։ Հավաքագրող Սայիդը նշում է․ «Ես անվերջ զանգեր եմ ստանում մարդկանցից, ովքեր խնդրում են իրենց ուղարկել Լիբիա: Հիմա նրանք դրա դիմաց նույնիսկ իրենց առաջին ու երկրորդ աշխատավարձն են առաջարկում»։

Չնայած, որ 2022-ի օգոստոսի սկզբին իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կրկին սրվել էր, սիրիացի հավաքագրողները տեղյակ չեն՝ այդ տարածաշրջանի համար նոր ծրագիր կա արդյոք, թե չէ։