Home / Բանակ / Աղքատությունը չնկատող ՊՆ-ի նախագիծը պետք է հանվի

Աղքատությունը չնկատող ՊՆ-ի նախագիծը պետք է հանվի

2022 թվականի օգոստոսի 24-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն անընդունելի է համարում նման օրենքի ընդունումը և գտնում է, որ նախագիծը պետք է հանել շրջանառությունից։

Օրենքի նախագծի համաձայն՝ պայմանագրային զինվորական ծառայության անցած զինծառայողների համար սահմանվում է պատվովճարի հաշվարկում՝ ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված չափով և կարգով, ներդրվում է նաև շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն (միջինը՝ չորսուկես ամիս)՝ պետական բյուջե 24 մլն դրամ վճարելու պայմանով: Այսինքն, 24 միլիոն դրամ վճարած զինվորները կծառայեն ոչ թե երկու տարի, այլ չորսուկես ամիս։

Որպես հիմնավորում է բերվում ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված աստիճանական և կանոնակարգված ձևով պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման օրենսդրական հիմքերի ստեղծումը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ տվյալ գումարի չափը կարող է նախատեսվել պայմանագրային զինծառայողի համար 5 տարի ժամկետով 400.000 դրամ ամսական վարձատրություն ապահովելով:

Ըստ իրավապաշտպանների՝

1. վերոնշյալ նախագիծը, նախեւառաջ, չի քննարկվել մասնագիտական հանրույթի հետ՝ մինչ շրջանառվելը,

2. նախագիծը կոպտորեն խախտում է խտրականության արգելքի սկզբունքը՝ ստեղծելով զինծառայողների համար ոչ հավասար պայմաններ, տարբերակված մոտեցում՝ գույքային դրությամբ պայմանավորված,

3. նախագիծը խնդրահարույց է սոցիալական արդարության տեսանկյունից. հասարակության միայն հարուստ խավը կարող է հնարավորություն ստանալ խուսափելու իր պարտականությունից եւ օգտվել օրենքով սահմանված արտոնությունից: Նախագիծը խորացնելու է սոցիալական շերտերի միջև բևեռացվածությունը։

4. նախագիծը  որեւէ բարենպաստ ազդեցություն չի կարող ունենալ հանրային վստահության բարձրացման տեսանկյունից,

5. անհասկանալի է՝ ինչ հաշվարկների եւ գնահատումների հիման վրա է սահմանվել վճարվող գումարի չափը՝ հաշվի առնելով այն փաստը, որ 2020 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում գնահատվել է 27%:

Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակգը գտնում է, որ Նախագիծը պետք է հանվի շրջանառությունից: Բացի դրանից՝ անհրաժեշտ է ՀՀ զինված ուժերում առկա բազմաթիվ խնդիրների լուծման համար ցուցաբերել համակարգային մոտեցում, որն ուղղված կլինի զինված ուժերի կառուցվածքային փոփոխություններին, բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը, կանոնադրային հարաբերությունների հետեւանքով խախտումների բացառմանը, զորակոչի եւ զինծառայության գործընթացների արդյունավետ կազմակերպմանը, զինծառայողների առողջության իրավունքի արդյունավետ պաշտպանությանը, զինված ուժերում ենթասպայական եւ սպայական կազմի անդամների կրթական մակարդակի եւ մասնագիտական կարողությունների զարգացմանը:

Աառաջարկությունը ներկայացրել է e-draft.am համակարգի միջոցով։