Միացյալ Նահանգների միջնորդությամբ Ադրբեջանը երեկ երեկոյան Հայաստանին է հանձնել սեպտեմբերի 13-ից հետո գերեվարված 17 զինծառայողներին։ Ավելի ուշ տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը․ պրոտոկոլային հաղորդագրություններում Երևանը շեշտել է «Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերման», «Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման», «Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմ ստեղծելու» կարևորությունը, Բաքուն՝ ընդգծել, թե «հետհակամարտային շրջանում Բաքուն կշարունակի աշխատել Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակչության վերաինտեգրման ուղղությամբ»: ԱՄՆ պետքարտուղարը «իր գնահատանքն է արտահայտել խաղաղության համաձայնության հասնելու ուղղությամբ դրական քայլերի կապակցությամբ» և «ողջունել ռազմագերիների ազատ արձակումը»:
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի փոխանցմամբ, գերիների ազատ արձակման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վաշինգտոնում՝ սեպտեմբերի 27-ին Ջո Բայդենի խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում։ Ադրբեջանը խոստացել էր մինչև սեպտեմբերի 30-ը ազատ արձակել 17 ռազմագերիներին։ Գերեվարված զինծառայողները, սակայն, վերադարձել են հոկտեմբերի 4-ին։ Պաշտպանության նախարարության խոսնակը հրապարակել է հայրենադարձված զինծառայողների անունները։
«Ես բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը մեր 17 ռազմագերիների վերադարձին նպաստելու համար», – թվիթերում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Հույս ունեմ, որ մեր միջազգային գործընկերների հետ միացյալ ջանքերով մենք կշարունակենք առաջընթաց արձանագրել թե՛ մարդասիրական հարցերի կարգավորման, թե՛ տարածաշրջանում խաղաղության հաստատման մեջ»։
Ըստ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի՝ Ադրբեջանը հաստատել է, որ սեպտեմբերյան բախումներից հետո 17 նոր ռազմագերի ունի, հայկական կողմը հաղորդել էր առնվազն 20 հայ զինծառայողների գերեվարման մասին։ Արտգործնախարարների ժնևյան բանակցությունների նախաշեմին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր՝ ինչպես են ադրբեջանցի զինծառայողները կամայական մահապատժի ենթարկում հայ գերիներին։
հեռախոսազրույց
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ երեկ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների արտգործնախարարները։ Ըստ հայկական կողմի՝ քննարկել են անցած կիրակի Ժնևում կայացած Միրզոյան-Բայրամով հանդիպման մանրամասները:
«Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերման․․․անհրաժեշտությունը», – հաղորդում է պաշտոնական Երևանը: Ըստ Հայաստանի արտգործնախարարության, ընդգծվել է նաև սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը: «Զրուցակիցները մտքեր են փոխանակել ոչ միայն Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման, այլև Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ»:
Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդում է, որ Բայրամովը հեռախոսազրույցում հաստատել է խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի պատրաստակամությունը, խոսել է սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի հերթական նիստն հոկտեմբերին անցկացնելու առաջարկի մասին՝ «չսահմանազատված սահմանին լարվածությունը վերացնելու և այդ հարցերը հանձնաժողովի շրջանակում կարգավորելու նպատակով»։
Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Բայրամովը նաև հավելել է, թե «հետհակամարտային շրջանում Բաքուն կշարունակի աշխատել Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակչության վերաինտեգրման ուղղությամբ»:
Պաշտոնական Վաշինգտոնը «գնահատանքն է արտահայտել դրական քայլերի կապակցությամբ, որ Հայաստանը և Ադրբեջանը ձեռնարկում են կայուն խաղաղության համաձայնության հասնելու ուղղությամբ», ողջունել է «ռազմագերիների ազատ արձակումը» և արտգործնախարարների հոկտեմբերի 2-ի հանդիպումը։
Սեպտեմբերի 13-ի հարձակման հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմից 207 զոհված և անհետ կորած կա, ադրբեջանական կողմից՝ 80 զոհված, երկու կողմերը հարյուրավոր վիրավորներ ունեն: Սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարված հրադադարը պարբերաբար խախտվում է․ հայկական կողմն արդեն 3 զոհ և մեկ վիրավոր ունի, ադրբեջանականը՝ 4 վիրավոր: