Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարը Հայաստան մուտք և ելք գործելիս ենթարկվել է ֆիզիկական և ռենտգեն զննության՝ որևէ ռիսկային գործոն այդ ընթացքում չի հայտնաբերվել, ներմուծման և տարանցման ողջ գործընթացը իրականացվել է օրենքի համաձայն, բոլոր փաստաթղթերը պահպանված են՝ արձագանքելով Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հաղորդագրությանը, հայտարարել է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն։
Ավելի վաղ ռուսական հատուկ ծառայությունները հայտարարել էին, թե Կերչի կամրջի վրա պայթած մեքենան Ռուսաստան է հասել Օդեսայից՝ Բուլղարիայի, Վրաստանի, Հայաստանի տարածքով։ Պայթուցիկը, ըստ ռուսական ФСБ-ի, քողարկված է եղել շինարարական պոլիէթիլենային թաղանթում, դրա փոխադրման ընթացքում երկու անգամ փաստաթղթեր են փոփոխվել։ Կերչի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը Մոսկվան «ահաբեկչություն» է որակել, հաղորդվել է, որ 8 ձերբակալվածներից մեկը Հայաստանի քաղաքացի է։
Հայկական ՊԵԿ-ը հրապարակել է ներմուծման և տարանցիկ հայտարարագրով ՌԴ տեղափոխման գործընթացի մանրամասն նկարագրությունը։
«Նախ հարկ է նշել, որ 2022 թ-ի սեպտեմբերի 26-ին վրացական Փոթի նավահանգստում բուլղարական «BALTEX CAPITAL S.A.» կազմակերպությունից ուղարկված «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ (ՀՎՀՀ 06962573) անունով բեռի (22 տեղ, 22770 կգ) տենտով պատված բեռնատար տրանսպորտային միջոցի համար լրացվել է տրանսպորտային բեռնագիր (CMR): 2022 թ-ի սեպտեմբերի 27-ին ժամը 14:53-ին տենտով պատված բեռնատար ավտոմեքենան մուտք է գործել Հայաստանի տարածք։ Բեռնատարի վարորդ է հանդիսացել Հայաստանի և Վրաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը», – ասված է հայկական ՊԵԿ-ի հաղորդագրությունում։
Արթուր Թերջանյանը, ըստ ռուսական կողմի տարածած տեղեկության, ՌԴ-ում ձերբակալված Հայաստանի քաղաքացին է։
ՊԵԿ-ի փոխանցմամբ, Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում սահմանված կարգով սեպտեմբերի 27-ին, ժամը 15:00-ին բեռնատարը կշռվել է, այնուհետև անցել ռենտգեն զննում։
«Ռենտգեն զննման արդյունքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել, որից հետո ժամը 16:53-ին բեռը հայտարարագրվել է թիվ 05100033/270922/0049515 տարանցման հայտարարգրով «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ (ՀՎՀՀ 06962573) անունով՝ համաձայն տրանսպորտային բեռնագրի և ներմուծման հաշիվ-ապրանքնագրի տվյալների։ Հետագա ձևակերպումներն իրականացնելու նպատակով ընտրվել է Արարատյան մաքսատուն-վարչություն, «Ալյանս տերմինա» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստ։ Դուրս գալով մաքսային տարածքից «Border Cross» համակարգում ժամը 17:00-ին կատարվել է համապատասխան «ելքագրված» նշումը:
Տրանսպորտային միջոցը «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստ է հասել 5 ժամ 46 րոպե անց՝ ժամը 22:46-ին։ 2022 թ.-ի սեպտեմբերի 28-ին ժամը 9:43-ին «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում 05100033/270922/0049515 տարանցման հայտարարագիրը ստացել է «ավարտված» կարգավիճակ: Այնուհետև, իրականացվել է մաքսային արժեքի ճշգրտում, իսկ 2022 թ.-ի սեպտեմբերի 29-ին ժամը 16:12-ին՝ հայտարարատուի կողմից մաքսային մարմիններին բեռի փաստաթղթերը ներկայացնելուց հետո, «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում կատարվել է բեռի զննում։
Մասնավորապես, առանց ապրանքները բեռնատար տրանսպորտային միջոցից դատարկելու, ստուգվել է պոլիէթիլենային թաղանթի գլանափաթեթներից մեկի թաղանթի շերտայնությունը (ապրանքների ճիշտ դասակարգումը ըստ ԱՏԳ ԱԱ-ի ստուգելու նպատակով)։ ԱՏԳ ԱԱ ոչ ճիշտ դասակարգման հետ կապված խնդիրներ չեն հայտնաբերվել և 16:40-ին մաքսային մարմնի կողմից կատարվել է ապրանքների բացթողում:
Այս փուլից խնդրո առարկա ապրանքները ձեռք են բերել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ և հանձնվել է հայտարարատուի տնօրինության, սակայն բեռնատար տրանսպորտային միջոցը «Ալյանս տերմինալ» ՍՊԸ պահեստը չի լքել։ Առանց պահեստի տարածքը լքելու 2022 թ.-ի սեպտեմբերի 30-ին ժամը 10:24-ին նույն հայտարարատուի կողմից ներկայացվել և գրանցվել է տարանցման հայտարարգիր 05100010/300922/0017152, որով նույն ապրանքը Հայաստանից դեպի ՌԴ տեղափոխման համար «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ կողմից լրացվել է տարանցման հայտարարագիր (ստացող՝ ռուսական «Лидер» ООО)։ Տեղի է ունեցել ամենօրյա պրակտիկայում ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված պարզ գործընթաց», – տեղակացրել են գերատեսչությունից։
Ապրանքները, ըստ ՊԵԿ-ի, դեպի ՌԴ տեղափոխվել են վրացական նույն ավտոմեքենայով, վարորդը նույն անձն է եղել։ Տարանցման հայտարարագիրը ստացել է «դեղին ուղի» միջերեսային արտացոլում, քանի որ ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ընդգրկված է երկակի նշանակության հսկող ապրանքների ցանկում։
«Պոլիէթիլենային շինարարական թաղանթի համար տարանցման հայտարարագրին կից ներկայացվել է ՀՀ ԱԱՊ «ԱՐՄԷՔՍՊԵՐՏԻԶԱ» ՍՊ ընկերության կողմից 30.09.2022 թվականին տրված փորձագիտական եզրակացությունը, որով հավաստվում է, որ տվյալ ապրանքը չի հանդիսանում երկակի նշանակության ապրանք: Հավաստիանալով դրանում՝ տարանցման հայտարարագիրը թույլատրված կարգավիճակը ստացել է 2022 թ.-ի սեպտեմբերի 30-ին ժամը 16:16:
Պետք է նշել, որ «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների գտնվելու ամբողջ ժամանակահատվածում տվյալ ապրանքները տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցը եղել է տեսախցիկի օբյեկտիվի տեսադաշտում: ՀՀ ներմուծման և դեպի ՌԴ տեղափոխման մաքսային գործընթացների մինչև ամբողջական ավարտն այն չի բեռնաթափվել, չի փոխաբեռնվել կամ լրաբեռնվել այլ ապրանքներով:
Տրանսպորտային միջոցը Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է հասել 01.10.2022 թ.-ի մոտավորապես ժամը 00:15-ին։ Ժամը 00:30-ի սահմաններում անցել է ռենտգեն զննում, որի արդյունքներով հաստատվել է այն նույն պատկերը, ինչը ստացվել էր ՀՀ ներմուծման ժամանակ իրականացված ռենտգեն զննման արդյունքում։ Ռենտգեն զննումից հետո՝ ժամը 00:38-ին, Բագրատաշենի մաքսային կետ-բաժնով ստացել է «ելք մաքսային մարմնից» կարգավիճակ:
Տարանցման հայտարարագիրը Վերին Լարս մաքսային կետում «ավարտված» կարգավիճակ ստացել է 05.10.2022 թվականին»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՊԵԿ-ը շեշտել է՝ նշված բեռի մուտքի, մաքսային հսկողության, ռենտգեն զննման, մաքսազերծման, փաստաթղթային ձեւակերպման, արտահանման գործընթացները տեղի են ունեցել պատշաճ և օրինական կերպով, բեռի ֆիզիկական, ՀՀ մուտքի և ՀՀ-ից ելքի ժամանակ իրականացված ռենտգեն զննության ընթացքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել։ Նշված փաստերը հաստատող բոլոր փաստաթղթերը պահպանված են։
Ռուսական կողմը, հիշեցնենք, ավելի վաղ հայտարարել էր, թե Վրաստանից Հայաստան մտած բեռը «սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը երևանյան «Տրանսալյանս» տերմինալում մաքսազերծվել է՝ համաձայն ԵԱՏՄ կանոնների, փաստաթղթերը փոփոխվել են, ուղարկող է դարձել «ԳՈւ ԱՌ ՋԻ Գրուպ» ՍՊԸ-ն (Հայաստան, Ալավերդի), իսկ ստացող՝ «Լիդեր» ՍՊԸ-ն (Ռուսաստան, Մոսկվա)։ Վրաստանում գրանված՝ DAF բեռնատարով բեռը հոկտեմբերի 4-ին հատել է ռուս-վրացական սահմանը՝ Վերին Լարս անցակետով, երկու օր անց՝ հասել Արմավիր»։ Ռուսաստանում փաստաթղթերը երկրորդ անգամ փոփոխվել են, օրեր անց՝ բեռնատարը շարժվել է դեպի Ղրիմի կամուրջ։