Dead Kennedys և the Red Hot Chili Peppers ռոք խմբերի հանրաճանաչ հարվածորդ Դերեն Հենլին (Դ․Հ․ Փելիգրո) մահացել է հոկտեմբերի 28-ին Լոս Անջելեսի իր տանը։ Ըստ ոստիկանության՝ նա ընկել է ու մահացել գլխի վնասվածքից։
63-ամյա երաժիշտի մահվան մասին Ինստագրամում հայտարարել է Dead Kennedys խումբը՝ հղվելով ոստիկանությանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Փելիգրոն 1978 թվականից ի վեր Սան Ֆրանցիսկոյի և Լոս Անջելեսի երաժշտական համայնքների գործունեությունը պահող հիմնական կերպարներից էր: Նա Dead Kennedys բենդի հարվածորդն էր 1981-ից, մինչև լեգենդար փանկ խումբը մասնատվեց 1986-ին, ինչպես նաև 2001-ից, երբ այն վերակազմավորվեց։
1981-ին Փելիգրոն Dead Kennedys-ի հետ ձայնագրել էր առաջին In God We Trust, Inc. ալբոմը, որը սկիզբ դրեց նախագահ Ռոնալդ Ռեյգանին հղվող բենդի բազմաթիվ բողոքներին։ Ալբոմում ներառված է նաև Nazi Punks Fuck Off (Նացիստ փանկե՛ր, սիկտիր եղեք) հիթը։
Փելիգրոն որոշ ժամանակ նվագել է նաև Red Hot Chili Peppers խմբում, և ստեղծել սեփական Peligro բենդը, որտեղ երգում և կիթառ էր նվագում թողարկված երեք ալբոմներում։
Peligro բենդի 2004 թվականին թողարկած «Sum of Our Surroundings» (Մեզ շրջապատողի հանրագումարը) ալբոմը նույն թվականի Ամերիկյան անկախ երաժիշտների մրցանակաբաշխության ժամանակ ստացել է «Տարվա ռոք ալբոմի» կոչումը։
Փելիգրոն փանկ ռոքի սև կուռքերից էր և հաճախ էր խոսում տուրերի ժամանակ ռասիզմի հետ բախվելու իր փորձառություններից, այդ թվում՝ երբ նրան արգելում էին մտնել ակումբներ, որտեղ իր խումբը պետք է ելույթ ունենար։ «Երաժշտությունը տանում էր ինձ տեղեր, ուր ես սովորաբար չէի գնա և ամեն ինչ նորմալ էր, երբ դեռ բեմի վրա էիր, բայց հենց իջնում էիր, մարդիկ խմում էին ու ինչ-ասես ասում քեզ», – պատմել է երաժիշտը LA Weekly պարբերականի հետ զրույցի ժամանակ։