Home / Հայաստան / «Ալիևը նախագահ չէ, նա մաֆիայի պարագլուխ է»․ Յագուբլուին ազատեցին

«Ալիևը նախագահ չէ, նա մաֆիայի պարագլուխ է»․ Յագուբլուին ազատեցին

Ադրբեջանի ընդդիմադիր գործիչ Թոֆիգ Յագուբլուն հերթական պատժաչափը կրելուց հետո ազատ է արձակվել։ Նրան ձերբակալել էին դեկտեմբերի 23-ին՝ ակտիվիստ Բախտիյար Հաջիևին ազատելու պահանջով Բաքվում կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ։ Հաջիևը մնացել է կալանքի տակ։

Դատարանը Յագուբլուին 30-օրյա կալանքի էր դատապարտել։ Հունվարի 5-ից նա հացադուլի մեջ էր։ Հացադուլին միացել էր նաև նրա կինը՝ Մայա Յագուբլուն, և ևս 27 ակտիվիստներ, հիմնականում՝ «Ադրբեջանի ժողովրդական ճանակատ» և «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցություններից։ Հունվարի 12-ին՝ հացադուլի 7-րդ օրը, նրան տեղափոխել էին քաղաքացիական հիվանդանոց։

Պայքարը ծավալվելու է այնքան ժամանակ, մինչև այս ռեժիմը չհեռացվի՝ ազատ արձակվելուց հետո հայտարարել է արդեն որերորդ անգամ կալանավորված ընդդիմադիր գործիչը։

«Ես հացադուլ եմ հայտարարել՝ ի նշան բողոքի։ Ինձ ապօրինի կալանավորել էին․․․ Հացադուլը ծայրահեղ միջոց է։ Բայց այս երկրում ո՛չ դատարան կա, ո՛չ դատախազություն կա, ո՛չ խորհրդարան, ո՛չ նախագահ։ Իլհամ Ալիևը նախագահ չէ, նա մաֆիայի պարագլուխ է։ Լավ, ես ու՞ր պետք է դիմեմ», – Meydan Tv-ին ասել է Յագուբլուն։

Հաջիևը կմնա բանտում

Բաքվի վերաքննիչ դատարանը զուգահեռաբար մերժել է գրավի դիմաց ազատ արձակելու՝ Բախտիյար Հաջիևի միջնորդությունը։

Հաջիևի դատին էին եկել նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները (արևմտյան երկրները ավելի վաղ դատապարտել էին ակտիվիստի ապօրինի կալանավորումն ու կոչ արել Բաքվին ազատ արձակել նրան)։ Դիվանագետներից ոչ մեկին դատարանի դահլիճ չեն թողել։

Հաջիևի առողջական վիճակը վատթարացել է՝ հայտարարել է նրա փաստաբան Ռովշան Ռաղիմլին։ Նրան հետազոտել է նաև ՁՊՎ-ի բժիշկը և եզրակացրել՝ գլխուղեղում և սրտում անդառնալի պրոցեսների վտանգ կա։ Այնուամենայնիվ, դատարանը որոշել է նրան թողնել կալանքի տակ։

Հիշեցնենք՝ ընդդիմադիր գործիչը ձերբակալվել էր 2022 թվականի դեկտեմբերի 9-ին, մեղադրվում է «խուլիգանության» և «դատարանին անարգելու» մեջ։ Ակտիվիստին մինչև 3 տարի ազատազրկում է սպառնում։ 

Մեղադրանքն առնչվում է 2021-ի հոկտեմբերի տեղի ունեցած միջադեպին։ Հաջիևը պնդում է, որ ապրիլի 21-ին իրեն առևանգել են՝ գլխին պարկ հագցնելով։ Նրա խոսքով՝ հանցագործները պահանջում էին, որ նա դադարի քննադատական հրապարակումներ անել երկրի ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովի մասին։ Ընդդիմադիրը պնդում է, որ իր նկատմամբ «մարդկային արժանապատվությունը ստորացնող» գործողություններ են արել, վերցրել իր հեռախոսն ու ջնջել նախարարին քննադատող բոլոր հրապարակումները։

Արդեն հոկտեմբերին դատարանն ուսումնասիրում էր զրպարտությանը վերաբերող հայցը․ կողմերից մեկը Հաջիևն էր, մյուսը՝ լրագրող Ուլվիա Մուրադովան։ Քննությունը պնդում է, թե Գաջիևը դատական նիստի ժամանակ փաստաթղթերով խփել է Մուրադովայի գլխին, պաշտպանությունը հակադարձում է՝ նա թղթերով սեղանին է խփել, այն էլ՝ իրեն հասցեագրված բացահայտ վիրավորանքներից հետո։ Ընդդիմադիր ակտիվիստին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության և դատարանին անարգելու հոդվածներով։ Ինքը՝ Հաջիևը, կարծում է, որ ձերբակալվել է Ադրբեջանի Ներքին գործերի նախարարի պատվերով։

Դատարանը ընդդիմադիր գործչին 1 ամիս 20 օրով կալանավորելու որոշում էր կայացրել։ Դեկտեմբերի 15-ին Հաջիևը հացադուլ էր հայտարարել, դեկտեմբերի 28-ին դադարեցրել էր հացադուլը, իսկ հունվարի 9-ին՝ վերսկսել այն։ Հունվարի 21-ին դատարանը երկարաձգել է նրա կալանքի ժամկետը մինչև փետրվարի 28։

Թե՛ Հաջիևը և թե՛ Յագուբլուն քաղաքական հետապնդման ենթարկվելու երկարամյա փորձ ունեն․ սա նրանց նկատմամբ նախաձեռնված առաջին հետապնդումը չէ։