Home / Առողջապահություն / Արտակարգ իրավիճակի մեջ առաջացած արտակարգ իրավիճակ

Արտակարգ իրավիճակի մեջ առաջացած արտակարգ իրավիճակ

Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերից հետո միջազգային հանրության ուշադրությունը սևեռվել է հիմնականում Թուրքիայի վրա։ Բայց երկրաշարժերից հսկայական վնասներ է կրել նաև հարևան Սիրիան, և եթե հաշվի առնենք երկարատև քաղաքացիական պատերազմից հետո սիրիական տնտեսության վիճակը՝ պարզ է, որ աղետի հետևանքներն այստեղ շատ ավելի ողբերգական են լինելու։ Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին պատմել է ԲիԲիՍի ռուսական ծառայությունը․

Երկրաշարժից ամենաշատը տուժել են Սիրիայի հյուս-արևմտյան շրջանները։ Հյուսիսը վերահսկվում է ապստամբների՝ քրդական և ընդդիմադիր այլ խմբավորումների կողմից․ հենց այստեղ են տեղավորվել պատերազմի շուրջ 3 միլիոն փախստականները, որոնցից շատերն ապրում են վրաններում, հին ավերակներում և ինքնաշեն ապաստարաններում։

Պատերազմը տնտեսական կոլլապսի է հանգեցրել՝ մարդիկ վաղուց մատնված են սովի։ Վառելիքի ճգնաժամը շատերին նաև առանց ջեռուցման է թողել։

Վերջին ամիսներին հազարավոր մարդիկ վարակվել են խոլերայով։ Դեկտեմբերի կեսի դրությամբ, ՄԱԿ-ը Սիրիայում խոլերայով հիվանդացության ավելի քան 60 հազար դեպք է արձանագրել։ Իրական թվերը, հավանաբար, շեշտակի ավել են։ Ոչնչացված հիվանդանոցներում բուժօգնություն ցուցաբերելու համար ո՛չ մարդ կա, ո՛չ էլ միջոց։

Երկուշաբթի օրն այս ամենին գումարվել է նաև ավերիչ երկրաշարժը։

Հիվանդանոցներում պատերազմի թեժ ժամանակները հիշեցնող տեսարաններ են․ հիվանդասենյակները լեփ-լեցուն են, մահճակալները չեն հերիքում, ամեն անկյունում վիրավորներ են պառկած։

«Անընդհատ երկնքին էինք նայում, փնտրում էինք ռազմական ինքնաթիռները, – ԲիԲիՍիին ասում է բժիշկ Օսամա Սալլումը․ – Ուղեղս շշնջում էր, որ նորից պատերազմ է»։

Սալլումը աշխատում է սիրիա-ամերիկյան բժշկական ընկերությունում, որն աջակցում է ընդդիմության կողմից վերահսկվող հյուսիս-արևմտյան շրջանների հիվանդանոցներին։

«Երկրաշարժից մի քանի ժամ հետո ես Ալ-Աթարիբի հիվանդանոցում էի։ Երբ դուրս եկա, այնտեղ արդեն 53 զոհ կար։ Վիրավորներին հաշվել չկարողացա», – ասում է բժիշկը։

Ռեսուրսների սուր դեֆիցիտը թույլ չի տալու հաղթահարել աղետի հետևանքները․ Սալլումի խոսքով՝ փլատակների տակից դուրս բերված մարդիկ մասնագիտական բուժման կարիք ունեն, բայց այստեղ նույնիսկ անհրաժեշտ սարքավորումներ չկան։

Չնայած ինտենսիվ ռազմական գործողությունները մեծամասամբ ավարտվել են, Սիրիայի առողջապահական համակարգը առ այսօր չի վերականգվել։ International Rescue Committee-ի տվյալներով, Սիրիայում այս կամ այն չափով գործում է նախապատերազմական բուժհաստատությունների միայն 45 տոկոսը։

Հումանիտար օգնությունը տեղ չի հասնում

Ապստամբների կողմից վերահսկվող շրջաններ հումանիտար օգնությունը հասնում է Թուրքիայով՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի 2014 թվականի բանաձևի հիման վրա ստեղծված միջսահմանային մեխանիզմով։

Դամասկոսը և Մոսկվան համարում են, որ այն խախտում է Սիրիայի ինքնիշխանությունը։ Ռուսաստանի և Չինաստանի ճնշման ներքո սահմանային անցակետերի քանակը հետզհետե կրճատվել է․ նախկին 4-ի փոխարեն այժմ միայն մեկ անցակետ է գործում։

ՄԱԿ-ի տվյալներով, երկրաշարժից տուժել է նաև այս անցումը։

Հաշվի առնելով Թուրքիայում ավերածությունների մասշտաբները, պարզ չէ՝ ինչպես և երբ են հումանիտար բեռները հասնելու Սիրիայի տուժած շրջաններ։

Պատերազմ

Տասնամյակ տևած հակամարտությունից հետո Սիրիան դեռևս չի վերականգվել։ 2020 թվականին հաջողվել էր հասնել փխրուն զինադադարի, բայց երկրի տնտեսությունը ավերակների մեջ է, միջազգային դոնորներն այլևս չեն օգնում։ Վերականգնման մասին խոսք անգամ չկա։

Պատերազմի հետևանքները՝ զանգվածային ավերածությունները, տնտեսական սուր ճգնաժամը, ինֆլյացիան, թույլ չեն տալու արդյունավետորեն դիմակայել երկրաշարժի կործանարար հետևանքներին։

Փրկարարական ջոկատներն արագ են արձագանքել աղետին, բայց ավերածությունների մասշտաբը չափազանց մեծ է։ Փրկարարական սարքավորումները չեն հերիքում։ Շենքերը, որոնք վերապրել էին առաջին՝ 7,8 մագնիտուդով երկրաշարժը, փլվել են հաջորդող ստորգետնյա ցնցումներից։ Տարիներ շարունակվող օդային հարվածներից և բնակելի թաղամասերի հրետանակոծություններից հետո դա զարմանալի չէ։

Հալեպում, տեղի բնակիչների խոսքով, մարդիկ վախենում են շենքերում մնալ՝ փողոցներում վրաններ են տեղադրում, գիշերում են մեքենաներում։

Երկրի հյուսիս-արևմտյան շրջանները՝ Թուրքիայի հետ սահմանի երկայնքով, վերահսկվում են ապստամբների կողմից․ այստեղ մոտ 4․6 միլիոն մարդ է ապրում։

Տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց տանիքի։ Որոշ տեղերում հոսանք չկա՝ օրական մի ժամով են լույսերը միացնում։ Ջրային պոմպերը չեն աշխատում՝ ոչ ֆերմաներում, ոչ բնակելի տներում։ Խմելու ջրի պակաս կա, պարենի գները շեշտակի աճել են։

Դեֆիցիտ, խոլերա

Սիրիայի ավերված ենթակառուցվածքը վերականգնելու համար առ այսօր ոչ մի լայնածավալ գործողություն չի նախաձեռնվել։ Սիրիական կառավարությունը, գոնե մասամբ, դա պայմանավորում է արևմտյան պատժամիջոցներով։

Համաշխարհային բանկի տվյալներով, 2010-ից 2020-ը ընկած ժամանակահատվածում Սիրիայում ՀՆԱ-ն կրճատվել է ավելի քան 50 տոկոսով։ 2018-ին Սիրիան ներառել են ցածր եկամուտ ունեցող երկրների ցանկում։ Կորոնավիրուսի համավարակն, իր հերթին, նկատելի վնաս է հասցրել և՛ ընդհանուր առմամբ երկրի տնտեսությանը, և՛ մասնավորապես առողջապահության համակարգին։

Չնայած ռազմական հաջողություններին, Բաշար Ասադի կառավարությունը վերջին տարիներին ֆինանսական միջոցների սուր դեֆիցիտ ունի՝ այնքան, որ հարուստ ձեռնարկատերերին ստիպում է ֆինանսավորել պետական ծառայությունները և հատուցել պետծառայողների աշխատավարձերը։

Երկրում վառելիքի սուր պակաս կա։ Ամեն դեպքում, Սիրիայի նավթի և բնական ռեսուրսների նախարարությունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ փրկարարական օպերացիաների կարիքները ապահովելու համար տուժած շրջաններ լրացուցիչ բենզին և դիզելային վառելիք կմատակարարվի։ Ավելի վաղ Դամասկոսը կրճատել էր վառելիքի սուբսիդիաները․ տուժած շրջանները ռեզերվներ չունեն։

Անցյալ տարի վառելիքի դեֆիցիտն ու ջրամատակարարման խափանված ենթակառուցվածքները հանգեցրել էին խոլերայի տարածման։ Մարդիկ ջուր չունեն՝ ոչ լողանալու, ոչ էլ պարզապես խմելու համար։ REACH հումանիտար խմբի հարցման համաձայն, բնակիչները ստիպված են օգտագործել Եփրատ գետի աղտոտված ջուրը, որը մաքրելու հնարավորություն չունեն։ Հարցվածների 82 տոկոսը նշել է, որ իրենց բնակության վայրերում մարդիկ նույնիսկ օճառ գնելու հնարավորություն չունեն։

Ձմռանը սիրիացիները աղբ և ընկույզի կեղև էին այրում, որ տաքանան։ Վառելիք չկա, ջեռուցման համակարգերը չեն գործում։ Նույնիսկ ձմեռային հագուստի պակաս կա․ մարդիկ վաճառում են տաք շորերը, որ սնունդ գնեն։

Արտակարգ իրավիճակ՝ արտակարգ իրավիճակում

Այս ամենին այժմ գումարվել են երկրաշարժի ավերածությունները՝ փլված շենքեր և ենթակառուցվածքներ, գերծանրաբեռնված հիվանդանոցներ, պարենի և ջրի պակաս։

Կան նաև անսպասելի խնդիրներ։ Օրինակ՝ Թուրքիայի հետ սահմանի մոտ գտնվող Ռաջո քաղաքում վնասվել է բանտի շենքը, բանտարկյալները՝ մոտ երկու տասնյակ մարդ, ենթադրաբար՝ «Իսլամական պետության» զինյալներ, դիմել են փախուստի։

Միջազգային փրկարարական կոմիտեի տեղի ներկայացուցիչ Մարկ Կայեն կոչ է արել երկրաշարժից հետո օգնություն ուղարկել Սիրիա։ Արդյոք այդ օգնությունը տեղ կհասնի՝ պարզ չէ։

«Աշխարհի ցանկացած այլ տեղում սա արտակարգ իրավիճակ կլիներ։ Այն, ինչ Սիրիայում է, արտակարգ իրավիճակի մեջ առաջացած արտակարգ իրավիճակ է», – ասել է նա։

Սիրիայի առողջապահության նախարարը հայտարարել է, երկրաշարժի զոհերի թիվը հասել է առնվազն 1 250-ի, վիրավորներինը՝ 2054-ի։ Ենթադրվում է, որ այս թիվը դեռ կավելանա․ հարյուրավոր մարդիկ դեռևս ավերակների տակ են, որոնողական աշխատանքները շարունակվում են։

Առավոտյան տվյալներով, Թուրքիայում զոհերի թիվը կազմել է 7 108, վիրավորներինը՝ 40 910։