Home / Հայաստան / Պատանուն ծեծող ոստիկանը չի պատժվելու (լրացված)

Պատանուն ծեծող ոստիկանը չի պատժվելու (լրացված)

Այսօրվա տարածվող տեսանյութի հերոսը՝ 16-ամյա մատուցողին ծեծող Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանը, չի պատժվելու։ Ըստ Քննչական կոմիտեի, Ղայթմազյանը զղջացել է արարքի համար, ներողություն խնդրել, և դա բավարար է քրեական հենապնդում չսկսելու համար։

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին, բողոքը Դատախազությունից Քննչական կոմիտե է ստացվել մայիսի 10-ին և նույն օրը անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործությունը հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 2006թ․ ծնված երիտասարդը, ով ռեստորանահյուրանոցային համալիրում աշխատում է որպես մատուցող, ճանաչվել է տուժող։ Արտաքին զննությամբ վերջինիս վրա մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։

Նախաքննության ընթացքում  Ա․ Ղ․-ն վարույթ իրականացնող մարմնին դիմում է ներկայացրել, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ա․ Ղ․-ն վարույթի շրջանակում համագործակցել է վարույթ իրականացնող մարմնի հետ, որևէ կերպ չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, որը համարվում է ոչ մեծ ծանրության հանցավոր արարք՝ 2023թ․ մայիսի 29-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթով հսկող դատախազին նրա նկատմամբ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ գործուն զղջալու, այսինքն ոչ ռեաբիլիտացնող հիմքով, քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել է:

լրացում (20:19) — Ոստիկանությունից ավելի ուշ հայտնել են, որ ապրիլի 14-ին դեպքի առթիվ ծառայողական քննություն է նախաձեռնվել, Դիլիջան քաղաքի քրեական հետախուզության բաժանմունքի հիշատակված պետի ծառայողական լիազորությունները մայիսի 5-ին ժամանակավորապես դադարեցվել են։

https://www.youtube.com/watch?v=VVntwAMYWYI

ArmLur.am-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ Ներքին գործերի տախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետը հյուրանոցներից մեկում ծեծի է ենթարկում 16-ամյա անչափահաս տղային:

Ըստ լրատվամիջոցի, ՆԳՆ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետ Արսեն Գայթմազյանը մտնում է Հաղարծին հյուրանոցային համալիր եւ համար պատվիրում, մատուցողն ասում է, որ պատվիրված համարի դիմաց պետք է գումար վճարել, որից հետո սկսվում է քրեականի պետի ու աշխատակցի հետ գումարի շուրջ խոսակցություն, ինչից հետո էլ քրեականի պետը սկսում է հարվածներ հասցնել 16-ամյա մատուցողին: