2019 թ.-ին ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա արձանագրվել է մարդու իրավունքների խախտման 90 դեպք: 2015 թ.-ին արձանագրվել է մարդու իրավունքների խախտման 304 դեպք, 2016թ.-ին` 338 դեպք, 2017թ.-ին՝ 107 դեպք, 2018 թ.-ին՝ 181 դեպք: Այս մասին ասված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ 2019 թվականի ընթացքում արձանագրված ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը ամփոփող Տեղեկանքում։ Իրավապաշտպանական կազմակերպությունը մշտադիտարկել է 15 առցանց լրատվամիջոց, ՀՀ ոստիկանության ու Հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքերը:
Հաշվետու տարվա 90 դեպքերից 49-ը եղել են հանրային միջոցառումների ընթացքում և դրանց հետևանքով, 41-ը՝ անհատական բնույթի:
ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտման անհատական դեպքերի և հավաքների կամ հավաքներին մասնակցելու արդյունքում արձանագրված իրավունքների խախտման դեպքերի համեմատությունը 2015-2019 թթ.-ին
Մշտադիտարկման արդյունքներից երևում է, որ անհատական բնույթի դեպքերը, որպես կանոն, պատշաճ չեն հրապարակայնացվում պատասխանատու մարմինների կողմից, ինչպես նաև համարժեք չեն լուսաբանվում։
Առավել հաճախ խախտվում են անձնական ազատության և անձեռնմխելիության և ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքները, ինչպես և նախորդ մշտադիտարկվող տարիների ընթացքում։
Չնայած հաշվետու տարում իրավախախտման դեպքերը նվազման միտում են արձանագրել, այդուհանդերձ, ոստիկանության գործողությունները արմատական փոփոխության չեն ենթարկվել:
Ոստիկանության աշխատակիցների կողմից շարունակվել են մարդու իրավունքների խախտման դեպքերը՝ ֆիզիկական ուժի կիրառմամբ, ընտրողական, ազատություն սահմանափակող, իրավական որոշակիության սկզբունքին հակասող, անկանխատեսելի։ Ոստիկանությունը նաև անգործություն է դրսևորել մի շարք իրավիճակներում, որոնք պահանջում էին նրանց միջամտությունը։
Մշտադիտարկման արդյունքները թույլ են տալիս փաստելու, որ թե՛ հեղափոխությունից առաջ և թե՛ հեղափոխությունից հետո ոստիկանությունը շարունակում է՝
– կոծկել խոշտանգման դեպքերը և անպատիժ թողնել մեղավորներին
– չապահովել հաշվետու և թափանցիկ գործելակերպի սկզբունքները
– ապօրինի և առանց իրավական հիմնավորման բերման ենթարկել անձանց և հաշվառման մատյանում ճիշտ չգրառել բերման ենթարկելու ժամը
– օգտվել քաղաքացիական հագուստով անձանց ծառայություններից և խախտել անձանց հավաքների ազատության իրավունքները
– կամայականորեն խոչընդոտել հանրային միջոցառումները
– չպահպանել իրավական որոշակիության սկզբունքը, երբ մի դեպքում անձին բերման են ենթարկում սպառնալիք հնչեցնելու համար, բայց ոստիկանության բաժանմունքում հայհոյող անձի գործողությունները չեն կանխվում՝ հետագայում նրա գործողություններին, իբր, իրավական գնահատական տալու հիմնավորմամբ
– հակասական հիմնավորումներ ներկայացնել նույնաբնույթ հրապարակային ակցիաների մասնակիցներին. օրինակ՝ դատարանների մուտքն ու ելքը փակելը որակվում է որպես ինքնաբուխ հավաք, այլ դեպքերում՝ մուտքի մոտ ոստիկանական ուժերի կուտակումը հիմնավորվում ազատ տեղաշարժի ապահովման անհրաժեշտությամբ
– շարունակում է անձանց ցույցից առաջ և հետո բերման ենթարկելը, գիշերով տներ ներխուժելը
– անձանց արժանապատվությունը նվաստացնելը, դա տեսագրելն ու տարածելը
անձանց թիրախավորելն՝ ըստ որևէ հատկանիշի, օրինակ՝ «հաստավիզ» կամ սևազգեստ լինելու
Ըստ այդմ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը եզրակացնում է՝ ոստիկանության վարքագիծն արմատական փոփոխության չի ենթարկվել, այն շարունակում է գործել՝ չպահպանելով իրավական որոշակիության և իրավական կանխատեսելիության սկզբունքները։