Կառավարությունը որոշել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնել, ճանաչել փախստական և ընձեռել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու հնարավարություն։
Ովքե՞ր են փախստական
Ովքեր են փախստական ճանաչվելու՝ սեպտեմբերի 19-ի պատերազմից հետո էթնիկ զտման ենթարկված, բռնի տեղահանված արցախցիները միա՞յն, թե՞ նաև նրանք, ովքեր ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը 44-օրյա պատերազմի ընթացքում, Քելբաջարի և Լաչինի շրջանների հանձնումից հետո, բլոկադայի ժամանակ։
Կառավարության որոշումն ավելի լայն ընդգրկում ունի՝ Epress.am-ի հարցին ի պատասխան ասել է Միգրացիոն ծառայության խոսնակ Նելլի Դավթյանը։ Խոսքը ավելի քան 150 հազար մարդկանց մասին է։
Ժամանակավոր պաշտպանության տակ են առնվելու Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում գրանցված բոլոր մարդիկ՝ և նրանք, ովքեր տեղահանվել են վերջին ռազմական գործողություններից հետո, և նրանք, ովքեր ավելի վաղ են ստիպված եղել լքել իրենց Արցախը։
Որպեսզի ոչ ոք բացառված չլինի, կառավարությունը ևս երկու կետ է ավելացրել՝ ընդգրկվել են նաև այն արցախցիները, որոնք այս կամ այն պատճառով ներառված չեն եղել բնակչության պետռեգիստրում՝ Հայաստանում կամ Հայաստանից դուրս գտնվող անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղը, և այն անձանց, որոնք Ղարաբաղում հաշվառում չեն ունեցել, բայց փաստացի ապրել են այնտեղ և տեղահանվել են Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով։
Անհատապես ապաստան հայցել պետք չէ, բայց․․․
Որոշման ընդունումից հետո ի՞նչ պետք է անեն տեղահանված մարդիկ՝ պե՞տք է փախստականի ինչ-որ թուղթ, վկայական ստանա՞ն, թե՞ իրենց ԼՂ անձնագրերը ինքնին համարվելու են փախստականի վկայական։
«Մենք օգտվել ենք մեր օրենսդրության ընձեռած հնարավորություններից, խոսքը ապաստանի և փախստականների մասին օրենքի 61 հոդվածի մասին է, որը ժամանակավոր պաշտպանության մասին է։ Սա դեկլարատիվ բնույթի գործընթաց է, այսինքն՝ այս կարգավորման կիրառումով մենք հնարավորթյուն ենք տալիս արցախցիներին անհատապես չմոտենալ, անհատապես ապաստանի հայց չներկայացնել։
Կառավարության որոշումը ինքնին այն մասին է, որ նշված խմբերը որոշման հրապարակումից անմիջապես հետո համարվում են ժամանակավոր պաշտպանության ներքո, ինչը նշանակում է՝ փախստականի կարգավիճակ ունեն։ Խոշոր հաշվով սա նույն երևույթն է», – պատասխանել է Դավթյանը։
Այնուամենայնիվ, որպես ժամանակավոր պաշտպանության տեղեկանք որոշակի ձևանմուշի վկայական է դրվել կառավարության որոշման մեջ։ Առաջիկայում՝ մոտ երկու շաբաթների ընթացքում, կսկսեն դրա տրամադրումը․ «Հատուկ գործողությունների կարիք դրա համար չկա՝ Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալիս, հաշվառման հասցե փոխելիս, առաջին հարմար առիթին, երբ արցախցին կմոտենա անձնագրային ծառայություն որևէ գործարք կատարելու, մենք միանգամից դա էլ կտպենք ու կտրամադրենք տեղահանված անձին»։
Սա, ըստ նրա, Կառավարության որոշման հիմքում դրված ընդհանուր մոտեցումն է․ «Որոշումից դուրս մնացած որոշակի հարցեր դեռ չունեն կարգավորումներ։ Մենք հանրային իրազեկումը կսկսենք այս շաբաթվանից, երբ բոլոր կարգերը հաստատված լինեն»։
ԼՂ բնակիչները ՀՀ քաղաքացի չէին
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդիկ առաջիկայում արագացված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու հնարավորություն կունենան, տարբեր մեկնաբանություններ էին շրջանառվում։
Միգրացիոն ծառայության խոսնակը պարզաբանել է՝ կապույտ անձնագրերը անցած տասնամյակների ընթացքում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը տրվել են որպես ճամփորդական փաստաթուղթ, որով իրենք հնարավորություն ունեին և ունեն հատել Հայաստանի Հանրապետության սահմանները և որևէ խնդիր չունենան Հայաստանի սահմաններից դուրս։
«Այդ փաստաթուղթը, ամեն դեպքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին չէ։ Դա միշտ էլ այդպես է եղել։ Կարող եք նայել 2017 թվականի՝ Չիրագովն ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ-ի որոշումը, որտեղ հստակ նշված է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը։ Թեև դա դիրքորոշման հարց չէ՝ փաստաթղթային հղումներ կան, որ այդ անձնագիրը տրվում է Լեռնային Ղարաբաղի բնակչին որպես ճամփորդական փաստաթուղթ և չի վկայում Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու մասին։ Այս կարգավորումը՝ ինչպես եղել է նախորդ տասնամյակների ընթացքում, այնպես էլ շարունակում է մնալ ուժի մեջ»։
Հարցին՝ արդյո՞ք ԼՂ-ում թողարկված անձնագրերով մարդիկ կարող են լքել Հայաստանի տարածքը, Դավթյանը պատասխանել է․ «Իհարկե, եթե վավերականության ժամկետի խնդիր չկա՝ այդ անձնագրով կարելի է ճամփորդել նաև հիմա։ Բայց Կառավարության որոշման մեջ նշված է, որ 3 ամիս անց պարտադիր է լինելու երկու փաստաթղթով ճամփորդություն, այսինքն՝ սահմանը հատել հնարավոր կլինի միայն եթե արցախցին ունենա նաև այդ տեղեկանքը ժամանակավոր պաշտպանության վերաբերյալ։ Կարծում եմ՝ երեք ամիսը բավարար է այդ տեղեկանքը ձեռք բերելու համար։ Ընդամենը պետք է մոտենալ որևէ անձնագրային ծառայություն»։
թոշակներ դեռ չեն լինի
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ահազանգում են՝ մինչև հիմա ո՛չ թոշակ են ստացել, ո՛չ նպաստ։ Հոկտեմբերի 19-ին հրապարակված հրամանագրով Լեռնային Ղարաբաղի պետաշխատողները, բացառությամբ ամենաբարձրաստիճան պաշտոնյաների, հետին թվով ազատվել են աշխատանքից։ Աշխատավարձ չեն ստացել նաև պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողները։ Նրանց և գործազուրկ դարձած հազարավոր քաղաքացիների ապագան դեռ անորոշ է։
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների թոշակները, նպաստները ե՞րբ են վերականգնվելու, ի՞նչ պետք է անեն մարդիկ, որ թոշակ ու նպաստ կարողանան ստանալ։
«Որևէ գործողություն անել այս պահին պետք չէ, որովհետև կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացի վերաբերյալ առ այժմ քննարկումներ են ընթանում», – Epress.am-ի հարցին ի պատասխան նշել է Սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարության խոսնակ Զառա Մամուչարյանը։
Թոշակներ և նպաստներ, այսինքն, դեռևս ոչ ոք չի ստանալու։
աջակցությունը նոր տեղահանվածների համար է
Ստեղծված իրավիճակը մեղմելու կամ ինչ-որ կերպ լուծելու համար Հայաստանի կառավարությունը տեղահանված ղարաբաղցիների համար աջակցության երեք ծրագիր է հաստատել՝ 100 հազար դրամ միանվագ աջակցություն (տրամադրվում բոլորին՝ անկախ տարիքից), 50+10 հազար դրամ ամենամսյա աջակցություն՝ բնակարանային ծախսերը հոգալու համար (շահառու են բոլոր բռնի տեղահանվածները՝ անկախ տարիքից, բացառությամբ բնակարան ունեցող ընտանիքների և խնամքի կենտրոններում ապրող մարդկանց) և 50 հազար դրամ ամենամսյա աջակցություն սպառողական ծախսերի համար (կտրամադրվի բոլորին, բացի նրանցից, ովքեր իրենց բանկային հաշվին որոշակի շեմը գերազանցող մնացորդ ունեն):
Սոցիալական աջակցության այս ծրագրերը տրվում են միայն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղահանված և Հայաստան եկած մարդկա՞նց, թե՞ նաև նրանց, ովքեր Հայաստան են տեղափոխվել 44-օրյա պատերազմից հետո՝ շուշեցիներին, հադրութցիներին․․․
«Աջակցության ծրագրերն ուղղված են վերջին իրադարձություններով պայմանավորված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հրատապ կարիքների արձագանքմանը։ Մինչև անցյալ շաբաթ աջակցության ծրագրերի շահառուները սեպտեմբերի 24-ից հետո բռնի տեղահանված մեր հայրենակիցներն էին, հոկտեմբերի 26-ի կառավարության նիստին նոր որոշում ընդունվեց, որով շահառուների շրջանակը ընդլայնվեց», – նշել է նախարարության խոսնակը։
Այսուհետ աջակցության ծրագրերից կկարողանան օգտվել նաև բլոկադայի ընթացքում՝ 2022-ի դեկտեմբերի 12-ից մինչև 2023-ի սեպտեմբերի 19-ը Հայաստան եկած մարդիկ և ուսանողները, որոնք բլոկադայի ժամանակ մնացել են այստեղ։
Ըստ Զառա Մանուչարյանի, բլոկադայի ժամանակ եկած մարդկանց երեք խմբի վրա է այս կարգավորումը տարածվում՝ նրանց, ովքեր Կարմիր կաչի միջնորդությամբ տեղափոխվել են Հայաստան բուժման․ այստեղ պարտադիր պայման է, որ «տվյալ քաղաքացիները ԼՂ ԲԿ-ների կողմից տրված համապատասխան ուղեգիր ունեն, և հաստատվի, որ նրանք Հայաստանում բուժում եմ ստացել 2022-ի դեկտեմբերի մեկից մինչև 23-ի սեպտեմբերի 19-ը ընկած որևէ ժամանակահատվածում; նրանց, ովքեր սովորել է ԼՂ բարձրագույն, միջին մասնագիտական կամ հանրակրթական հաստատություններում և ուսումնավարժական կամ այլ միջոցառումների նպատակով ՀՀ-ում են գտնվել 2022-ի դեկտեմբերի 12-ի դրությամբ և նրանց, ովքեր ուսումնառության նպատակով գտնվել են ՀՀ-ում 2022-ի դեկտեմբերի 12-ից հետո։
Կառավարության վերջին փոփոխություններով այս խմբերը ևս կկարողանան օգտվել սոցաջակցություններից։ Այս ծրագրեը նախքան բլոկադան Հայաստան տեղափոխված, 2020-ի պատերազմից հետո տեղահանված մարդկանց վրա չեն տարածվում։ Ըստ սոցապ նախարարության, վերջիններիս համար ժամանակին 20-ից ավել ծրագրեր են իրականացվել։
բնակարանների սերտիֆիկատներ չկան
«Այն, ինչ էսօր է արվում, սեպտեմբերից հետո ստեղծված իրավիճակին հրատապ արձագանքելու նպատակ ունի»։
Հարցին՝ 44-օրյա պատերազմից հետո տեղահանված որոշ մարդկանց բնակարանի գնման սերտիֆիկատ էր տրվել, որոշներին՝ ոչ, արդյո՞ք այդ գործընթացը շարունակվում է, արդյոք բնակապահովման ծրագիր է լինելու նաև սեպտեմբերից հետո Լեռնային Ղարաբաղից տեղահանված տասնյակ հազարավոր արցախցիների համար, նախարարությունից պատասխանել են՝ մոտ 3700 ընտանիքի արդեն տրամադրվել է բնակարանի վկայական (շուրջ 1700 արդեն հիփոթեք է ձևակերպել), ընդհանուր հաստատված ծրագիրը տարածվելու է մոտ 4 հազար ընտանիքի վրա։ Նոր տեղահանվածների վերաբերյալ նման ծրագիր դեռ չկա, երբ կլինի՝ պարզ չէ։