«Կրոկուս Սիթի Հոլ» մերձմոսկովյան համերգասրահում ահաբեկչությունից* հետո Ռուսաստանում ուժգնացել են հարձակումները միգրանտների և ազգային հանրապետությունների ներկայացուցիչների՝ «ոչ սլավոնական արտաքինով» ռուսաստանցիների վրա։ Մարդիկ ահազանգում են ոստիկանական ճնշումների և այլատյացության «հասարակական» դրսևորումների մասին՝ ռեյդեր հանրակացարաններում, ծեծ, վիրավորանքներ։ Հարձակումները ներկայացվում են որպես «վրեժխնդրություն» Կրոկուսի համար։
Հակամիգրանտական հայտարարություններից մինչև նեոնացի դեռահասներ․ ծեծ, դանակահարություն, ծաղր
«Մի խումբ նացի-սքինհեդներ հարձակվել են առաքիչի վրա, դեմքին գազ են փչել, խլել են ուսապարկը։ Առաքիչը փորձել է փախչել, բայց սայթաքել է և ընկել ձյան թմբի վրա։ Դեմքը փակել է ձեռքերով։ Հարձակվողները հասել են նրա հետևից, սկսել են ծեծել ոտքերով և տելեսկոպիկ մահակով։ Նրանցից մեկը առաքիչի ձեռքից խլել է նրա հեռախոսը, փորձել է ջարդել, շպրտել է գետնին, բայց ասֆալտին չի հասել՝ հեռախոսն ընկել է ձյան մեջ։ Այնուհետև հարձակվողները փախուստի են դիմել», – այսպես է Nazi Video Monitoring Project (NVMP) նկարագրել համացանցում հայտնված տեսանյութերից մեկը։ Սա եզակի դեպք չէ։
Իրավապաշտպանները, որոնք մշտադիտարկում են ուլտրաաջական փողոցային հարձակումների տեսանյութերը, գրում են, որ վերջին մի քանի օրերի ընթացքում վիդեոներ են հայտնվել, որոնցում առնվազն 4 հոգու դեմքին արցունքաբեր գազ են փչում, 5-ին նաև ծեծում են։ Տեսանյութերի հեղինակները գրում են, որ դա «վրեժ է Կրոկուսի համար»։ Թե կոնկրետ երբ են եղել այս հարձակումները՝ հայտնի չէ։
Մարտի 27-ից հետո NVMP-ն զեկուցել է ծեծի և նվաստացումների ևս 6 տեսանկարահանված դեպքերի մասին։
սրքինշոթ առաքիչի վրա հարձակման տեսանյութից, 25.03.2024, աղբյուրը՝ NVMP
Նեոնացիները հարձակվում են խմբերով, զոհերը հիմնականում առաքիչներ են, հավաքարարներ, խանութպաններ կամ պատահական անցորդներ։ Որոշ տեսանյութերում անհայտ անձինք վնասում են չեչենական, դաղստանական կամ ուզբեկական համարանիշներով մեքենաների անվադողերը։
«Սովա» կենտրոնի ներկայացուցիչ Վերա Ալպերովիչը «Մեդիազոնայի» հետ զրույցում նշում է՝ նման տեսանյութերը հաճախ հրապարակվում են դեպքից մի քանի շաբաթ հետո․ «Նեոնացիստական հարթակները նույնիսկ լավագույն ռասիստական տեսանյութի «մրցույթներ» են անցկացնում։ Հաճախ տեսանյութերը «պահվում են» նման դեպքերի համար»։ Ալպերովիչը չի բացառում, որ այս հարձակումները կարող էին ահաբեկչությունից առաջ լինել։
Ոչ բոլոր նման միջադեպերի մասին է հայտի դառնում։ Միշտ չի, որ հարձակումները տեսանկարահանվում են կամ հրապարակվում։ Զոհերն էլ մեծամասամբ խուսափում են հանրայնացումից։
հարձակում պատահական անցորդի վրա, տեսանյութը՝ 25.03.2024, աղբյուրը՝ NVMP
Մարտի 24-ին, օրինակ, մի քանի դեռահասներ մոսկովյան մետրոյում շրջապատել էին Յակուտիայից եկած մի կնոջ, սկսել հակամիգրանտական կարգախոսներ վանկարկել և «զիգ հայլ» անել։ Տուժողի քույրը՝ Վասիլինա Լուկինան, ինստագրամում պատմել է, որ երիտասարդ տղամարդիկ նրան մետաղական մահակով են սպառնացել։ Լուկինայի խոսքով, նրանցից երկուսը ձերբակալվել են։ Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։
Նույն օրը Բլագովեշենսկում միրգ-բանջարեղենի տաղավար են հրկիզել։ Քաղաքի ղեկավարի խոսքերով, հարձակումը «ազգային հողի վրա է» եղել։ «Դուք լավ հասկանում եք, որ «Կրոկուս Սիթի Հոլում» սպանդանոց կազմակերպած բանդերական տականքների նպատակներից մեկը Ռուսաստանում ազգամիջյան թշնամանք տարածելն էր։ Խնդրում եմ խոհեմ գտնվել», – գրել է պաշտոնյան:
Ռուսաստանի ղեկավարությունը «բանդերական» է անվանում ուրաինացիներին։ Թեև Կրոկուսի ահաբեկչության համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետության» Վիլայեթ Խորասան աֆղանական մասնաճյուղը (ահաբեկչական խմբավորումը տեսանյութեր է հրապարակել, որոնք ապացուցում են՝ կատարողները կապված էին հենց իրենց հետ), Կրեմլը փորձում է տեղի ունեցածը կապել Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ։
Արդեն մարտի 25-ին դանակով զինված տղամարդը ներխուժել է մերձմոսկովյան Ֆրազինոյում գտնվող ինտերնետ-ակումբ և վիրավորել երկու օտարերկրացիների։ Նրան կալանավորել են։ Astra-ն՝ հղվելով ակումբի աշխատակիցներին, գրել է, որ զինված տղամարդը ռասիստական վիրավորանքներ էր վանկարկում։
Հարձակում Ֆարզինոյի ինտերնետ-ակումբում, երկու հոգու դանակահարել են, 25․03․2024
Վերա Ալպերովիչի խոսքով, հետազոտողները փողոցային հարձակումների աճ են ֆիսքում սկսած 2021 թվականից։ Պետական հակամիգրանտական հռետորաբանությունը վերջին երկու-երեք տարիների ընթացքում սրվել է։ Նեոնացիների նոր սերնդի հայտնությունը հենց դրանով են պայմանավորում․ «Թինէյջերներ են, երբեմն՝ շատ երիտասարդ, 13-14 տարեկան երեխաներ»։
2014-2019 թվականներին միգրատների թեման հասարակական ոլորտում համարյա թե տաբուացված էր, և «ուլտրաաջական դաշտը ավելի շուտ մեռած էր, քան թե ողջ»։Ընդ որում, ըստ փորձագետի, ուժայինները բավականին արագ քննում են նման հացագործությունները, եթե դրանք հայտնվում են ԶԼՄ-ներում և ակտիվորեն լուսաբանվում։ Մնացած բոլոր դեպքերում իրավական հետագիծը տեսանելի չէ։
«Անցած տարի մեզ հայտնի դեպքերը 123-ն են եղել, այս տարի՝ 49։ Մանր բռնությունները չենք հաշվել։ Օրինակ՝ մարդիկ, որոնց վրա գազ են փչել, այս վիճակագրությունում չկան։ Խոսքը միայն այն դեպքերի մասին է, երբ ծեծել են կամ կրակել», – ասել է փորձագետը։ Վիճակագրությունում ներառված են և՛ վիրավորները, և՛ սպանվածները։
«Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության ազդեցությունը, դրա մասշտաբները դեռ դժվար գնահատելի են․ «Իրավիճակը հնարավոր կլինի ֆիքսել նվազագույնը երկու-երեք շաբաթից»։
Կենցաղային քսենոֆոբիա, աշխատանքային չարաշահումներ, կասկածանքներ
Թեև Ռուսաստանի նախագահը «Կրոկուսի» ահաբեկչությունը կապել է Կիևի հետ, նույնիսկ նրա շրջապատում, ըստ Bloomberg-ի կրեմլամերձ աղբյուրների, գրեթե ոչ ոք չի հավատում այս վարկածին։
Սովորական ռուսաստանցիներն էլ, դատելով արձագանքներից, ավելի կասկածամիտ են դարձել ոչ թե ուկրաինացիների, այլ «ոչ սլավոնական» արտաքինով մարդկանց՝ կովկասցիների, Կենտրոնական Ասիայից եկած միգրանտների նկատմամբ։
«Նրանց ցույց են տալիս ոչ սլավոնական արտաքինով մարդկանց։ Այս ահաբեկչության հետևում ով ասես կարող էր կանգնած լինել, բայց հարվածի տակ են հայտնվում նրանք, ովքեր ավելի մոտ են», – բացատրում է Ալպերովիչը։
Սա նոր բան չէ Ռուսաստանում․ 90-ականների վերջն ու 00-ականները մինչև հիմա հիշվում են ռասիստական շարժումներով, որոնք սնուցվում էին կովկասցիների դեմ պետական քարոզչությամբ։
«Սովայի» մասնագետները քսենոֆոբիայի աճ են կանխատեսում նաև հիմա։ Այն կարող է արտահայտնվել երկու ձևով՝ կենցաղային ագրեսիա («ինչ-որ մեկը ինչ-որ մեկի վրա գոռում է ավտոբուսում, հրում, խփում, հրաժարվում սպասարկել») և աջակցություն հակամիգրանտական քաղաքական նախաձեռնություններին։
Indigenous of Russia կազմակերպության համահիմնադիր Վիկտորիա Մալադաևան նշում է՝ կենցաղային քսենոֆոբիայի եռակի աճ կա․ «Մեղավոր են հանել բնակչության ամենաչպաշտպանված խմբին՝ միգրանտներին։ Բայց քանի որ մեզ մոտ հարձակվում և ձերբակալում են ոչ թե անձնագրի, այլ արտաքինի համար՝ տուժում են նաև բնիկ ժողովուրդների և էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչնեը, այսինքն՝ հենց ռուսաստանցիները»։
Մալադաևան բազմաթիվ նամակներ է ստացել ամենատարբեր ազգության մարդկանցից։ Նրանք ասում են, որ վախենում են տնից դուրս գալ, զրկվում են աշխատանքից, տեղաշարժվում են միայն տաքսիով։
«Մեդիազոնայի» տվյալներով, մերձմոսկովյան Լյուբերեցի բազմաբնակարան շենքի ընդհանուր չատում, օրինակ, լիազորը խնդրում էր բնակիչներին «ոստիկանական մարմինների կողմից անձնագրային և վիզային ռեժիմի ստուգման շրջանակներում» պատմել բնակարանների մասին, որտեղ միգրանտներ են ապրում։
«Տակիյե դելա» պարբերականի հետ զրույցում Տաջիկստանից եկած մարդիկ պատմում էին, որ հասարակական վայրերում իրենց արդեն թարս են նայում։ Երբեմն ուղևորները չեղարկում են պատվերը, երբ իմանում են տաքսու վարորդի ազգության մասին։ Պարբերականի զրուցակիցներից մեկի եղբորը գործից հեռացրել են ահաբեկչության հաջորդ օրը։ Նա մտածում է սափրել մորուքը, ասում է՝ անձնագիր ստուգելու համար ոստիկանները արդեն շատ հաճախ են կանգնեցնում։
Ոստիկանական ռեյդեր
Ոստիկանությունը ահաբեկչությանն արձագանքել է ռեյդերով՝ ներխուժում են հոսթելներ, հանրակացարաններ, շինհրապարակներ և պահեստներ։
Մարտի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ռեյդեր են եղել Մոսկվայում, Մոսկվայի մարզում, Վոլգոգրադում, Տուլայում, բռնակցված Սևաստոպոլում, նաև Սարատովում, Կալինինգրադում, Եկատերինբուրգում, Նիժնեվարտովսկում, Նեֆտեյուգանսկում։ Հիմնականում ոստիկանները արձանագրություններ են կազմել միգրացիոն օրենսդրության խախտումների համար, որոշ դեպքերում՝ հարկադրել են միգրանտներին լքել Ռուսաստանը։
Միգրանտների գործերով զբաղվող փաստաբան Վալենտինա Չուպիկը պատմել է, որ ահաբեկչությունից երկու օր առաջ երկուսուկես հազար բողոք է ստացել, առնվազն կեսը կապված էին ձերբակալությունների հետ։ Մոտ 30 հոգի ահազանգել է «պահման տանջալի պայմանների» մասին՝ ցրտի մեջ են պահել, զրկել են ջրից և սննդից, թույլ չեն տվել օգտվել զուգարանից։
Երեկ հայտնի է դարձել, որ ոստիկանական բաժանմունքում, ենթադրաբար՝ մարտի 22-ից 23-ին գիշերը, տանջամահ են արել 30-ամյա չեչեն տղամարդուն՝ Ասխաբ Ուսպանովին։
Ղրղզստանի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել իր քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Ռուսաստան այցելելուց, Ուզբեկստանի արտաքին աշխատանքային միգրացիայի գործակալությունը խնդրել է հասարակական վայրեր չգնալ։
Մարտի 25-ին ռուսական Պետդումայի պատգամավոր Սերգեյ Միրոնովը առաջարկել է չեղարկել առանց վիզայի ռեժիմը Կենտրոնական Ասիայի երկրների հետ և հայտարարել, թե «բաց սահմաններից օգտվում են մեր թշնամիները»։
Հաջորդ օրը՝ Ռուսաստանի Գլխավոր դատախազության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ, գերատեսչության ղեկավար Իգոր Կրասնովը խոսքի մեջ ասել է, թե միգրանտների կողմից կատարված հանցագործությունների քանակը 2023 թվականին աճել է 75 տոկոսով։ Վլադիմիր Պուտինը հրահանգել է դատախազությանը միգրացիոն ոլորտում «հավելյալ կանխարգելիչ, պրոֆիլակտիկ» միջոցների համակարգ «մտածել»։
Ռուսական ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կիրիլը մարտի 27-ի վեհաժողովի ժամանակ հավաստիացրել է, թե «բնության մեջ ռուսական ազգայնականություն գոյություն չունի» և հավելել՝ իրական խնդիրը «միգրանտների մի մասի չկամությունն է՝ հարգել այն երկրի մշակույթը, ուր նրանք եկել են աշխատելու»։
Հարձակումների և ճնշումների ամբողջական պատկերը հայտնի չէ․ միգրանտները և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հիմնականում խուսափում են ոչ միայն ոստիկանությանը, այլև իրավապաշտպան կազմակերպություններին և ԶԼՄ-ներին դիմելուց։
* Մարտի 22-ին մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահ են ներխուժել ավտոմատներով զինված 4 տղամարդիկ։ Գնդկահարելով ֆոյեյում հավաքվածներին, նրանք շարժվել են դեպի դահլիճ, որտեղ հարյուրավոր մարդիկ սպասում էին ուշ խորհրդային «Պիկնիկ» ռոք խմբի համերգի մեկնարկին։ Կրակահերթերից հետո ահաբեկիչները հրկիզել են համերգասրահն ու հեռացել։ 143 մարդ զոհվել է, ավելի քան 550-ը՝ վիրավորվել։ Կան անհետ կորածներ։ Կատարողները և, ինչպես պնդում է քննությունը, «օժանդակողները» ձերբակալված են։ Մեծ մասը Տաջիկստանի քաղաքացիներ են, կա նաև Ղրղզստանի և Ռուսաստանի քաղաքացի։
Ահաբեկչության կատարման մեջ մեղադրվող 4 տղամարդկանց դատարան են հասցրել դաժան խոշտանգումների հետքերով։ Նրանցից մեկն ինքնուրույն տեղաշարժվել չէր կարողանում (դատական դահլիճ են մտցրել կիսագիտակից վիճակում՝ սայլակով), մյուսի վզին պոլիէթիլենային տոպրակ էր կապած, երրորդի ականջն էր կտրված։ Բոլորի դեմքերը ծեծված էին՝ կապտուկներով և արյունազեղումներով։ Նախքան դատական նիստը ոստիկանության հետ փոխկապակցված տելեգրամյան ալիքները տեսանյութեր էին հրապարակել, որոնցում խոշտանգումներից մի քանի դրվագ էր երևում։ Տեսանյութերից մեկում մեղադրյալի ամորձիներին էլեկտրական լարեր էին միացված, մյուսում ոստիկանները, տեսախցիկի առաջ, կտրում էին ձերբակալվածի ականջը և մտցնում բերանը՝ սպառնալով, որ նույնը կանեն նաև սեռական օրգանի հետ։