2017-2021թթ. Մ. Մաշտոցի անվան Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանի գիտական, գիտատեխնիկական բաժինների աշխատակիցներից եւ ասպիրանտուրայի ուսանողներից կազմված ազգային հետազոտական թիմը (8 մասնակից) մասնակցել է «Հորիզոն-2020» հետազոտությունների եւ նորարարությունների ԵՄ շրջանակային ծրագրի (2014-2020) Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողությունների ենթածրագրի (MSCA) Հետազոտություն եւ նորարարություն. անձնակազմերի փոխանակում (RISE) դրամաշնորհի «Գիտելիքի փոխանակումը եւ հումանիտար ակադեմիական մշակույթները. Եվրոպա եւ Սեւծովյան տարածաշրջան, 18-րդ դարի վերջ-21-րդ դար» ( (“KEAC-BSR-Knowledge Exchange and Academic Cultures in the Humanities. Europe and the Black Sea Region”), Proposal No. 734645) նախագծին։ Մասնակիցները կազմել եւ իրագործել են նախագծի բազմաշերտ ծրագրի Հայաստանին վերաբերող տեսական եւ գործնական մասը, այն է՝ հայտի նախապատրաստում, գիտական գործուղումներ դեպի ԵՄ ասոցացված գիտական հաստատություններ եւ փորձի փոխանակում, գիտաժողովների, աշխատաժողովների մասնակցություն, հոդվածների, ուսումնասիրությունների հրատարակություն, թվային շտեմարանների նյութերի համալրում եւ այլն։ Փորձի փոխանակման շրջանակում ընդունել են եւ նպաստել ԵՄ ասոցացված ինը գիտահետազոտական ինստիտուտից մի քանի տասնյակ կրտսեր եւ ավագ հետազոտողների հայաստանյան գիտական միջավայրին ինտեգրմանը։
Դրամաշնորհի հայտում ԵՄ չասոցացված երկրի կարգավիճակով ընդգրկվելը զգալիորեն խոչընդոտել է մեր աշխատանքը, մասնավորապես՝ բյուրոկրատական բնույթի բարդությունների բերումով չենք կարողացել լիարժեք գործածել մեզ հասանելիք դրամական միջոցները նախագծի կատարման բուն ժամկետում։ Նախագծի համակարգող ինստիտուտի որոշմամբ՝ դրամական միջոցները չասոցացված երկրներ պետք է ուղարկվեին ծրագրի ավարտին՝ վերջնահաշվարկից հետո։ 2021-2022թթ. Մատենադարանի տնօրենության հետ բանակցություններում ներկայացվել են բյուջեի փոխանցման հիմքերը եւ պայմանները՝ ինստիտուտին խոստանալով փոխանցվելիք բյուջեի` 86,781,40 եվրոյի 10%-ը։
Ցավոք, խախտելով թե՛ մեր բանավոր պայմանավորվածությունները, թե՛ Դրամաշնորհի եւ Կոնսորցիում պայմանագրերի դրույթները՝ Մատենադարանի տնօրենությունը վերը նշված 10%-ի փոխարեն որոշել է սեփական հայեցողությամբ տնօրինել փոխանցված գումարն ամբողջությամբ։ Փոխանցման մասին տեղեկացել ենք ոչ թե Մատենադարանից, այլ համակարգող ինստիտուտից 2024թ. փետրվարին։ Մեր հարցմանը ի պատասխան՝ Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանը հայտնել է, որ գումարը ծախսել է Մատենադարանի կանոնադրական նպատակների համար՝ մասնավորապես պարգեւավճար է բաժանել Մատենադարանի աշխատողներին։ Հանդես գալով անհիմն մեկնաբանություններով, իսկ ավելի ուշ՝ մեջտեղ բերելով Գրացի համալսարանից մի էլ.նամակ, որ ոչ միայն չունի իրավական հիմք, այլեւ կարող է օգնել բացահայտելու կատարված առերեւույթ չարաշահումների նոր հանգամանքներ՝ տնօրենը հրաժարվել է կատարել իր պարտավորությունները թե՛ նախագծի մասնակիցների, թե՛ «Հորիզոն-2020» հետազոտությունների եւ նորարարությունների ԵՄ շրջանակային ծրագրի նկատմամբ։
Որոշ հանգամանքների բերումով Հայաստանի հումանիտար գիտությունների ոլորտում, եթե կան, ապա սուղ են միջազգային համագործակցության դեպքերը։ Ավելին՝ գիտական նոր չափորոշիչներով՝ ԵՄ «Հորիզոն-2020» ծրագրին ինստիտուտի մասնակցությունը առանձնակի կարեւորված է՝ տալով կազմակերպությանը աստիճանակարգային զգալի առավելություն։ Ծրագրի միջոցների ոչ նպատակային օգտագործման այս տխուր նախադեպը ոչ միայն կոպտորեն խախտում է մասնակիցների իրավունքները եւ զրկում նրանց վաստակից, այլեւ կարող է լրջորեն հարցականի տակ առնել Մատենադարանի հուսալիությունը տեղական եւ միջազգային ծրագրերում։ Ակնհայտ է նաեւ, որ նման ռիսկերի առկայությունը հուսալքող է եւ զրկում է գիտաշխատողին հետագա շարժառիթից՝ կազմելու կամ մասնակցելու դրամաշնորհային ծրագրերին։ Այս մտահոգություններից ելնելով՝ ի սկզբանե որդեգրել էինք հարցը չհանրայնացնելու եւ
պատասխանատու բոլոր մարմիններին իրազեկելով բավարարվելու ճանապարհը՝ հույսով, որ տեղի ունեցածը կստանա անհրաժեշտ գնահատական։ Իր վերադաս օղակների հովանավորչության եւ թողտվության պայմաններում, սակայն, խնդրի բարձրացման փորձերը խոտանելու առերեւույթ միտումով Մատենադարանի տնօրենությունը սնանկ եւ շինծու գործողություններ է նախաձեռնել պահանջատեր մասնակիցների նկատմամբ։
Հուսով եմ, որ այս խնդրի հանրայնացումը օգտակար կլինի հնարավոր մոլորությունները ցրելու եւ վերջին շրջանում Մատենադարանի գործընթացները ավելի պարզորոշ դարձնելու համար։
Գայանե Այվազյան
պատմական գիտությունների թեկնածու, H2020-GA-734645-KEAC-BSR նախագծի ազգային համակարգող, Մատենադարանի ավագ գիտաշխատող (մինչեւ 2021թ. նոյեմբեր), փիլիսոփայության դոկտորի թեկնածու
18.06.2024թ.