Մատենադարանի գիտական խորհրդի «ընտրությունները»
Մատենադարանի աշխատողների արհմիության հայտարարությունները
Հունիսի 2, 2024
Հունիսի 1-ին Մատենադարանում տեղի ունեցած Գիտական խորհրդի ընտրություններում տեղ չգտան Մատենադարանի աշխատողների արհմիության ներկայացված առաջարկները։ Հիշեցնենք, որ 23 հոգանոց Գիտական խորհուրդը անհամաչափ համամասնությամբ կազմված պետք է լինի ի պաշտոնե անդամներից՝ տնօրենից, գիտական գծով փոխտնօրենից, գիտնական քարտուղարից, գիտական բաժինների վարիչներից/համակարգողներից և գիտական խմբերի ղեկավարներից (ընդհանուր թվով՝ 15 ներկայացուցիչ) և ընտրովի անդամներից՝ ներկայացված գիտական չափորոշիչների շեմը հաղթահարած, գիտական բաժիններում բաց քվեարկությամբ կեսից ավելի ձայներ հավաքած, Գիտական խորհրդում փակ քվեարկությամբ գիտաշխատողների կեսից ավելի ձայներ ստացած գիտաշխատողներից (8 ներկայացուցիչ)։
Երեկ Գիտական խորհրդի նիստում ընտրելու իրավունք ունեցող 99 գիտաշխատողից նիստին ներկա 78-ը փակ քվեարկությամբ ընտրություն կատարեցին գիտական բաժիններից առաջադրած 15 թեկնածուների միջև: Ընտրողները իրավունք ունեին բաժիններից առաջադրած երկու թեկնածուներից մեկին ընտրել կամ երկուսին էլ դեմ քվեարկել (բացառությամբ մի բաժնի, որն առաջադրել էր 1 թեկնածու): Ընտրություններն ու դրանց արդյունքների հաշվումը ընթացան գերպատրաստված ու արտակարգ կազմակերպված մթնոլորտում։ Մեծ մասամբ յուրաքանչյուր բաժնի երկու թեկնածուներից մեկը սիմպտոմատիկ կերպով առաջ անցավ մյուսից ձայների մեծ առավելությամբ։ Պետք է նշենք, որ գիտական բաժիններում առաջադրվածների թեկնածությունը արդեն իսկ կանխորոշիչ դերակատարություն ունեցան ընտրությունների արդյունքների վրա, քանի որ առաջադրվածներից մեկը պարտադիր կերպով տնօրենության (բաժնի վարիչների) նախընտրած թեկնածուն էր։
Այդպիսով, Գիտական խորհրդում չհայտնվեց որևէ պատահական մարդ․ նոր գիտական խորհուրդը կազմված կլինի տնօրենի կողմից նշանակված վարչական պաշտոնյաներից և գիտաշխատողների շրջանում ընտրված վերջին 5 տարիներին Մատենադարանի Հոգաբարձուների կամ Գիտական խորհուրդներում եղած ներկայացուցիչներից, վարչական պաշտոնյաներից, այլ կերպ ասած՝ տնօրենությանը մերձավոր շրջապատից։ Արդյունքում գրեթե ոչինչ չփոխվեց. դեմոկրատիայի անվան տակ Գիտական խորհրդից դուրս մնացին նախորդ խորհրդի անդամներից Մատենադարանի ավագ սերնդի բազմավաստակ գիտնականները, որոնք փաստացիորեն տնօրենության «մարդիկ» չէին։
Հավելենք, որ Մատենադարանը արդեն գրեթե մեկ տարի չունի գիտնական քարտուղար և կառուցվածքային փոփոխությունների արդյունքում խումբ դարձած երկու բաժնի ղեկավար այն պատճառաբանությամբ, որ կառուցվածքային փոփոխություններ են ընթանում Մատենադարանում։ Այնինչ, ակնհայտ է, որ դեռևս չեն գտնվել այդ պաշտոնների համար տնօրենությանը լոյալ թեկնածուներ, որոնք կընդգրկվեն նաև Գիտական խորհրդի կազմում։ Սիմպտոմատիկ է նաեւ, որ Մատենադարանում վարչական պաշտոն ունեցողները միանգամից երկու կամ երեք վարչական պաշտոն են զբաղեցնում՝ երբեմն պաշտոնակատար, երբեմն համակարգող անվան տակ։
Լիահույս ենք, որ Մատենադարանի Հոգաբարձուների խորհուրդը նոր Գիտական խորհրդի կազմը հաստատելիս հաշվի կառնի այս դիտարկումներն ու Մատենադարանի կառավարման համակարգի խնդիրները, հատկապես, որ Արհմիությանից և Մատենադարանից ընտրված ոչ մի ներկայացուցիչ ընդգրկված չէ Հոգաբարձուների խորհրդում։
Մայիսի 29, 2024
<…> Մատենադարանի աշխատողների արհմիությունը մտահոգված է, որ Մատենադարանի տնօրենությունը կոլեգիալ չի աշխատում արհմիության հետ, ավելին՝ նախընտրել է գիտաշխատողներից կազմված այդ կառույցի կարծիքների անտեսման քաղաքականությունը. նա ոչ միայն չի արձագանքել առաջարկների փաթեթին, այլ նաև նոր կանոնակարգում տեղ չեն գտել արհմիության դիտարկումներն ու առաջարկները։ Ներկայացված կանոնակարգով սահմանափակվում ու ստորադասվում են գիտաշխատողների իրավունքները․ սա կարելի է դիտարկել կառավարման բոլոր լծակները տնօրենության ձեռքում կենտրոնացնելու և բրգաձև ղեկավարման անընդունելի համակարգին վերադարձի փորձ, որի դեմ պայքարում ենք նախկին տնօրենի ժամանակներից։ Արհմիությունը նաև իր մտահոգությունն է հայտնում, որ մինչև օրս Մատենադարանը չունի գիտնական քարտուղար, որը կկարողանար առաջ տանել գիտաշխատողների շահերը։
Մատենադարանի աշխատողների արհմիությունը ևս մեկ անգամ ուսումնասիրելով տվյալ Գիտական խորհրդի կազմավորման Ընթացակարգը, քարտեզագրել է մի շարք խնդիրներ։ Ըստ Մատենադարանի Ընթացակարգի՝
— Գիտական խորհրդի կազմը անհամաչափ է բաշխված, որի արդյունքում կարող են կիրառվել վարչական լծակներ, հնարավոր են նաև շահերի բախումներ, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մատենադարանում գիտական բաժինների վարիչները կամ համակարգողները կամ խմբերի ղեկավարները նշանակվում են տնօրենի կողմից և ցանկությամբ։ Իսկ Գիտական խորհրդի նախագահը Մատենադարանի տնօրենն է։
— Ընտրովի անդամներին կարող են նաև առաջադրել տնօրենը կամ բաժնի վարիչները, որը ենթադրում է կողմնակալ վերաբերմունք։ Այսինքն՝ որոշիչ դերկատարությունը արտոնված է վարչական պաշտոնյային։
— Ընտրովի անդամների համար նախասահմանված են մի շարք նախընտրական շեմեր, ինչպիսն է օրինակ վերոնշված գիտական չափորոշիչներին համապատասխանությունը։ Այնինչ, ի պաշտոնե անդամերի մեծ մասը չի համապատասխանում սահմանված գիտական չափորոշիչներին։ Այսինքն՝ ընտրովի անդամների հանդեպ կիրառվում է խտրական վերաբերմունք։ Աներևակայելի է, գիտաշխատողը, որը Գիտական խոհրդում հայտնվելու հայտ է ներկայացնել, նախ պետք է համապատասխանի ներկայացված գիտական չափորոշիչներին, ապա հավաքի բաժնի աշխատողների ձայների կեսից ավելին, այնուհետև՝ կոլեկտիվի ձայների կեսից ավելին, իսկ պաշտոնյաներին բավարար է իրենց պաշտոնը։
Ելնելով նախագծի այս խնդրահարույց կետերից՝ Մատենադարանի աշխատողների արհմիությունը առաջարկում է․
— Գիտական բաժինների ղեկավար-պաշտոնը դարձնել ընտրովի։ Ներկա պայմաններում անտեսվում են բաժինների՝ իրենց ղեկավարին ընտրելու իրավունքը և ոտնահարվում է գիտաշխատողի գիտական անհատականությունը՝ նրանց որոշողից դարձնելով սոսկ ենթակա։ Իսկ մասնակցային սկզբունքով ընտրված բաժնի վարիչները, որոնք ի պաշտոնե կընդգրկվեն գիտխորհրդի կազմում, կներկայացնեն բաժնի աշխատողներին։ Կարելի է դիտարկել մյուս գիտական հիմնարկների օրինակը։
— Գիտական խորհրդի նախագահին ընտրում են խորհրդի նորընտիր անդամները: Ելնելով այն բանից, որ տնօրենի ընտրության նոր չափորոշիչներով այդ պաշտոնը դիտվել է սոսկ վարչական և գիտական պահանջներ չեն դրվել, հետևաբար՝ գիտխորհրդի նախագահի պարտավորությունը պետք է ստանձնի գիտխորհրդի ընտրած անձը, որն էլ տնօրենին է ներկայացնում ընդունված կամ քննարկված որոշումները։ Տնօրենը կարող է լինել կամ հրավիրված անձ կամ պարզապես անդամ։
— Ձայների համաչափ բաշխման համար անդամների թիվը ավելացնել։
— Խորհրդի կազմում պարտադիր պետք է ընդգրկված լինի Մատենադարանի աշխատողների արհմիության մեկ ներկայացուցիչ։
— Ընտրովի անդամները գիտական աշխատողներ են, որոնք ունեն գիտաշխատողի, ավագ գիտաշխատողի և առաջատար գիտաշխատողի պաշտոններ։