նոր դրվագ և «քաշքշուկներ»
Վարդենիսի զինվորական կացարանի հրդեհի գործով տուժող Ժիրայր Սահակյանը դատական երրորդ նիստին՝ հունիսի 14-ին, մի հանգամանք է նշել, որի մասին չէր հայտնել նախորդ լսումների ժամանակ։ Հրդեհից հետո ողջ մնացած զինվորին դպրոցի պահակ Ռազմիկը մեքենայով (զոհվածների ծնողները խոսում էին սպիտակ Mitsubisi IO-ի մասին) տարել է իր տուն, կնոջ հետ «լվացել են վերքերը, չստիկներ (լաթեր) են հագցրել», ինչից հետո միայն նրան տեղափոխել են ռազմական ոստիկանություն։ Ըստ զինվորի, ինքը չէր հիշատակել Ռազմիկին, որովհետև չէր ուզում քաշքշուկի մեջ գցել նրան, «անհարմարություններ պատճառել»։ Ծնողներին զայրացրել էր նրա պարզաբանումը․ հրդեհից 15 զինվոր է զոհվել, ի՞նչ անհարմարությունների մասին է խոսքը։
Զոհերի իրավահաջորդների՝ ծնողների և պապիկի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը կարդաց և դատավորին փոխանցեց հիշատակված Ռազմիկի ձեռքով գրված վկայությունը՝ այրվածքներ ստացած զինվոր Ժիրայրին իրենց տուն է տարել, լվացրել, շորերը փոխել և վերադարձրել։ Ծնողները նախորդ շաբաթ-կիրակի գնացել էին դեպքի վայր, գտել էին Ռազմիկին և սեփական հետաքննության շրջանակներում ստացել այդ վկայությունը։ Նրանք համոզված էին, որ Ռազմիկը նախօրոք խոսել է Ժիրայրի հետ, և վերջինս որոշել է վերջապես պատմել նոր հանգամանքների մասին։ Իսկ երբ մեղադրյալ Եղիշե Հակոբյանը ասաց, որ ոչ մի Ռազմիկ չի ճանաչում և դեպքի վայրում տեսել է միայն զինվորական համազգեստով մարդկանց, զոհված Նարեկ Ավագյանի հայր Ռոբերտը պատասխանեց․ «Գիտե՞ս՝ խի չես տեսել։ Որովհետև նման մարդ այնտեղ չի՛ եղել»։
Փաստաբանները, տուժողները և մեղադրյալները միասին ֆիքսեցին, որ Ժիրայրը նախորդ իր ցուցմունքներում փաստեր է թաքցրել, ինչը ստվեր է գցում իր մնացած ասածների վրա։ Փաստաբան Նորիկյանը համոզմունք հայտնեց, որ հրդեհի գործում ներգրավվածների զգալի մասը խոսում են և գործում «քաշքշուկներից» խոսափելու տրամաբանությամբ։
Ծնողները զգուշացրեցին՝ այլ փաստեր էլ են հավաքել, որ վկայում են ցուցմունքներում հակասությունների մասին, բայց այս փուլում դրանք չեն հրապարակի՝ կսպասեն մյուս մեղադրյալների և տուժողների ցուցմունքներին։
նույնականացման կասկածելի արագությունը
Զոհված Գոռ Մարտիրոսյանի հայր Դավիթը իր ցուցմունքում պատմեց՝ դիակներով սպիտակ պարկերի վրա երկու ժամում հայտնվել էին զինվորների անուններն ու հասցեները։ «Ես եղել եմ այնտեղ, տեսել եմ մարմինները, դեպքեր կային, որ հնարավոր չէր նույնականացնել՝ նույնականացնելու բան չէր մնացել»։ Նա և մյուս ծնողներ պարբերաբար դժգոհում էին էքստպերտիզայի անփութությունից և պահանջում նշանակել նորը։
վեճ՝ հրդեհից մի քանի ժամ առաջ
Հրդեհի օրը՝ 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 21։00-ի կողմերը, կացարանում կոնֆլիկտ է եղել հերթափոխը նշանակելու շուրջ։ Այս մասին պատմեց մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը։ Ինչո՞ւ էիր լռում վեճի մասին նախորդ նիստերի ժամանակ, ինչո՞ւ հիմա խոսեցիր, ինչո՞ւ այդ մասին ոչինչ չկա քննիչի կողմից գրված նախորդ ցուցմունքներում։ Այս հարցերն էին բարձրաձայնում հարազատները՝ միևնույն ժամանակ հորդորելով միմյանց չկաշկանդել մեղքն ընդունած մեղադրյալին։ Փաստաբանները և ծնողները ողջ մնացած սպային և զինվոին խնդրում էին պատմել զորամասի դրվածքի մասին՝ ով ում հետ ինչ հարաբերություններ ուներ, ինչ կարգավիճակ ուներ այս կամ այն զինծառայողը։ Բանակային կամ բանտային իրականության այս կողմի մասին ընդունված չէ խոսել չաստից կամ խցից դուրս։ Այս հարցերին կապիտանը և զինվորը պատասխանում էին ավելի կմկմալով և ավելի խուսափելով։
Մյուս դատական նիստը տեղի կունենա հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին Սևան քաղաքի դատարանում։