հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ազգային ժողով / Աղքատները պիտի ապրեն էժան բնակավայրերում. նոր օրենք

Աղքատները պիտի ապրեն էժան բնակավայրերում. նոր օրենք

Խորհրդարանը վավերացրել է աղքատներին նպաստ տալու նոր կարգը։ Կառավարության մշակած նոր  չափանիշներով խստացվում են սոցիալական աջակցություն ստանալու հիմքերը։ Աղքատները պիտի հայտարարեն, որ աշխատանք են փնտրում, տեղափոխվեն գյուղեր, երեխաներին ուղարկեն դպրոց։

2023 թվականի տվյալներով՝ շուրջ 68000 ընտանիքներ ստանում են սոցիալական և ընտանեկան նպաստներ։ Գործող օրենքով, դրանց բազային շեմը 18000 դրամ է, նպաստն ավելանում է ըստ երեխաների թվի։ Նոր կարգով անապահովության նպաստի չափը լինելու է ոչ պակաս քան նվազագույն պարենային զամբյուղի արժեքի տասը տոկոսը։ Պարենային զամբյուղը 2023 թվականին կազմել է 36 հազար դրամ։

Օրենքը մանրամասնում է՝ ինչ հիմքերով են մերժվելու անապահովության նպաստ ստանալու դիմողները․

  • Եթե դիմողը ունի  հանրապետական միջինից բարձր տնտեսական արժեքով անշարժ և շարժական գույք։
  • Եթե դիմողը միջին սպառողներից բարձր էլեկտրաէներգիա կամ գազ է սպառում։
  • Եթե անձը չի ներկայացնում դիմում, որպեսզի Միասնական սոցիալական ծառայության կողմից հաշվառվի որպես աշխատանք փնտրող։

Կառավարությունը աշխատունակ մարդկանց աշխատել ստիպելու համար նաև նոր ինստիտուտ կներդնի, ըստ որի նպաստի դիմող ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամներին կվերագրվի եկամուտ։  Մանրամասներ այս մասին օրենքում չկան։ Կառավարությունն է որոշելու վերագրվող եկամտի չափը ու ժամկետները։

Նպաստը դադարեցվելու է, եթե անապահով ընտանիքը անշարժ գույք գրավադրի և եթե ընտանիքի անդամները պարտադիր կրթությունից դուրս մնան։

Անապահովության նպաստի դիմումները ներկայացվելու են օնլայն։ Հայտերը նշանակելու կամ մերժելու են ավտոմատ/ինքնաշխատ տեղեկատվական համակարգով։ Սա բարդացնելու է վարչական ակտերը բողոքարկելը։ Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարից ինքնաշխատ ալգորիթմով է որոշվում նաև հաշմանդամության աստիճանը։ Վարչական դատարանում այս ակտերը վիճարկելու և հաղթելու դեպքում էլ համակարգչային որոշումը չի փոխվում։

Հիշեցնենք, որ Հայաստանում աղքատ է բնակչության 25 տոկոսը։