Հոկտեմբերի վերջին շաբաթը Epress.am-ի թիմի մի մասը անցկացրել է Վրաստանում՝ ընտրություններին դիտորդություն և լրագրություն անելով։ Բացի Թբիլիսիից, եղել ենք նաև Ախալքալաքում և հարակից գյուղերում։ Այս տեսանյութը և տեքստը հայաբնակ շրջաններում մեր հանդիպումների, զրույցների, նկարահանումների, դիտորդության արդյունքներից է։
— Դու կարող ես լինել ռուսամետ կամ արևմտամետ, եթե վրացի ես։ Փոքրամասնությունները դատապարտված են կոնֆորմիզմի։ Մեզ ավելի հեշտ է «դավաճան» հանել։
— Արտաքին ազդեցությունը կապված է ֆինանսավորման հետ։ Եթե փող կա մեջը, ազդեցությունը կլինի։ Բյուջեն վերջանում է, պրծնում է նաև ազդեցությունը։
ձեռներեց․ — Վրաստանը Եվրոպայի հետ խնդիր չունի։ Իվանիշվիլին ունի։ Իրա փողերն են՝ իրա պրոբլեմները։ Նա դրանք փաթաթել է բոլորիս վզին։
խանութպան. — Որպեսզի հասկանաս իրավիճակը, պետք է ապրես այստեղ։ Կարևոր չէ՝ ինչ են ասում լրագրողներին։ Կարևոր է՝ ով ում բարեկամն է, ով է շեֆը, ինչ բիզնես ունի, ումից է փող ստանում։ Օրինակ՝ դու։ Փող ես ստանում ամերիկյան ֆոնդից ու հարցնում ես ռուսական ազդեցության մասին։
— Էդքան էլ ամերիկյան չի․․․
— Կապ չունի։ Ռուսական չի, չէ՞։ Երբ որ Ռուսաստանից սկսեցին փող բռնել, սնկերի պես աճեցին իրենց պաշտպանողները։
— Գումբուրդոյում Վրաստանի լավագույն դպրոցն է, Ռուսաստանում հարստացած տեղացիներն են ֆինանսավորել։
— Կրթության մակարդա՞կն է բարձր։
— Դա մենք չգիտենք։ Շենքի մասին է խոսքը։
Գումբուրդոյում ընտրական հանձնաժողովի անդամը չգիտի, որ ինքը հանձնաժողովի անդամ է։
Ընտրական հանձնաժողովի բոլոր 17 անդամները տղամարդիկ են։
Ախալքալաքցի դիտորդը ֆիքսում է, ոնց է գյուղապետը ընտրողին լուսանկարում քվեախցում։ Դիտորդը երիտասարդ է ու, ի տարբերություն հանձնաժողովի անդամների, գիտի վրացերեն։ Փորձում են չարձանագրել խախտումը։ Վերջը զանգում են հորը, որ դեմն առնի։
հանձնաժողովական․ — Հայաստանի՞ց եք։ Ձեզնից ի՞նչ միջազգային դիտորդ։
Ջավախեթիում երիտասարդները սկսել են ավելի շատ վրացերեն խոսել։ Նույնիսկ իրար մեջ։
առևտրական․ — Չեմ պատկերացնում, որ հայաստանցի պոլիտիկները կամ բիզնեսմենները միջամտեն մեր ընտրություններին։ SOCAR-ից ուղղորդում են, քարոզում են, վախեցնում։ Ադրբեջանցի ընկերներս են բողոքում դրանից։ Ադրբեջանի ղեկավարությունը այստեղ մեծ շահեր ունի, պատգամավորներ, նախարարներ, ԶԼՄ-ներ են առնում։
Քվեարկության օրը Ախալքալաքի կենտրոնում երևաց հայաստանցի բիզնեսմեն, նախկին հանրապետական պատգամավոր, Շիրակ ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանը։ Սև Գելենդվագենով էր՝ Ուկրաինայի դիվանագիտական համարանիշներով:
հանձնաժողովական․ — Ես 8 տարի Հայաստանում ընտրություններ եմ կեղծել։
ֆերմեր․ — Մենք մեր ՀԿ-ով 5 տարվա մեջ 50 տրակտոր ենք բերել գյուղերին, համայնքապետը՝ 3։ Բայց մեզ հիմա օտարերկրյա գործակալ են հանում, իսկ ինքը հայրենասեր է։
թարգմանչուհի․ — Ախալքալաքի ջահելները մենակ Հայաստանում են իրանց ագրեսիվ պահում։ Այստեղ իրենք խելոք են, ճնշված։
գյուղապետ․ — Հայերի մեջ ամենաջիգյարովը մենք ենք։ Ֆուռերով օգնություն էինք ուղարկում Հայաստան պատերազմի ժամանակ։ Ոչ ոք շնորհակալություն չասեց։
դիտորդ․ — Խի՞ են հավաքվել միջանցքում։ հանձնաժողովի նախագահ․ — Խոպանից են եկել, շփվում են։ Դիտողությունից հետո երիտասարդները գնում են՝ պատուհանագոգին թողնելով հայերենով անուն և ազգանունների ցուցակ։ Վստահված անձը նկատում է, որ նկարում ենք․ «Սա ցուցակ չէ, թե ով ում է քվեարկել։ Նայում ենք՝ ով չի եկել, որ մեքենա ուղարկենք հետևներից։ Կգնաս Հայաստանում կպատմես, թե ինչ լավ գյուղապետ կա էստեղ»։
դասատու․ — Մեր ժամանակ վրացերենը դպրոցում օտար լեզու էր, հիմա ջահելները խոսում են, գրում, կարդում։ Հիմա հայերեն չկա՜։
— Վրացական ալիքներ նայո՞ւմ եք։
— Նայելու բան չկա՝ իրանք իրանց ռազբորկեքով։ Մեզ հիշում են, որ ասեն «սեպարատիզմ»։ Սեպարատիզմը 90-ականներին էր պետք՝ Թբիլիսիի բանդիտներից պաշտպանվելու համար։
— Հայաստանից եկող ջավախքցի գործիչներին ստեղ չեն հարգում։ Գալիս են, խորոված են ուտում, խաչքար ու պապու արձան դնում։
— Մեր եկեղեցու մասին գրեք։ Ամեն ինչի համար փող են վերցնում, հետո զարմանում են, որ մարդիկ գնում են ուղղափառ տերտերների մոտ։ Նրանք ձրի կնքում են, ձրի՝ թաղում։
բենզալցակայանի աշխատող․ — Դադարել եմ Երևան գնալ։ Ծնողներս են գնում։ Թբիլիսիում ավելի հետաքրքիր է հիմա։ Երևանում լավ ակումբներ չկան։
լրագրող․ — Մարնեուլիում հիմա Ախալքալաքի 2012 թվականն է։ Ընտրական բեսպրեդել։
լրագրող․ — Առաջ ռուսական պրոպագանդան վախեցնում էր թուրքերով, չնայած իրենք լավ էլ քիփ են թուրքերի հետ։ Հիմա մատի փաթաթան են սարքել պատերազմն ու ԼԳԲՏ-ն։