Նոյեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել «Միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության հաստատման մասին»։ Նորացված դոկտրինը ենթադրում է, որ միջուկային հարվածի պատճառ կարող է դառնալ «ՌԴ կամ դաշնակիցների նկատմամբ ագրեսիան ոչ միջուկային պետության կողմից՝ միջուկային պետության աջակցությամբ», նաև լայնամասշտաբ օդային հարձակումը ոչ միջուկային զինատեսակներով, նաև՝ ԱԹՍ-ներով։
Օրենսդրական փոփոխության կետերը Մեդուզայի համար մեկնաբանել է «Ռուսաստանի միջուկային սպառազինությունը» նախագծի ղեկավար Պավել Պոդվիգը։ Նրա խոսքով, ամենաէական փոփոխությունները 18-րդ կետում են։ Ռուսաստանն այսուհետ իրավունք է վերապահում իրեն օգտագործել միջուկային զենք այն դեպքում, եթե սովորական զինատեսակներով «կրիտիկական վտանգ է ստեղծվում երկրի սուվերենության և տարածքային ամբողջականության նկատմամբ»։ Նախկին օրենսդրությամբ վտանգի տակ պետք է լիներ «պետության գոյությունը ինքնին»։ Պոդվիգը կարծում է, որ այս ամբողջ պրոցեսը նախաձեռնվել է հենց այս կետի համար։
«Պետք է ուշադրություն դարձնել նրան, որ խոսքը հենց «կրիտիկական վտանգի» մասին է։ Թե որ վտանգն էլ համարվում կրիտիկական, իսկ որը ոչ՝ հայտնի չէ, ոչ ոք չի կարող հստակ չափանիշներ առաջարկել։ Նման բաները հատուկ են թողնում չսահմանված։ Այդպիսի փաստաթղթերում միշտ մեկնաբանությունների տեղ կա։ Ինչպես ես միշտ ասում եմ, դրանով դուք դատարան չեք գնալու, ոչ ոք միջուկային հարվածից առաջ դատական լսումներ չի կազմակերպելու»։
Պավել Պոդվիգը նշում է, որ որոշակի իմաստ այդ ձևակերպումներն ամեն դեպքում ունեն. «Օրինակ, ինչպե՞ս կընդունվի բռնակցված ուկրաինական տարածքների հիպոթետիկ կորուստը։ Ռուսաստանն իհարկե կարող է հայտարարել, որ դա կրիտիկական վտանգ է տարածքային ամբողջականության նկատմամբ։ Բայց այդ տարածքները ոչ ոք չի ճանաչում որպես ՌԴ մաս»։
Պոդվիգի խոսքով, այս տեսակի փաստաթղթերում ավտոմատիզմ չկա։ Ոչ միայն ռուսականում, այլ բոլոր նմանատիպ դոկտրիններում թվարկվում են դեպքերը, թե երբ պետությունը կարող է իրավունք վերապահել իրեն նման քայլի գնալու համար, երբեք չի ասվում, որ իրոք կանի կամ պարտավոր կլինի անել։ Ամեն ինչ թողնվում է որոշում կայացնողի հայեցողությանը։ Այսինքն, ինչ-որ իմաստով դա դեկլարատիվ փաստաթուղթ ա, ուղղված արտաքին ուժերին։ «Այսպիսով Ռուսաստանը բացատրում է հնարավոր հակառակորդներին, որ ինքը պատկերացնում է միջուկային զենքի դերը անվտանգության ապահովման հարցում»։
Ռուսաստանը միջուկային օրենսդրության փոփոխություններն ընդունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Ուկրաինային ամերիկյան զենք կիրառելու թույլտվություն տալուց օրեր անց։ Պուտինի՝ միջուկային դոկտրինը փոխելու ցանկության մասին, սակայն, հայտնի էր սեպտեմբերի 25-ից։
Պոդվիգի կարծիքով, այսպիսի փաստաթղթերի ընդունումը դեռևս չի նշանակում, որ միջուկային պատերազմի ռիսկերը մեծանում են, բայց՝ չեն էլ փոքրանում։ «Իմ պատկերացմամբ, ավելի լավ է իրավիճակը գնահատել այսպես. որքանո՞վ ենք մենք հեռու այն կետից, երբ միջուկային զենքի կիրառումը կարող է դառնալ ֆիզիկական իրականություն։ Իմ կարծիքով մենք դեռևս այդ կետին չենք հասել, բավարար հեռու ենք դրանից»։
ԱՄՆ նույն օրենսդրությունն ավելի լղոզված է։ Կա, օրինակ, այսպիսի ձևակերպում. «Միացյալ Նահանգները կարող են դիտարկել միջուկային զենքի կիրառումը միայն ԱՄՆ-ի և դրա դաշնակիցների կենսական կարևորության հետաքրքրությունները պաշտպանելու համար՝ միայն ծայրահեղ իրավիճակներում»։ Պոդվիգը կարծում է, որ ռուսական դոկտրինի փոփոխությունները հազիվ թե ինչ-որ արձագանք առաջացնեն Արևմուտքում։
Նրա խոսքով, միջուկային զենքի կիրառումն իրականացվում է էտապներով, նաև՝ իրավական։ Այս դոկտրինը գուցե մեկով պակասացրեց այդ էտապները, բայց պետք չէ մտածել, որ յուրաքանչյուր պահի կարող է միջուկային պայթյուն լինել։
Պոդվիգի խոսքով, միջուկային զինատեսակների կիրառումը կանխելու համար անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի դրա օգտագործման գաղափարն ինքնին անհնարին թվա։
«Եթե պատկերացնեք, որ միջուկային զենքի կիրառման հնարավորությունը վերացել է, հակամարտության հաղթահարման համար Ուկրաինային տրվող աջակցության տարբերակները կտրուկ կավելանան։ Ակնհայտ է, որ միջուկային զենքը ևս մի գործոն է, որը խանգարում է Արևմուտքին։ Պարզ է, որ այն ֆիզիկապես վերացնելը հնարավոր չէ։ Բայց քաղաքական մակարդակում կա նաև այլ տարբերակ. հավաքել երկրների կոալիցիա, որոնք կտրականապես դեմ են նման գործողություններին և փորձել ներգրավել հնարավորինս շատ երկրների։ Արդեն իսկ շատերը, այդ թվում՝ Չինաստանը և Հնդկաստանը, հայտարարել են, որ միջուկային զենքի մասին խոսակցություններն անմտություն են։ 2022-ին հրապարակվել էր G20-ի հայտարարությունը, որում ուղիղ ասվում էր, որ միջուկային զենքի կիրառությունը կամ դրանով սպառնալիքներն անթույլատրելի են։ Պետք է ստեղծել իրավիճակ, որում նույնիսկ այդ մասին մտածելը անհնարին կթվա։ Դա բարդ, բայց իրագործելի առաջադրանք է»։