Home / Համայնքներ / Չարենցավանի ոստիկանները ծեծել են մարդուն, որ մեղքն իր վրա վերցնի

Չարենցավանի ոստիկանները ծեծել են մարդուն, որ մեղքն իր վրա վերցնի

Մարտունեցի Արա Օհանյանը պնդում է՝ Չարենցավանի ոստիկանության բաժնի երեք աշխատակիցներ ծեծել են իրեն՝ ստիպելով իր վրա վերցնել չկատարած հանցանքը, ինչից հետո Արան հայտնվել է հիվանդանոցում։

Չարենցավանի երկաթի ձուլարանում, որտեղ աշխատում են Արան և նրա կնոջ եղբայրը, օրեր առաջ գողացել են կնոջ եղբոր ոսկյա զարդը։ Արան, ըստ նրա փաստաբան Ռոման Երիցյանի, հավաքել է ձուլարանի աշխատակիցներին և ոստիկանություն դիմելու փոխարեն առաջարկել, որ զարդը վերցնող մարդն այն ինքնակամ դնի ինչ-որ վայրում, այնուհետև առաջարկել դրամահավաք անել և աջակցել տուժողին։

Աներձագը՝ տեսնելով, որ զարդը չեն վերադարձնում և փոխհատուցում չի հավաքվում, դիմել է ոստիկանություն։

«Ոստիկանության աշխատակիցները՝ տեղեկանալով կազմակերպված դրամահավաքի մասին, կասկածում են, որ ոսկյա զարդը գողացողը Արա Օհանյանն է եղել։ Վերջինիս կանչում են ոստիկանության բաժին՝ առաջարկելով ընդունել մեղքը։ Ասել են՝ քո հարազատն է, հետը կհաշտվես, այս ամենը չի ընթացքավորվի, հանցագործությունն էլ կհամարվի բացահայտված», – ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել է Ռոման Երիցյանը։

Արան մերժել է առաջարկը, որից հետո երեք ոստիկաններ ծեծել են նրան։ Հարվածողներից մեկի անունը Սամվել է, մյուսը՝ ոստիկանության բաժնի պետի տեղակալ Արթուր Իսկանդարյանն է եղել, Ազատությանը պատմել է տուժողը։

Նրա փաստաբանը նշել է՝ քաշել են մազերից, գետնին գցել, ոտքերով և ձեռքերով հարվածել են որովայնին և դեմքին, այնուհետև քաշելով դուրս բերել ոստիկանությունից։ Ոստիկանները Արային հորդորել են՝ հիվանդանոց գնալուց ասել, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով։

Օհանյանի հարազատները նրան սկզբում տեղափոխել են Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղ, վախենալով ոստիկանների սպառնալիքներից, տուժողը նշել է, որ վնասվածքները ստացել է ընկնելուց, այնուհետև նրան տարել են Միքայելյան հիվանդանոց, հիմա բուժումը շարունակում է Արյունաբանական հիվանդանոցում։

Երիցյանը պնդում է, որ ոստիկանները բռնության են ենթարկել նաև տուժողի հետ աշխատող այլ անձանց։

«Գողությունը բացահայտելու և գողոնը կամ հափշտակողին գտնելու փոխարեն՝ ոստիկանության աշխատողները որոշել են ծեծի ենթարկել ամեն մի աշխատողի, որպեսզի այդ եղանակով ինչ-որ մեկի վրա բարդեն գործը, և հանցանքը համարվի շատ արագ բացահայտված», – նշել է Երիցյանը։

Վերջում էլ, ըստ փաստաբանի, ոստիկանության աշխատակիցները կանչել են Արայի աներձագին և, քաշքշուքներից խուսափելու համար, առաջարկել, որ նա գտնի «մաքուր անցյալով» որևէ մեկին, ով կներկայանա ոստիկանության բաժանմունք և մեղքն իր վրա կվերցնի։

«Ասել են՝ ձեզ հետ կհաշտվի և ամեն ինչը կհամարվի բացահայտված։ Հակառակ պարագայում ամեն մի աշխատողի պետք է կանչենք, և դուք նրանց հարազատների հետ պրոբլեմներ կունենաք տեղի ունեցածի պատճառով», – պատմել է փաստաբանը։

Ներքին գործերի նախարարի հանձնարարությամբ դեպքի առթիվ նախարարության Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։ Արային հիվանդանոցում այցելել են վերահսկողության և ներքին անվտանգության վարչությունների ծառայողները։

Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խոշտանգման հատկանիշներով: