Առավոտյան Մոսկվայի «Ալիե պառուսա» բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության Բոքսի ֆեդերացիայի ղեկավար, «ԱրԲատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարկիսյանը։ Վիրավորված թիկնապահներից մեկը ևս մահացել է, մյուսները ծանր վիճակում են։
46-ամյա Արմեն Սարկիսյանը հայտնի է որպես քրեական հեղինակություն Արմեն Գորլովսկի։ Մտերիմ հարաբերությունների մեջ էր Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ։ Նրա հիմնադրած «ԱրԲատ» գումարտակը Ռուսաստանի զինված ուժերի կողմից կռվում է Ուկրաինայում։
2014 թվականին՝ Եվրոմայդանի ժամանակ, նրան մեղադրում էին Կիևում և Մոսկվայում ակտիվիստների դեմ հարձակումներ կազմակերպելու մեջ։ Այդ միջադեպերից մեկի ժամանակ սպանվել էր լրագրող Վիտալի Վերեմիան։
«ԱրԲատ» գումարտակը Սարկիսյանը հիմնել է 2022 թվականին։ Խմբավորման կազմում էթնիկ հայեր են։ Բոլորը օրհնվել են Հայ Առաքելական եկեղեցու ռուսական թեմի գլխավոր տաճարում։
2024-ի փետրվարին Սարկիսյանի դստեր թիկնապահները փոխհրաձգության մեջ էին մտել Չեչնիայից խառնամարտիկ Ռասուլ Օչաևի հետ։ Վերջինս ի վերջո դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման։
2024-ի աշնանը Հայաստանի իրավապահ մարմինները հայտարարել էին իշխանության բռնազավթման դեպք կանխելու մասին։ Երեք քաղաքացի բերման էր ենթարկվել։ Հայտնում էին, որ դավադիրները ծրագրում էին իրենց զինյալներին նախապատրաստել «ԱրԲատի» տարածքում։ Իրավապահների հաղորդագրության մեջ հիշատակվում էր «Ա. Ս.»-ն։ Հեղաշրջման մասին հայկական կողմի մեղադրանքները «ԱրԲատի» հրամանատար Հայկ Գասպարյանը «հակառուսական պրոպագանդա» էր որակել։ Նրա այդ հայտարարություններն ակտիվորեն շրջանառվում էին ռուսական պրոպագանդիստական ալիքներով։ Հայկ Գասպարյանը «Վագների» նախկին վարձկաններից է, դատապարտված էր 7 տարվա ազատազրկման՝ գողության մեղադրանքով։ Մարտական գործողություններին մասնակցելու համար մրցանակ է ստացել անձամբ Վլադիմիր Պուտինից։
Moscow Times-ը տելեգրամ ալիքներից մեկի հրապարակմանը հղվելով գրել էր, որ Ուկրաինայի դեմ կռվող «հայկական գումարտակը» Ինդոնեզիայից վարձկանների է բերում պատերազմական գործողություններին մասնակցելու համար։