Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բանվորները համաձայնել են վաղվանից վերսկսել աշխատանքը։ Աշխատանքից հեռացված ութ հոգու ճակատագիրը դեռևս պարզ չէ։
«Պետք է ուսումնասիրվեն յուրաքանչյուրի փաստաթղթերը», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։
Հեռացվածներից Շավարշ Մարգարյանը դեռևս չի մեկնաբանել իրավիճակը։ Ակտիվիստ Վահե Մխիթարյանը դրական է գնահատել ձեռք բերված համաձայնությունը, սակայն նշել է, որ իրենց հետագա ճակատագիրը կորոշվի փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո և անհրաժեշտության դեպքում՝ դատական կարգով։
ԶՊՄԿ ղեկավարությունը նույն խոստումն է տվել, ինչ ցերեկը արված հայտարարությամբ. բարձրացնել աշխատավարձային ֆոնդը 20%-ով երկու ամսվա ընթացքում։ Սա ավելի լավ է, քան նախորդ առաջարկը, ըստ որի մինչև 20% բարձրացումը կլիներ կամայական։ Նոր համաձայնությամբ աշխատավարձի բարձրացումը կլինի «սոցիալական արդարության» սկզբունքով, այսինքն՝ չեն բարձրանա «պետերի» աշխատավարձերը։
Կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը գործադուլի մեկնարկից երկու օր հետո հայտարարություն էր տարածել այն մասին, որ տեղի ունեցածը գործադուլ չէ, քանի որ գործողությունները չեն իրականացվել Աշխատանքային օրենսգրքի գործադուլ կազմակերպելու և իրականացնելու իրավակարգավորումների պահանջներին համապատասխան։
Մի քանի օր անց արհմիութենականը փոքր ինչ մտափոխվել էր․ «Աշխատողներն իրավունք ունեն պայքարելու իրենց արժանապատիվ աշխատանքային պայմանների համար, այդ թվում` գործադուլի միջոցով։ Վերջիններիս հետ երկխոսելու փոխարեն աշխատանքից ազատելն իրավիճակի արհեստական սրում է», – գրել էր Մանասերյանը։
Այսօր առավոտյան նա մեկնել էր Քաջարան՝ ԶՊՄԿ ղեկավարության հետ բանակցությունների։