Home / Բանակ / Թոքաբորբից 21-ամյա զինվոր է մահացել. հարազատները հարցեր ունեն

Թոքաբորբից 21-ամյա զինվոր է մահացել. հարազատները հարցեր ունեն

Փետրվարի 21-ին Մուրացան զինվորական հիվանդանոցում մահացել է ժամկետային զինծառայող 21-ամյա Արտակ Վարդանյանը։ Epress.am-ին այս մասին հայտնել է հորեղբայրը՝ Աշոտ Վարդանյանը Սիսիանի Ույծի գյուղից։

«Մեզ ասել են՝ կայծակնային թոքաբորբից է մահացել։ Էս որ դարն ա, որ թոքաբորբից մարդ մահանա։ Ծանր հիվանդություններ են բուժվում։ Մարդու սիրտ են հանում, դնում տեղը։ Թոքաբորբից չեն մահանում, եթե անուշադրության չմատնեն։ Լավ չեն նայում զինվորին», – ասել է նա։

Արտակը մոր հետ խոսացել է մահից երկու օր առաջ՝ սանչաստից։ Նա չի գանգատվել։ Հետո մորը զանգել են Մուրացանից, ասել են, որ շտապ գա։ Վարդանյանը մինչ  զինակոչվելը մի անգամ տարկետում է ստացել՝ 50 կիլոգրամ քաշ չապահովելու հիմքով։ 

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հաստատել է դեպքը, բայց չի մեկնաբանել՝ ասելով, որ «գնում է փորձաքննություն»։ 

«Ըստ բժշկական նախնական գնահատականի՝ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը, ցավոք սրտի, արդյունք չեն տվել», – գրավոր  հայտնել է խոսնակը։ 

Հիշեցնենք, որ առողջական պատճառներով մահերի թիվը աճում է։ Անցյալ տարի 5 զինվոր է մահացել առողջական պատճառներով։ Այնուհանդերձ,  վարչապետն ու պաշտպանության նախարարը հայտարարում են, որ առողջական խնդիրները պատրվակ են բանակից ազատվելու համար։ 

«Մենք գիտենք, որ զինակոչային գործընթացներ մուտք գործելու պահից մեր տղաների շրջանում զանգվածայնորեն հիվանդություններ են ի հայտ գալիս», – հեգնել էր վարչապետ Փաշինյանը հունվարի 16-ի Կառավարության նիստին։

Այդ օրն ընդունվել է  կառավարության որոշում՝ հետևել տղաների առողջությանը 16 տարեկանից, թվային տվյալների բազա պահել, որպեսզի մինչև 18 դառնալը  պատանիներին ախտորոշեն, բուժեն ու զորակոչեն։ 

Անցյալ տարի Կառավարությունը նաև կրճատել էր հիվանդությունների ցանկը, որոնց հիմքով ազատվում են պարտադիր ծառայությունից։ Դեկտեմբերին կրճատել են նաև առողջական խնդիրների հիմքով տարկետում ստանալու հնարավորությունները:

 Լուսանկարը Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան էջից