Home / Հայաստան / 1200 քկմ ավել տարածք չկա ու չի եղել․ ալտերնատիվ սահմանազատման միֆերը

1200 քկմ ավել տարածք չկա ու չի եղել․ ալտերնատիվ սահմանազատման միֆերը

Սամվել Բաբայանը Civilnet-ին տված իր հարցազրույցում կրկնում է մի քանի անգամ իր կողմից հնչեցրած թեզը, որ, իբր, սահմանազատումը պետք է անցնի 1920-30-ականների սահմանազատման արդյունքներով ու քարտեզներով ու որ դրանցով Հայաստանի տարածքը, իբր, ավել է 1200 կմ²-ով, այսինքն պետք է լինի 31000 կմ²:

Նման պնդումների հիմնական հիմքը (խոսում են նաև 30500/30600 կամ այլ մոտիկ թվի մասին) 1920-ականներին հրատարակված տարբեր նյութերն ու աղբյուրներն են, այդ թվում հանրագիտարանները և տեղեկատուները, որտեղ երկրների մակերեսների մասին հակասական տվյալներ կան, ու քանի որ խորհրդային վաղ շրջանի քարտեզների անճշտության աստիճանը շատ մեծ է, ինչպես նաև գեոդեզիական չափումների սխալները, ապա ցանկացած տեսակետ կարելի է հիմնավորել, իսկ հայկական միջավայրը, ինչպես հայտնի է, ասիական շուկայի + փոքր երեխայի տրամաբանությամբ է՝ ինչը ինձ դուր է գալիս, դա էլ ճիշտ է:

Օրիանկ, այս թեմաներից մեկի մասին արդեն խոսել եմ։ Դա Նախիջևանի հետ Թուրքիայի ընդհանուր սահմանը ապահովող հատվածի պատմությունն է, որը բացակայում է 1920-ականների քարտեզների մեծ մասի վրա, թեև մանրամասն նկարագրված է 1921թ. Կարսի պայմանագրին կցված III հավելվածով: Հայկական վերլուծաբանները ու նույնիսկ պատմաբանների մի մասը մինչև հիմա պնդում են, որ, իբր, Թուրքիան այն գնել է Պարսկաստանից 1930-ականներին:

Ու նաև միայն քարտեզի ու մակերեսների մասին աղոտ պատկերացում ունենալով հնարավոր չէ 1200 կմ² մակերես (որը ահռելի տարածք է) գտնել նույնիսկ 1920-ականների քարտեզների պատկերով՝ այնտեղ, լավագույն դեպքում, մի քանի հարյուրը կհավաքվի: Համեմատելու համար պետք է նշել, որ խորհրդային տարիներին 1200 կմ²-ից մեծ մակերես ունեին միայն Հայաստանի մի քանի շրջաններ՝ Սիսիանը, Արարատը, Վարդենիսը, Ղափանը, Իջևանը:

Ու նման տարածքում պետք է տասնյակ ու հարյուրավոր գյուղեր լինեին, մինչդեռ 1920-ականների բոլոր տարածքային վեճերը, գյուղացանկերը ու հողային վեճերի աշխարհագրությունը լավ հայտնի է ու նման արդյունք այնտեղ անհնար է ստանալ, կամ էլ խոսքը ինչ-որ այլ- անծանոթ հանրապետության մասին է: Բայց քանի որ նույնիսկ ազգային արխիվի սահմանային վեճերին նվիրված հրատարակումներում տեղանունների մեծ մասը սխալ է բերված, քանի որ ալարել են նայել քարտեզներին ու ժամանակի բնակավայրերի ցանկին, նաև դա է հետազոտողների համար հավելյալ խոչընդոտ:

Հայկական կողմի համար բոլոր տարածքային վեճերը կա՛մ հայկական գյուղերին պատկանելիք հողերի մասին են, կա՛մ մահմեդականներով բնակեցված հատվածների, որոնք աշխարհագրական առումով Հայաստանի մեջ էին մխրճվում ու այդ պատճառով Հայաստանը դա պահանջում էր։ Պահանջում էր, բնական է, նաև Ադրբեջանը:

Հայաբնակ գյուղերի պատկանելիությունը վիճարկվում էր Ադրբեջանի կողմից միայն Նախիջևանի հատվածում, բայց՝ անարդյունք: Ու այդ հատվածը կարելի է միանգամից հանել. Նախիջևանի հատվածում հայ-ադրբեջանական սահմանը որոշվել է Կարսի 1921 թ.-ի պայմանագրով ու համապատասխանում է ներկա սահմանին: Նախկին Նախիջևանի գավառից Հայաստանի կազմում է մնացել Վայոց Ձորի Բարձրունի-Սերս-Խնձորուտ գյուղերի հատվածը, ինչպես նաև Կարճևանը, որը ցարական շրջանում նույնպես Նախիջևանի մաս էր: Ադրբեջանական կողմը 1920-ականներին փորձում էր վիճարկել այդ գյուղերի պատկանելիությունը, բայց չստացվեց: Հետևաբար, Նախիջևանի հետ սահմանի փոփոխություն չի եղել, թեև ադրբեջանական աղբյուրները դա պնդում են (խոսելով, բնականաբար, իրենց կորուստների մասին, որովհետև, իրենց կարծիքով, իրենք այդ ամբողջ գործընթացից նույնպես միայն կորցրել են ու կրճատվել՝ ճիշտ այնպես, ինչես հայկական հեղինակների մոտ է):

Իրականում, խոսքը հիմնականում ոչ թե հստակ սահմանի մասին է, այլ վիճելի հատվածների, որոնք ամեն մի կողմը իրենն էր համարում:

Հայաստանի արևելյան սահմանին Ադրբեջանի հետ 1920-ականների հիմնական տարածքային վեճերը Կողբ, Բերդավան ու Դովեղ գյուղերի վեճերն են Քեմեռլի ու Կայմախլը գյուղերի հետ, Կոթի գյուղի վեճը Դաշ-Սալահլի գյուղի հետ, Հայաստանի խորքում ադրբեջանական մանր գյուղերի/անկլավների հարցը (Վերին Ոսկեպար, Սոֆուլու, Բարխուդարլու), Պառավաքար (հին անումը՝ Հայկական Թաթլու) գյուղի վեճը հարևան Թաթլու և Յարադուլլու գյուղերի հետ, Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն ու Մովսես գյուղերի վեճը Հաջիլլի և Ալիբեյլի գյուղերի հետ ու, Արծվաշենի հատվածում, այսպես կոչված Շընըխ-Այրըմ ադրբեջանական գյուղախմբի (այստեղ պետք է նշել, որ 1727թ․ օսմանյան դեֆթերի տվյալներով Շընըխը ու բոլոր հարևան գյուղերը, որոնք Վերին Զակամ գավառն էին կազմում, հայաբնակ էին դեռ, այդ գոտում կար միայն մի փոքր մահմեդականներով բնակեցված ղշլաշ՝ ձմեռանոց) ու Արծվաշենի հարցը:

Սևանի ավազանի հատվածում, որտեղ սահմանը կրկնում էր ցակարան շրջանի Երևանի նահանգի Նոր-Բայազեթի գավառի սահմանի Սևանի և Վարդենյաց լեռնաշղթաներով անցնող գիծը, գլխավոր վեճը Ալ-լճերի կամ Ալագյոլլար հատվածն էր՝ որը ցարական շրջանում Ելիզավետպոլի նահանգի մաս էր ու օգտագործվում էր Աղդամի հարթավայրի Քաբիրլի գյուղի քոչվորների կողմից:

Սյունիքի հատվածում կարևոր վեճը Գորիսից Կապան խճուղին էր, որի վրա կային մանր ադրբեջանական գյուղեր (Շահվերդիլար- հիմիկվա Որորտան, Շուռնուխ)՝ արդեն 1923 թ. այդ հատվածը ամրագրվեց Հայաստանին, քանի որ ճանապարհը կարևոր էր, Կապանից հարավ Հայաստանի տարածք մխրճվող 21 ադրբեջանական ու քրդական գյուղեր Կարագյոլ գյուղից վերև, որոնք պահանջում էր Հայաստանը ու Մեղրիի հատվածում մահմեդականներով բնակեցված Երնազուր, Թուղուտ (հյկ. Թեղուտ) և Նյուվադի (հիմա՝ Նռնաձոր) գյուղերը, որոնք պահանջում էր արդեն Ադրբեջանը:

Տավուշի շրջանի բոլոր սահմանային գյուղերի վեճերը արդեն 1927-29 թթ. լուծվել էին այնպես, որ հաստատվել էր ժամանակակից սահմանին մոտ սահման (1932 թ. ՀԽՍՀ-ի ամենադետալային քարտեզի վրա դա լավ երևում է): 1929 թ. որոշվել էր Հայաստանին փոխանցել նաև անկլավային երեք գյուղերը (Վերին Ոսկեպար, Սոֆուլու, Բարխուդարլու) 3104 դեսյատին (33,9 կմ²) մակերեսով, ինչպես նաև Խեյրիմլի գյուղը: Վերջին որոշումները չեղարկվեցին 1933-4 թթ.: Ալագյոլ լճերի հատվածի պատկանելիությունը որոշվեց 1929 թ. նույնպես և այն վերջնականապես փոխանցվեց Ադրբեջանին: Կապանից հարավ-արևելք 21 ադրբեջանական գյուղերը մնացին Ադրբեջանի կազմում, իսկ Նյուվադին, որ 1922 թ. սահմանի նկարագրությամբ ՀԽՍՀ-ում էր, մնաց ՀԽՍՀ-ում: Շընըխ-Այրումի հատվածից անտառի մի մասը մնաց ՀԽՍՀ-ին, բայց բոլոր մահմեդական գյուղերը՝ Ադրբեջանին: 1929 թ. որոշումները, ընդհանուր առմամբ, ամենաբարենպաստն էին հայկական կողմի համար նաև հայ-վրացական սահմանի հատվածում, որտեղ հայկական Աղքյորփի, Չանախչի ու Բուրդաձոր գոյղերը փոխանցվեցին Հայաստանին, բայց դա տևեց երեկու-երեք տարի:

Ուրեմն, եթե հերթով նայենք վիճելի հատվածները՝ անկլային ադրբեջանական գյուղերի տարածքը, որոնք 1929 թ. փոխանցվեցին Հայաստանին, հետո վերադարձան Ադրբեջանի կազմ մոտ 34 կմ² էր: Շընըխ-Այրում ամբողջ գյուղախմբի տարածքը 11659 դեսյատին էր (127 կմ²), բայց Հայաստանի հետ վիճելի էր 4000 դեսյատինը: Ընդ որում, Հայաստանը առաջարկում էր մահմեդականներով բնակեցված այդ հատվածը փոխանցել իրեն, իսկ Արծվաշենը պատրաստ էր զիջել Ադրբեջանին, բայց թե Շընըխ-Այրըմի ադրբեջանցիներն էին դեմ Հայաստանի կազմում հայտնվել, համ Արծվաշենի հայերը՝ Ադրբեջանի:

Ալագյոլ լճերի հատվածում վիճելի հատվածը, որը միշտ օգտագործվել է Ադրբեջանի քոչվորների կողմից, վերջնականապես հանձնվեց Ադրբեջանին 1929 թ.-ին, մակերեսը 12000-13170 դեսյատին էր, այսինքն՝ 131-143,9 կմ²:
Սյունիքի հատվածում Կապանից հարավ ադրբեջանական 21 գյուղերի մակերեսը, որոնց աշխարհագրական սկզբունքով պահանջում էր հայկական կողմը, մոտ 60 կմ² էր:

Մեղրիի թաթերով բնակեցված գյուղերը, որոնցից գլխավորը Նյուվադին էր, որոնք թեև բոլոր տարածքային որոշումներով պատկանում էին Հայաստանին, սակայն հրաժարվում էին ընդունել հայկական իշխանությունը, 1929 թ. վերջանականապես մնացին Հայաստանի կազմում ու ունեին մոտ 100-120 կմ²:

Բացի դրանից, պետք է նշել, որ 1920-ականներին վիճելի էր Հայաստանի և Վրաստանի միջև ամբողջ անտառը Լալվար լեռան հյուսիսային լանջից մինչ ժամանակակից սահման (100 մոտ կմ²), ինչպես նաև Լամբալու (Բագրատաշեն) ու Քյորփլու (Զորական) գյուղերը (մոտ 60 կմ²), երկուսն էլ մնացին Հայաստանին:

Ու եթե գումարենք բոլոր վիճելի գլխավոր տարածքների գումարը ՀՀ տարածքին, որ ինքը կորցրեց, ասենք, 1920-ականներին կամ չստացավ, դա 127+(131/143,9)+ 60 (Կապանից հարավ 21 գյուղ) + 33,9 (Տավուշի ներսի անկլավներ) + 10/15 (որպես մանր կուրոստներ) = 362/375 կմ²:

Սա Հայաստանի մաքսիմալ կորուստն է այդ շրջանում, ու պետք է նշել, որ բոլոր կորցրած տարածքներում չկար հայկական գյուղ կամ բնակչություն: Բացի դրանից, Հայաստանը այդ ընթացքում վիճելի հատվածներից ոչ միայն կորուստ է ունեցեղ, այլ նաև չկորցրեց մահմեդական բնակչություն ունեցող որոշ հատվածներ (Նյուվադի, Շուռնուխ, նույն Լամբալու-Քյորփլու, որոնք թեև վիճարկում էր Վրաստանը, բայց նույնպես ադրբեջանական բնակչություն ունեին ու Նոյեմբերյանի տարածաշրջանի կարևորագույն հատվածներից են):

Ու ամենագլխավորը այն է, որ Ալմա-Աթային հռչակագրին հղելու ամբողջ իմաստն էլ դա էր (դե մեզանում, բացի կծու հեգնանքից, հազիվ սա հասկանան), որ պետական սահմանի հիմք են ճանաչվում այն վարչական սահմանները, որոնք եղել են ԽՍՀՄ փլուզման նախօրյակին, այսինքն 1980-ականների վերջին: Ու սա ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի համար է միայն, այլ բոլոր երկրների, որոնք իրականացրել են սահմանազատում, քանի որ Միջին Ասիայում, օրինակ, 1930-ականների պատկերը անճանաչելի տարբերվում էր 1980-ականների պատկերից, կամ նույն Բելառուս-Լիտվայի, երբ սահմանազատում էին իրականացնում, թեև Բելառուսում փորձեցին շահարկել այն թեման, որ Վիլնյուսը զիջել էին Լիտվային 1939 թ. ու հետ պահանջել, մեկ ա սահման ճանաչվեց այն սահմանը, որ կար փլուզման օրոք: Ու սա, իհարկե, շատ տրամաբանական սկզբունք ա:

Մի խոսքով, համ սկզբունքը՝ սահմանազատվել 1920-ականների հիմքերով՝ շատ ոչ միանշանակ ու խնդրահարույց է ու դեռ նախադեպեր չունի, համ 1200 կմ քառակուսի ավել տարածք չկա՛ ու չի կարող լինել (եթե, վերցնենք, ասենք, 1932 թ. այս քարտեզով, Հայաստանի տարածքը ավել է 1980-ականների տարածքից, հավանաբար, 20-30 կմ², այն էլ Վրաստանից ժամանակավոր կցված հայկական երեք գյուղի հաշվին), համ էլ, խոսելով Ադրբեջանի կողտ դիրքորոշումից ու իբր, Թուրքիայի հետ համատեղ պատերազմի պատրաստվելուց ու ակնկալել, որ եթե ինքը 1980-ականների քարտեզներով պատրաստ չէ սահմանազատում անել, 1200 կմ² տարածքը զուռնա-դհոլով հետ կտա, առնվազն, տարօրինակ է:

1932 թ. ՀԽՍՀ-ի ամենհստակ քարտեզը գեոդեզիական չափումների հիման վրա, որով Հայաստանի կազմում են նաև Խեյրիմլի գյուղը, Վրաստանից Աղքյորփի, Չանախչի ու Բրդաձոր գյուղերը, որոնք կարճ ժամանակ անց վերադարձան Ադրբեջան ու Վրաստան: Մյուս հատվածներում քարտեզը ստանդարտ է ու փորձեք 1200 կմ² կցել մեկ կամ կյուս կողմից, տես՝ հղումով։

Ալ լճեր կամ Ալագյոլլար հատվածը (130-143 կմ²), որը վիճելի էր ու անցավ Ադրբեջանին

480968827_9709222339129193_4288686348662581758_n

Կապանից հարավ ադրբեջանական 21 գյուղերը, որոնք մնացին Ադրբեջանի կազմում՝

480959511_9709225385795555_2329884832352507561_n

Շընըխ-Այրըմ հատվածի մոտ տարածքը (120 կմ²), որից հայկական կողմը 1920-ականների կեսերին վիճարկում էր միայն 43,5 կմ²՝ առաջարկելով Ադրբեջանին, փոխարենը, Արծվաշենը:

485309392_9709226255795468_1726031849330167341_n

Լալվարից հյուսիս անտառը ու Բագրատաշեն ու զորական (Լամբալու ու Քյորփլու) գյուղերի հատվածները, որոնք վիճելի էին Վրաստանի հետ, բայց մնացին Հայաստանին

481683460_9709231889128238_8520862804994701231_n

Նյուվադի, Երնազուր ու Թուղուտ թաթաբնակ գյուղերը, որոնք Մեղրիի հատվածում պահանջում էր Ադրբեջանը, սակայն դրանք մնացին Հայաստանին։

485368055_9709232689128158_337523393495778295_n

Նյուվադին, իմիջիայլոց, վերջին ադրբեջանական գյուղն է Հայաստանի տարածքում. եթե Հայաստանի ադրբեջանցիների մեծ մասը լքել է ՀԽՍՀ-ն 1988 նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, ապա Նյուվադիի բնակիչները՝ 1991 թ. օգոստոսին՝ ռազմական օպերացիայի արդյունքում:

Սամվել Մելիքսեթյան
մարտ 2025

հրապարակվել է հեղինակի ֆեյսբուքյան էջում