Home / Հայաստան / Բանաստեղծ Դավիթ Սևագիրը նոր տարին կդիմավորի կալանավայրում

Բանաստեղծ Դավիթ Սևագիրը նոր տարին կդիմավորի կալանավայրում

Բանաստեղծ Դավիթ Էլբակյանի հետ ծանոթացել էինք հոկտեմբերին։ Դրանից երկու օր առաջ նրան տարել էին Եղեգնաձորի ոստիկանություն, ապտակել, սպառնացել և ստիպել խոստովանել, որ «հարևանի տնից 40.000 դրամ է գողացել»։ Դեկտեմբերի 8-ին Դավիթին կալանավորել են ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անելու համար։

Եղեգնաձորի քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Անտոն Անտոնյանը և նրա տեղակալը, որոնք խփել էին Դավիթին, սպառնացել բռնաբարել մահակով և «քսիվ ուղարկել բանտեր», չեն պատժվել։ Նրանք մնում են իրենց պաշտոններին։ Քննչական կոմիտեից Epress.am-ին տեղեկացրել են, որ խոշտանգման առիթով հարուցված քրեական գործը կարճվել է «ապացույցների անբավարարության հիմքով»։

Դավիթի խոսքով, ոստիկանական բաժանմունքում իրեն փորձել են սադրել, որ «հարցը տղավարի լուծի»՝ օրինակ, հարվածի ի պատասխան․ «Եթե մատով կպնեի, տարիներով կփակեին։ Միլիցեքն ի՞նչ իրավունք ունեն ճշտից խոսելու»։ Բաժանմունքը լքելուց հետո Դավիթը հաղորդում է ներկայացրել խոշտանգումների մասին, զանգել է ներքին գործերի նախարարություն և քննչական կոմիտե, պահանջել է պատժել և համակարգից հեռացնել բռնարար ոստիկաններին․ «Հրապարակային խոսալն ու լրագրողների հետ շփվելը հեչ իմ սրտով չի, բայց եթե այլ ճանապարհով գնամ՝ ավելի կվնասեմ ինձ և մերոնց»։

Դավիթի մայրը պատմել է, որ տղան նախկինում մի քանի անգամ ոստիկանություն է ընկել, բայց գող չէ, այլ կռվարար է․ «Մեր են հայհոյել՝ ինքն էլ խփել ա, բռնել են։ Չենք բողոքել, մտածել ենք, որ օրենքով կպատժվի։ Մի անգամ էլ ոստիկանն ա ծնող հայհոյել՝ էլի խփել ա։ Հիմա ինչ լինում ա էս քաղաքում՝ գալիս են Դավիթի հետևից»։

Դեկտեմբերի 6-ին Դավիթը գնացել է Եղեգնաձորի ոստիկանության մոտ, 200 գրամ բենզին լցրել դռան դիմաց և կպցրել սիգարետով։ Կրակից ոչ մեկը չի տուժել, նույնիսկ գույքային վնաս չկա։ Նրան կալանավորել են երկու ամսով։

Պերֆորմանսի ժամանակ Դավիթի նկատմամբ արդեն խափանման միջոց կար կիրառված մեկ այլ ակցիայի համա՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Բողոքելով անդադար ոստիկանների թիրախում լինելուց և ընդգծելու համար, որ գողությամբ ինքը չի զբաղվում՝ Դավիթը տանիքից մտել էր խանութ, ինչ-որ ժամանակ մնացել ներսում և հեռացել՝ ոչինչ չվերցրելով։ Մայրն ասում է, որ գողության բացակայության փաստը արձանագրել էր նաև քննիչը․ «Ասում ա՝ գոնե մի հատ սոկ բացեր, խմեր»։

Դավիթի հետ հանդիպման ժամանակ՝ հոկտեմբերին, Epress.am-ի լրագրողներն իմացել էին, որ նա բանաստեղծություններ է գրում Դավիթ Սևագիր կեղծանվան տակ և մեկ-մեկ մտածում է դրանք հրապարակելու մասին։ Դեկտեմբերին հենց այդ հարցով էինք փորձում հանդիպել նրա հետ, երբ իմացանք, որ ոստիկանության դիմաց բենզին է վառել և կալանավորվել։  

Մայրը որդու բանաստեղծություններին ծանոթ չէ։ Նա փնտրեց և գտավ Դավիթ Սևագրի կազմած գրքույքներից մի քանիսը։ Ստորև ներկայացված են հատվածներ նրա պոեզիայից․

***

«Խորթ հերը»

Չեմ հիշում, թե երբ եմ իրեն հայր ասել։
Ինձ համար անուն ու սառը հայացք էր։
Իր տունը տուն չեղավ ինձ համար,
Իր գրկի փոխարեն փակ դուռ էր։

Նայում էր ինձ, բայց չէր տեսնում՝
Ես երեխա էի, ոչ խանգարող։
Բայց իմ լռությունն ավելի բարձր էր գոռում,
Քան ամեն մերժում։

Ես մեծացա իր ստվերում՝
Որպես հյուր մի տան մեջ,
Որտեղ իմ սենյակը կար,
Բայց իմ տեղը՝ երբեք չկար։

Խոսում էր ինձ հետ, երբեմն՝
Ոչ իբրև որդի, այլ ինչ-որ “մեր երեխեն”։
Ես էլ լռում էի միշտ՝
Չցանկանալով ավելի օտար դառնալ։

Հիմա չեմ կարողանում շփվել իր հետ,
Ոչ որովհետև ատում եմ,
Այլ որովհետև չսովորեցի
Չսովորեցրեց
Ու գուցե ինքն էլ երբեք չէր սովորել սիրել։

***
Ամեն բան կարգին էր մինչև ինչ-որ մեկը սկսեց ճանապարհս լուսավորել։
Խրամատներ,
փողոցներ,
մարդիկ,
խուլ ձմեռ,
տաք ամառ,
հոգնած արև,
աղոթող մայրեր
չեմ ընտրել:
Չեմ փախչում։
Չեմ հասկանում։
Հեռու տղաները իրար են սպանում։
Մեր ու տղաները իրար հետ վիճում։
Իրար ճանաչում են միայն անուններով։
Ազգ են դառնում։
Միշտ խորթ մեզ նմաններին
Ու բարեկամ այն հեռվին։
Բայց ես ձեր նման չեմ,
Երդում չեմ տալիս ոչ մեկին։

***
կուզենայի՝ մեկը իմ տեղը լիներ,
պայթում եմ ինչպես քար,
պայթյունից ծնվում է լույսը,
լուսավորում է մութ ճանապարհ

***
ես այլևս չեմ գրի սիրո մասին
որովհետև սերն այն չէր, ինչ ես պատկերացրեցի
եվ ես այն չէի, ինչ նա պիտի սիրեր
վերջ
տող չկա

***
սեր ու ատելություն
ո՞վ է ինձ պատել
ո՞վ է ներսում պայքար առաջացրել

***
չեմ սիրում ինձ
որովհետև սիրեցի քեզ
ու չեմ գտնում ելք անուղղելի ճշմարտությունների միջև

***
գնում են լույսի հետևից,
ես՝ ստվերից փախչելու
թողնում են տունը հանուն ազատության
ես՝ խելագարվելուց փրկվելու

***
չեմ պատկերացնում
բառերով ասել
ինչ է կատարվում
ինձ հետ
ճիշտ է հրաժարվել
մի բանից
որը շատ ես ուզում

***
Երբ աչքերս փակ են, կիսամեռ եմ,
Եվ դու իմն ես ոչ որպես սեփականություն։
Մարդը մարդուն չի պատկանում։
Սերն էն չի, ինչ անում ենք,
Այլ էն, ինչից չենք հրաժարվում։

Ապրել արժի
Ոչ թե հանուն երջանկության, այլ հիացման համար

***
Արգելված գոտին ունի տեր,
Խելագարեցում է նրանց, ովքեր մոտիկից նայեցին,
Կործանում է կյանքեր,
Մոլորեցնում արգելված քաղցրությամբ։
Ես հիմար չեմ, ես մոտեցա, կանգ չառա ու չկծեցի։

***
բողոքում են գլխացավանքից՝ ցավս բեռ է
վատը իմ անունով է գրված
երբ իրենք են խոսում, կյանքը առասպել է
գունավոր, հաղթանակած

***
Խի՞ իմ մերը իմ հանդեպ այսքան անարդար է։
Ես իրավունք չունե՞մ հեռանալ։
Ուզում եմ։
Մի կողմից՝ անունը չեմ ուզում տալ,
Մի կողմից մայրս, որ չի հասկանում։
Թող մտածի, որ մի զավակ
Դարձել է անհայտ կորածների շարքում,
Ինչպես մնացածը, որ ոչ ոք իրենց մասին չի մտածում։
Պիղծ մարդիկ բարձրանում են Եռաբլուր,
Զզվել եմ անիմաստ բաժակաճառերից, հոգնել եմ ձեզանից, նույն բարևներից,
Նմանվել եմ գայլի, որ իր կողմնակցին չի լքում թեքուզ սով և վիշտ։

***
«Տղավարի ցավ»

Աչքերիցս թափվում է արցունք՝
Բայց թափվում ա տղավարի։
Ձեր Աստծուն էլ չեմ հավատում։
Տարեք հեռու։
Թե սա է ձեր փրկությունը՝
Թող ինքը գա ու իր աչքերով տեսնի
․․․ինչ վիճակում ա էն մեկը, որ հավատացել էր։
Բոլորին խաբում եք։
Խոսում եք սիրուց, բայց մոռանում մարդուն։
Եվ ես մնում եմ ոչ մեղավոր, ոչ սուրբ,
Ուղղակի մենակ։

***

Ծիծաղալու ա, երբ մարդը շախմատ ա խաղում՝
Մտածելով, որ պիտի հաղթի։
Քայլերը չեմ անում սև ու սպիտակ,
Չեմ հասկանում՝ ինչ ա կատարվում,
Իմ սեղանին քարերը շարժվում են մենակ։
Տան մեջ եմ, բայց տանն իմ տեղը չկա։
Ամեն քայլից հետո՝ խոսքեր, դատողություններ,
Միտք եմ ասում՝ ծաղրում են,
Լռում եմ՝ ասում են՝ փակում եմ ինձ։
Չեմ ուզում լինել այդ խաղի խաղաքար։
Հաղթանակս իրենց դաշտում
Ինձ ոչ մի բան չի տալիս։
Չեմ խաղում, երբ խաղը սուտ ա,
Երբ ֆիգուրները մարդիկ են,
Երբ նայում են
Ոչ թե որ տեսնեն, այլ որ դատեն։
Իմ աշխարհը խաղատախտակ չի
Ու ես թագավոր չեմ, ոչ էլ զինվոր։
Թվում ա՝ իմ նման մարդիկ չեն մնացել,
բայց հետո զգում եմ՝ լիքն են։
Ուղղակի մեր նմանները լռում են՝
Որ ձայնը չխեղդվի պատերի արանքում։
Ճշմարտությունն էն չի՝ որ պիտի միշտ հաղթես,
Ճշմարտությունն էն ա՝
Որ խաղաս ինքդ քեզ հավատարիմ։
Չեմ ափսոսում, որ դիպա,
Ափսոսում եմ, որ հավատացի,
Թե թագուհին էլ երբեմն քայլում ա դեպի զինվորներ։