Home / Դատարան / Չեչնիայից՝ Սովետաշենի «անտերների գերեզմանոց»

Չեչնիայից՝ Սովետաշենի «անտերների գերեզմանոց»

5 ամիս առաջ Երևանում սպանված չեչեն կնոջը՝ Այշատ Բայմուրադովային այսօր առավոտյան հուղարկավորել են Սովետաշենի գերեզմանոցում։ Ընտանիքի անդամները հրաժարվել են վերցնել նրա աճյունը․ Հայաստանից ուղարկված դիմումներն ու խնդրանքները մնացել են անպատասխան։ «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ը Այշատի համար տեղ է հատկացրել «անտերների գերեզմանոցում»։ 

Սպանության մեջ կասկածվում են Ռուսաստանի երկու քաղաքացիներ՝ Կարինա Իմինովան և Սաիդ-Համզատ Բայսարովը։ Իրավապաշտպանների տեղեկություններով՝ նրանք կապեր ունեն Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի վարչակազմի հետ։ Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է՝ մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետևանքով։ Սպանության օրը կասկածյալները փախել են Ռուսաստան։ Թեպետ Հայաստանի իրավապահ մարմինները նրանց նկատմամբ հետախուզում են հայտարարել, Ինտերպոլի բազաներում չկա ո՛չ Իմինովայի, ո՛չ էլ Բայսարովի անունը։

Այշատը լքել էր Չեչնիան կանանց և ԼԳԲՏ+ մարդկանց աջակցող իրավապաշտպան կազմակերպության՝ SOS Հյուսիսային Կովկաս (СК SOS) ճգնաժամային կենտրոնի օգնությամբ։ 

Epress.am-ի հետ զրույցում նրա ընկերները պատմել էին՝ հայրն ու պապը մի քանի տարի առաջ նրան հարկադրաբար ամուսնացրել էին ծանոթ մի տղամարդու հետ, ուներ մանկահասակ երեխա, պարբերաբար ֆիզիկական և սեռական բռնության էր ենթարկվում «ամուսնու» կողմից, սեփական ընտանիքին ապավինել չէր կարող, փախել էր տնից և դիմել իրավապաշտպաններին։ Քանի որ Այշատը արտասահմանյան անձնագիր չուներ, նրան ժամանակավոր տեղափոխել էին Հայաստան, ուր կարելի է գալ նաև Ռուսաստանի ներքին անձնագրով։ Եվրոպացի պաշտոնյաները նրա պատմությունը «ոչ բավականաչափ հիմնավոր» էին համարել և մերժել պաշտպանության հայցը։ 

Սպանության շարժառիթները մինչև հիմա հայտնի չեն։ Փախուստից հետո նրա ընտանիքի անդամները՝ հայրն ու «ամուսինը», հրապարակավ հրաժարվել էին նրանից։ Մամուլում ենթադրություններ էին տարածվում, որ հանցագործության պատվիրատուներին պետք է փնտրել նրա ընտանիքում՝ «պատվի սպանություն»։

Բայց հաշվի առնելով Բայմուրադովայի ընդդիմադիր ակտիվությունը սոցիալական ցանցերում (Այշատը հրապարակավ քննադատում էր Կադիրովի ռեժիմը և կադիրովականների բեսպրեդելը ոչ միայն Չեչնիայում, այլև հանրապետությունից դուրս)՝ բացառված չէ, որ սպանության հետևում կանգնած են Չեչնիայի իշխանությունները։ 

Կադիրովի վարչակազմը խրախուսում է «պատվի սպանությունները», չեչեն ուժայինները հետապնդում և առևանգում են քաղաքական ընդդիմախոսներին, հանրապետությունում որս է հայտարարված ոչ հետերոսեքսուալ մարդկանց նկատմամբ․ արտադատական սպանությունների և հետապնդումների դեպքեր են գրանցվել թե՛ Չեչնիայում, թե՛ Չեչնիայից դուրս։

Այշատի ազգականների մեջ կան նաև Չեչնիայի ուժային կառույցների ներկայացուցիչներ և Կադիրովի հեռավոր բարեկամներ։ «Նովայա գազետայի» տվյալներով՝ Այշատը հորն անվանում էր «ռազմական թոշակառու», նրա հորեղբայրը Չեչնիայի ՆԳՆ աշխատակից է, ամուսինը՝ հրաձգության մարզիչ, որն ընկերություն է անում «Հյուսիս Ահմաթ» 78-րդ գուդերմեսյան հատուկ նշանակության գնդի հրամանատարի հետ, Այշատի տեգրը ծառայում է Ռամզան Կադիրովի անձնական պահակախմբում։ Բայմուդարովան պատմել էր Ճգնաժամային կենտրոնի աշխատակիցներին, որ իրա տատիկի՝ Մյալխազնի Բայմուդարովայի ազգանունն ամուսնանալուց առաջ Կադիրովա է եղել․ նա Չեչնիայի առաջին նախագահ և Ռամզան Կադիրովի հայր Ախմատ Կադիրովի ազգականներից է։

Ընկերուհի ինստագրամից

Ընկերները, որոնց հետ Այշատը բնակարան էր վարձակալում Երևանում, նրա անհետացման մասին ոստիկանությանը հաղորդել են 2025 թվականի հոկտեմբերի 17-ին։ Հոկտեմբերի 15-ին կինը զբոսանքի է գնացել Ինստագրամով ծանոթացած մի աղջկա հետ և այլև չի վերադարձել։ Ավելի ուշ պարզվել է, որ այդ աղջկա հետևորդների մեջ կան նաև մարդիկ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի շրջապատից։

Հոկտեմբերի 19-ի ուշ երեկոյան Այշատի դին հայտնաբերել են Երևանի Դեմիրճյան փողոցում՝ վարձակալված բնակարանում։

Քննչական կոմիտեն հաստատել է՝ ինստագրամյան ընկերուհին, որը նրան «զբոսանքի» էր հրավիրել, 31-ամյա Կարինա Իմինովան է։ СК SOS-ի իրավապաշտպանները պարզել են, որ Իմինովան [ներկայացել է Ջամիլյա կեղծանունով] ծանոթներին ասել է, իբր ծնվել է Դաղստանում, թեև, ինչպես հետագայում է պարզվել, նա ծնունդով Ղրղզստանից է, ապրում է Մոսկվայում և երբևէ որևէ կապ Դաղստանի հետ չի ունեցել։ Բայց, ՃՏՊ տուգանքների դատաբազայի համաձայն, Կարինան եղել է Չեչնիայում։

Հայտնի է, որ նա շփվել է Չեչնիայից եկած այլ կանանց հետ ևս, հրավիրում է նրանց հանդիպումների։ Իրավապաշտպանները խորհուրդ են տվել բոլորին խուսափել նրա կամ ցանկացած այլ անծանոթի հետ օֆլայն շփումներից։ Այշատը խորհուրդին չի հետևել, որովհետև հավատացել է Կարինայի հորինած պատմությանը։

Սպանությունից հետո Իմինովան լքել է Հայաստանի տարածքը, դադարել է կապի դուրս գալ Այշատի անհետացումից անմիջապես հետո, ավելի ուշ ջնջել է նաև իր օգտահաշիվը WhatsApp հավելվածում։ Նրա ինստագրամյան էջի հետևորդներից է Ռուբաթի Միցաևան՝ Իչկերիայի վտարանդի վարչապետ Ախմեդ Զաքաևի նախկին թիմակիցը, որը 2021-ին Եվրոպայից վերադարձել է Չեչնիա և հավատարմության երդում տվել Կադիրովին:

Երկրորդ կասկածյալի՝ Սաիդ-Համզատ Բայսարովի ինքնությունը իրավապահները պարզել են հսկման տեսախցիկների ձայնագրություններից։

5 ամիս շարունակ Հայաստանում մնացած աճյունը չէր ստացվում հուղարկավորել բյուրոկրատական քաշքշուկների պատճառով։ Ըստ օրենքի, Այշատի ընկերներն ու զուգընկերը մարմնի հետ կապված որոշումներ կայացնելու իրավունք չունեին, ծնողները չէին գալիս աճյունը վերցնելու։ Նրան ի վերջո հուղարկավորել են Նուբարաշենի գերեզմանոցի՝ «անտերների համար» նախատեսված հատվածում։