Ղարաբաղի հայերին խեղդում են․ Շուշիում տոն է
Արդեն 12 օր է՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ոչ մի շարժ չի իրականացնում Լաչինի միջանցքով։ Հակարիի կամրջին ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո Կոմիտեն ընդամենը երկու անգամ է հատել միջանցքը․ ապրիլի 28-ին Հայաստան են տեղափոխել 13 բուժառուների, ապրիլի 29-ին՝ ևս 16-ի։ Հետագայում հիվանդների տեղափոխությունը դադարեցվել են։ Դեղորայք էլ չեն մատակարարում։ «Դա մեր որոշումն է։ Մենք բոլոր պատկան մարմիններին տեղյակ ենք պահել դրա մասին։ Հիմա գտնվում ենք բանակցությունների փուլում ․․․ քանի որ պետք է պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար, որպեսզի մենք՝ որպես չեզոք կազմակերպություն, կարողանանք շարունակել մեր մարդասիրական դերը․․․ Հիմա նոր իրավիճակ է ստեղծվել։ Պետք է այս նոր իրավիճակում հասկանալ՝ արդյոք պայմանները նույնն են մնում, արդյոք ընդունելի է բոլորի համար այդ պայմանները », - ասել է Կարմիչ խաչի միջազգային կոմիտեի արցախյան առաքելության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը։ տե՛ս «Ադրբեջանի ցուցակներում սաղս էլ սև ենք»․ Ղարաբաղում կանչում են փողոց Ինչո՞ւ են բանակցությունները ձգձգվում՝ պարզ չէ։ Ղարաբաղում ծանր վիճակում գտնվող հիվանդներ կան, նրանց Երևան չեն տեղափոխում, նախօրոք սահմանված ժամկետները արդեն խախտվել են, նոր ժամկետներ չեն էլ նշվում։ «Ադրբեջանի բռնատիրական ռեժիմն ապրիլի 29-ից արգելափակել է նույնիկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շարժը։ Այժմ էլ Ադրբեջանը փորձում է հիվանդների և Կարմիր խաչի աշխատակիցների անձնագրերը ստուգել։ 30 հիվանդ սպասում է տեղափոխությանը», - թվիթերում գրել է Ղարաբաղի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ Էթերի Մուսայելյանը հակադարձել է՝ Լաչինի միջանցքով հիվանդների չտեղափոխելը Կարմիր պաչի որոշումն է։ Աշխատանքը կշարունակեն, երբ բոլոր հարցերը պարզաբանված լինեն։ Ինչ հարցերի մասին է խոսքը՝ Մուսայելյանը չի մանրամասնում։ Ասում է՝ բանակցությունների դետալները հրապարակման ենթակա չեն։ Ալիևի հոր արև «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնվել է» Ադրբեջանական անցակետը տեղադրվել է Հակարիի կամրջին՝ Լաչինի միջանցքում, որը, համաձայն 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, պետք է գտնվեր ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ Հայտարարության այս դրույթը փաստացի այլևս չի գործում։ տե՛ս Անցակետ Լաչինում․ Ռուսաստանին ուղղված գանգատներ կան, բայց այլընտրանք չկա Ռուսական զորախմբի հրամատարները (սկզբում Անդրեյ Վոլկովը, իսկ Վոլկովի պաշտոնանկությունցի հետո՝ նորանշանակ Ալեքսանդր Լենցովը) շաբաթներ շարունակ բանակցում էին, որպեսզի անցակետը հեռացվի։ Օրեր առաջ հայտարարվեց, որ այդ բանակցությունները արդյունք չեն տվել։ տե՛ս Ղարաբաղի հայերի նոր հույսը Շոյգուի խորհրդական գեներալն է Նոր անցակետն արդեն ներառվել է Ադրբեջանի պետական սահմանի անցակետերի ցանկում։ Հոր՝ Ադրբեջանի նախորդ նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան օրվա առթիվ Իլհամ Ալիևն այսօր մեկնել էր Շուշի՝ մասնակցելու «տոնական» միջոցառումներին։ Առավոտյան տեսաուղերձում նա հպանցիկ հիշատակել է նաև Հակարիի հսկիչ կետը․ «Ապրիլի 23-ին մենք հայ-ադրբեջանական սահմանին տեղադրել ենք անցակետ, բարձրացրել այնտեղ Ադրբեջանի դրոշը, ամբողջությամբ վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը», - հայտարարել է Ալիևը՝ ներկայացնելով սա որպես հոր («Մեծ առաջնորդի») պատգամ և արդեն կայացած իրականություն։ Ադրբեջանական անցակետում հերթափոխում են զինված սահմանապահները, այն արդեն կահավորվել է և համալրվել բեռների պարունակությունը ստուգող շարժական ռենտգենով։ Տեղաշարժ, սակայն, չկա։ Չնայած Բաքուն հայտարարում է, թե ճանապարհը բաց է, ղարաբաղյան և հայաստանյան մեքենաներն այստեղով չեն անցնում։ տե՛ս Ղարաբաղը ապահայաֆիկացվում է Անցակետը հատելու միայն մեկ դեպք է եղել՝ Շուշիի շրջանի 4 հայկական գյուղերի բնակիչներն էին։ Ապրիլի 23-ից հետո Հին Շենը, Մեծ Շենը, Լիսագորն և Եղծահողը մնացել են ադրբեջանական նոր անցակետի ու Շուշի-Քարինտակ խաչմերուկը փակած ադրբեջանցի ուժայինների արանքում։ «Էկոակտիվիստական» բլոկադայի ամիսներին գյուղացիները կարողանում էին գոնե Գորիս հասնել, այժմ երկու կողմից շրջափակված են։ Ռուս խաղաղապահները սնունդ չեն մատակարարում, Կարմիր խաչի մեքենաներն էլ չեն գալիս։ Տեղացիները ահազանգում են՝ ուտելիքն արդեն սպառվում է, դեղերի պակաս կա, անասունի կերն էլ է պրծնում։ Նրանցից մի քանիսը՝ ռուս խաղաղապահների հետ նախօրոք պայմանավորվելով, մայիսի սկզբին հատել էին նոր անցակետը։ Մարդկանց տեղաշարժը նկարահանվել էր և տարածվել ադրբեջանական լրատվամիջոցներով։ Տեսանյութում երևում էր, ոնց են ադրբեջանցի սահմանապահները ստուգում գյուղացիների փաստաթղթերը և մեքենաների պարունակությունը, ինչ-որ հարցեր տալիս ու թողնում անցնել։ Տեսանյութի հրապարակումից հետո շարժը դադարեցվել է։ Ղարաբաղի ոստիկանությունը փակել է ճանապարհը, որպեսզի «մարդիկ չհայտնվեն ադրբեջանական քարոզչության թակարդում» և այլևս չօգտվեն անցակետից։ Ստեփանակերտում խոսակցություններ են շրջանառվում, թե նոր անցակետում կարող են նոր պահանջներ էլ դնել, օրինակ՝ որ Արցախից դուրս գալ կարող եք, հայկական անձնագրով ներս գալ՝ ոչ։ Պաշտոնապես նման բան չի հայտարարվել, բայց Իլհալ Ալիևի վերջնագրերի ֆոնին նման սցենարներն էլ են հնարավոր թվում։ Շրջափակման մեջ մնացած մարդիկ հիշեցնում են նաև Ադրբեջանի «սև ցուցակների» մասին՝ ոչ մի երաշխիք չկա, որ տղամարդկանց անցակետից չեն առևանգի։ տե՛ս Ամերիկյան բանակցությունների մասին՝ Երևանից և Բաքվից Ռուսական խաղաղապահ զորախմբի նորանշնակ հրամանատար, գեներալ Ալեքսանդր Լենցովը ապրիլի վերջին Ղարաբաղ ժամանելուց անմիջապես հետո մեկնել էր Բաքու՝ բանակցելու։ Ղարաբաղցիներին գեներալը հավաստիացրել էր, թե փորձելու է հասնել Լաչինի միջանցքից ադրբեջանական անցակետի հեռացմանը և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված ռեժիմի վերականգնմանը։ Բանակցությունները, սակայն, արդյունք չեն տվել։ «Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել», - մայիսի 8-ին գրել է Ղարաբաղի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ թարմացում — Մարտի 17-ին՝ 18-օրյա դադարից հետո, Կարմիր Խաչը վերսկսել է մարդասիրական տեղաշարժը Լաչինի միջանցքով․ «Կարողացել ենք տեղափոխել առաջնային պարագաներ, այդ թվում դեղորայք ու այլ պարագաներ, որոնք անհրաժեշտ են բժշկական հաստատություններին»։
Երեխաները մնում են «Զատիկի» գերին․ նոր արձանագրումներ
Բռնություններ՝ «աշխատակիցների կողմից, երեխաների կողմից և երեխաների միջև», ընդհանուր ներքնազգեստ, բաց զուգարաններ և այլն...
Քաղաքական խաղեր, մոսկովյան ոճ․ հանրահավաք Ստեփանակերտում
Ռուբեն Վարդանյանն ու Բակո Սահակյանն ընդդեմ Սամվել Բաբայանի․ Արայիկ Հարությունյանը արդեն սպառվել է․․․
Էրդողանն ընդդեմ սոխի և այլ նախընտրական գործոնները
Հինգ օրից Թուրքիայում նախագահական ընտրություններ են․․․
Քառօրյա բանակցությունների մասին՝ Երևանից և Բաքվից
առանց Բաքու-Ստեփանակերտ բանակցային մեխանիզմի «հազիվ թե Հայաստանը խաղաղ պայմաններում որևէ փաստաթուղթ ստորագրի»
Ասանժը Չարլզին հրավիրում է բանտ
WikiLeaks-ի հիմնադիր, լրագրող Ջուլիան Ասանժը (2019 թվականից պահվում է բրիտանական Բելմարշ բանտում) նամակ է գրել հանգուցյալ Եղիսաբեթ II-ի որդուն, որն այսօր պաշտոնապես դարձավ Մեծ Բրիտանիայի միապետ Չարլզ III-ը։ Թարգմանությունը՝ ստորև․ Նորին Մեծություն Չարլզ III Թագավորին, Գերապետիս թագադրման առթիվ ես մտածեցի, որ տեղին կլինի սրտանց հրավեր ուղղել ձեզ՝ ոգեկոչելու այս վճռորոշ իրադարձությունը ձեր թագավորության մեջ գտնվող թագավորություն՝ Նորին Մեծության Բելմարշ բանտ այցելելով։ Անկասկած, դուք կհիշեք հայտնի թատերագրի իմաստուն խոսքերը․ «Գութը բնոյթով հարկադիր բան չէ/ Այլ կաթում է նա քաղցր անձրեւի պէս/ Երկնքից ներքեւ»: Ա՜հ, բայց ի՞նչ կարող էր այս նվագասացն իմանալ գթասրտության մասին, որը ձեր պատմական թագավորության ծեգին առերեսվել է հատուցման։ Ի վերջո, հասարակությանը հնարավոր է ճշմարտապես չափել նրանով՝ ինչպես է այն վերաբերվում սեփական բանտարկյալներին, և ձեր թագավորությունն, անկասկած, այստեղ առաջադիմել է։ Ձերդ Մեծության Բելմարշ բանտը գտնվում է Լոնդոնի One Western Way հասցեում` Գրինվիչի Հին թագավորական ռազմածովային քոլեջից ընդամենը մի կարճ աղվեսաորսի չափ հեռավորության վրա։ Ենթադրաբար հաճելի է, որ նման պատկառելի հաստատությունը հենց ձեր անունն է կրում։ Ձեր հավատարիմ հպատակներից 687-ն այստեղ են պահվում՝ ապահովելով Միացյալ Թագավորության իբրև Արևմտյան Եվրապայի՝ բանտարկյալների թվով առաջատար պետության հեղինակությունը։ Ինչպես բոլորովին վերջերս հայտարարեց ձեր ազնվական կառավարությունը, թագավորությունում այժմ տեղի է ունենում «բանտավայրերի ամենամասշտաբային ընդլայնումը վերջին մեկ դարում»․ կառավարության հավակնոտ կանխատեսումների համաձայն՝ բանտարկյալների թիվը գալիք 4 տարիների ընթացքում 82 հազարից կաճի 106 հազարի։ Իսկապես՝ տպավորիչ ժառանգություն։ Իբրև քաղաքական բանտարկյալ, որ ազատազրկվել է Ձերդ Մեծության ցանկությամբ՝ ամոթխած օտարերկրյա սուվերենի անունից, ես պատիվ ունեմ բնակվել համաշխարհային մակարդակի այս հաստատության պատերի հետևում։ Ձեր թագավորությունը, հիրավի, սահմաններ չի ճանաչում։ Այցի ընթացքում Դուք հնարավորություն կունենաք ըմբոշխնել այն ախորժանքները, որոնք պատրաստվում են Ձեր հավատարիմ հպատակների համար՝ օրական 2 ֆունտ ստերլինգ առատապարգև բյուջեով։ Համտեսե՛ք թունայի աղացած գլուխները և ամենագո զանգվածները, որոնք իբրև թե պատրաստված են հավի մսից։ Մի՛ մտահոգվեք՝ ի տարբերություն ավելի փոքր հաստատությունների, ինչպիսիք են, օրինակ, Ալկատրասն ու Սան-Քուենթինը, այստեղ ընդհանուր ճաշարան չկա։ Բելմարշում բանտարկյալները ճաշում են միայնակ՝ իրենց խցերում, ինչը սննդի հետ առավելագույն մտերմություն է ապահովում։ Հավաստիացնում եմ Ձեզ՝ համային հաճույքներից բացի, Բելմարշը նաև լայն կրթական հնարավորություններ է տալիս ձեր ենթականերին։ Ինչպես Առակաց 22.6-ում է ասվում․ «Կրթիր երեխային իր ճամփան սկսած ժամանակ, որպեսզի իր ծերության ժամանակ էլ նրանից չհեռանա»: Ակնդիր եղե՛ք նաև բուժկետի մոտի քստքստացող հերթերին․ դատապարտյալներն այստեղ դեղատոմսեր են հավաքում ոչ թե ամենօրյա օգտագործման, այլ «big day out»-ի հորիզոնն ընդլայնող փորձառության համար՝ միանգամից ամեն ինչ։ Դուք հնարավորություն կունենաք նաև հարգանքի տուրք մատուցել իմ հանգուցյալ ընկերոջը՝ Մանոել Սանտոսին՝ գեյ տղամարդուն, որը կարող էր արտահանձնվել Բոլսոնարուի Բրազիլիա, որն ինքնասպան եղավ իմ խցից ընդամենը 8 յարդ հեռավորության վրա՝ իր սավանից պատրաստված պինդ պարանով։ Նրա նուրբ տենորը հավիտյան լռեց։ Խիզախեք առաջանալ դեպի Բելմարշի խորքեր և դուք կգտնեք դրա ամենամեկուսացված տեղերը՝ առողջապահությունը (Healthcare) կամ «դժոխապահությունը» (Hellcare), ինչպես այն սիրով անվանում են այստեղի բնակիչները։ Այստեղ դուք կհիանաք խոհամիտ կանոններով, որոնք սահմանվել են բոլորի անվտանգության համար, օրինակ՝ շախմատի արգելքով, մինչդեռ շաշկին, որը պակաս վտանգավոր է, թույլատրված է։ Դժոխապահության ամենախորքում գտնվում է Բելմարշի, ավելին՝ ամբողջ Միացյալ Թագավորության ամենափառահեղ, ամենաոգևորիչ տեղը, որը վսեմորեն անվանվել է Belmarsh End of Life Suite։ Ականջ դրե՛ք և դուք կարող եք լսել բանտարկյալների «Եղբայր, ես այստեղ կմեռնեմ» աղաղակները, որոնք վկայում են ձեր բանտում և՛ կյանքի, և՛ մահվան որակի մասին։ Բայց մի՛ վախեցեք, այս պատերի հետևում նաև գեղեկություն է կարելի գտնել։ Նայե՛ք գեղատեսիլ ագռավներին, որոնք բույն են դրել փշալարերի վրա, և հարյուրավոր քաղցած առնետներին, որոնք Բելմարշը տուն են համարում։ Եթե այցի գաք գարնանը, կարող եք տեսնել նույնիսկ բադիկներին, որոնց բանտի տարածքում ձվադրել են մոլորված մրտիմները։ Բայց մի՛ հապաղեք, որովհետև բկլիկ առնետները վստահ են, որ նրանց կյանքն անցողիկ է։ Ես խնդրում եմ ձեզ, Թագավո՛ր Չարլզ, այցելել Նորին Մեծության Բելմարշ բանտը, քանզի դա արքայավայել շնորհ է։ Երբ սկսեք տիրել, միշտ հիշեք աստվածաշնչյան խոսքերը՝ ըստ թագավոր Հակոբոսի․ «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն» (Մատթեոս 5:7)։ Եվ թող ողորմությունը լինի ձեր թագավորության առաջնորդող լույսը՝ Բելմարշի ներսում և դրսում։ Ձեր ամենանվիրյալ ենթակա՝ Ջուլիան Ասանժ
20 միլիոն մարդու կյանք խլած կորոնավիրուսն այլևս համաճարակ չէ
Մարդիկ դեռ շարունակում են մահանալ կորոնավիրուսից, սակայն մահացությունների մակարդակը զգալիորեն նվազել է․․․
Սև ցուցակը երկարում է, իսկ Վանաձորի ճամփեքը մնում են քանդված
8 ամիս առաջ ավիրել էին, մինչև հիմա չեն վերանորոգում, դարբինյանականին այլընտրանք չկա
Բոլորը զինվորների արյան վրա փող են աշխատում
Այսօր Կառավարության շենքի մոտ հերթական ակցիան էին անում ոչ մարտական պայմաններում սպանված զինվորների ծնողները․․․
Հայաստանը խոստանում է պաշտպանել ՌԴ-ում հետապնդվող պատանուն. մանրամասներ
Երևանում երեկ բերման ենթարկված ռուսաստանցի դեռահասին խոստանում են չարտահանձնել․․․
Բոլորը զինվորների արյան վրա փող են աշխատում
Ոչ հաստիքային ղարաբաղցիները կանչում են փողոց․ զրույցներ
— Եթե պայքար չլինի, նենց օրն են գցելու ղարաբաղցիներին, որ ստեղից խնդրելու ենք Նիկոլին, որ ասի «Ղարաբաղը Ադրբեջան է»՝ թողնեն դուրս գանք