Հինգ օրից Թուրքիայում նախագահական ընտրություններ են։ Մայիսի 14-ին պարզ կդառնա, արդյո՞ք Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով երկիրը ղեկավարում է ավելի քան 20 տարի, կմնա իշխանության ղեկին, թե ոչ։
Մայիսի 9-ին՝ քվեարկությունից 5 օր առաջ, գործող նախագահը հայտարարել է, որ բարձրացնում է պետական ծառայողների աշխատավարձերը 45%-ով՝ նրանց նվազագույն աշխտավարձը հասցնելով 15 հազար լիրայի (մոտ 770 դոլար)։
Ըստ հարցումների՝ գործող նախագահին և ընդդիմադիր թեկնածուին՝ Քեմալ Քըլըչդարօղլուին, աջակցող ընտրազանգվածը, երկու դեպքում էլ գերազանցում է 40%-ը։ Իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ) ու նրա առաջնորդը զիջել են առաջատարի դիրքերը ռեկորդային գնաճից և երկրաշարժից հետո։
Ի՞նչ մթնոլորտում է ընթանում նախընտրական քարոզարշավը Թուրքիայում և ի՞նչ են ակնկալում բնակիչները։
Նախորդ նախագահական ընտրություններին, պաշտոնական տվյալների համաձայն, գործող նախագահ Էրդողանը հավաքել էր ձայների 52,5%-ը։ Վերջին հարցումների տվյալները տարբեր են՝ կախված աղբյուրից։
Ըստ Թուրքիայի խոշորագույն թերթերից մեկի՝ Hürriyet-ի (ի սկզբանե համարվում էր ընդդիմադիր, սակայն վերջին տարիներին ԱԶԿ-ի կողմնակիցները վերահսկողության տակ են վերցրել այն) տվյալների՝ մայիսի 2-ի դրությամբ թեկնածուներից ոչ մեկը հաղթելու համար պահանջվող 50%-ից ավել չի հավաքելու։ Էրդողանի շանսերն, իհարկե, ավելի մեծ են՝ 48,6%, վեց կուսակցություններից բաղկացած ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածուն ունի 44,1%, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեինը՝ 4,3%, աջ-ազգայանական «Աթա» դաշինքի թեկնածու Սինան Օղանինը՝ 3%:
Քաղաքական հետազոտությունների անկախ ընկերության՝ SER-AR-ի, մայիսի 3-ին անցկացված հարցումների համաձայն՝ ընդդիմությունն է առաջատարը. Քըլըչդարօղլուն՝ 52,7%, Էրդողանը՝ 44,3%, Ինջեն՝ 1,4%, Օղանը՝ 1,6%:
երկրաշարժ
Թուրքիայի հարավում փետրվարին տեղի ունեցած հզոր երկրաշարժերն ու դրա հետ հետևանքները հաղթահարելու իշխանությունների անկարողությունը թուլացրել են գործող նախագահ Էրդողանի դիրքերը ընտրությունների նախաշեմին։ Վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայի տուժած 11 նահանգներում մահացել է ավելի քան 50 հազար մարդ, իսկ հետևանքները ազդել են շուրջ 15,7 միլիոն բնակիչների վրա։
Իշխանություններին մեղադրում էին փրկարարաական գործողությունների անկազմակերպվածության մեջ։ Օգնությունը որոշ տարածքներում, ըստ տեղացիների, հասնում էր երեք օր ուշացմամբ, մարդիկ օրերով մնում էին փլատակների տակ, իսկ որոշներին օգնություն ընդհանրապես չէր հասնում։ Քննադատություններին ի պատասխան՝ իշխանությունները սկզբից արգելափակել էին Twitter-ը, որտեղ էլ հենց հրապարակվում էին ավերված շինությունների տեսանյութերը․ փլատակների տակ մնացած մարդկանց հարազատները խնդրում էին փրկրարներ ու տեխնիկա ուղարկել իրենց մոտ։ Այնուհետև Էրդողանը ելույթ էր ունեցել, խոստովանելով, որ փրկարարական գործողությունները այնպես չեն անցել, ինչպես ակնկալվում էր։
Գյուզելը, ում հարազատները եկել են իր տուն՝ Իզմիր, ավերված Ադըյամանից, Currenttime-ի հետ զրույցում ասում է, որ երկրաշարժը փոխել է վերաբերմունքը Էրդողանի նկատմամբ ոչ միայն աղետից փրկվածների, այլև ողջ հասարակության շրջանում։
«Թուրքիայում գրեթե բոլորն աղետի գոտում հարազատներ, կամ ծանոթներ, կամ ընկերներ ունեին։ Եվ այն փաստը, որ իշխանությունները փաստացի պատրաստ չէին և չկարողացան օգնել իրենց քաղաքացիներին, ստիպեց մարդկանց վերանայել իրենց դիրքորոշումը ԱԶԿ-ի նկատմամբ», – պատմում է Գյուզելը:
Աղետի գոտուց տեղափոխվածները մտավախություն ունեն, որ չեն կարողանա մասնակցել քվեարկությանը, քանի որ նոր վայրում նրանց մեծամասնությունն ապրում է առանց գրանցման։ Պաշտոնական տվյալներով՝ երկրաշարժի պատճառով այլ քաղաքներ և մարզեր է տեղափոխվել 3,3 միլիոն մարդ, որից 1,5 միլիոնն է միայն կարողացել գրանցվել նոր բնակության վայրում։ Իշխանությունները ապրիլի վերջին հայտարարել են, թե աղետի գոտուց տեղափոխվածները ընտրություններին մասնակցության խնդիր չեն ունենա, սակայն չեն հստակեցրել՝ խոսքը բոլոր ընտրողների, թե միայն գրանցվածների մասին է։
Գործնականում նրանք, ովքեր տեղափոխվել են իրենց հարազատների տներ (օրինակ՝ Գյուզելի քրոջ ընտանիքը), նոր վայրում քվեարկել չեն կարողանա։ Գյուզելի խոսքերով՝ նրա հարազատները ստիպված են հետ վերադառնալ իրենց ավերված քաղաք և փորձեն չավերված ընտրատեղամաս գտնել։ Ոչ կենտրոնական, ոչ էլ տուժած նահանգների իշխանությունները հստակ ցուցումներ չեն տալիս, թե ուր գնալ և որտեղ ստանալ տեղեկատվություն ընտրատեղամասերի վերաբերյալ։
Բացի այդ, մարդիկ չեն կարողանում հասնել ավերված քաղաքներ ու գյուղեր, նույնիսկ եթե դրա համար գումար ունեն (շատերը երկրաշարժի ժամանակ կորցրել են ամբողջ ունեցվածքը)։ Ինքնաթիռի տոմս գնելն անհնար է՝ այս խնդիրը սոցիալական ցանցերում քննարկվում է արդեն մի քանի շաբաթ։ Թուրքական ավիաուղիները (49%-ը պետական է) չեն վաճառում, օրինակ, դեպի Հաթայ թռիչքների տոմսեր, որտեղից էլ հենց եկել են Գյուզելի հարազատները։ Միաժամանակ, ինքնաթիռները շարունակում են թռչել՝ հայտնում են օգտվողները և հրապարակում դատարկ սալոնների լուսանկարները։
գնաճ
Ընտրողների դիրքորոշման վրա ազդող երկրորդ գործոնը երկրի տնտեսության վիճակն է։ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի պաշտոնական տվյալներով՝ գները մեկ տարում կրկնապատկվել են, աճել 105%-ով։ Թուրքիայի բնակիչները կարծում են, որ իրականում իրավիճակը շատ ավելի վատ է։
«Գները փոխվում են ամեն օր։ Երեկ սուպերմարկետից լոլիկ չկարողացանք գնել, քանի որ հին գնապիտակն արդեն չէր գործում, իսկ նորը դեռ որոշված չէր։ Աճող գնաճն օգտագործում են իրենց շահույթի համար․ մասնավոր խանութների տերերը կամ նրանք, ովքեր իրենց ապրանքը վաճառում են շուկայում, այժմ այնպիսի գներ են կրակում, որ նախկինում նույնիսկ չէին էլ մտածի ասել։ Սոխի մի կապոցը 2-ի փոխարեն 15 լիրա արժե», – Currenttime-ի հետ զրույցում ասում է Ստամբուլի բնակիչ Ջեմալը։
Մասնավորապես՝ սոխի գներն այս գարնանը մեծ վրդովմունք են առաջացրել Թուրքիայում։ Առանց դրա անհնար է պատկերացնել ավանդական խոհանոցը, Թուրքիայի գյուղատնտեսական պալատների միության հաշվարկներով՝ տարեկան մեկ անձը միջինում 21 կգ սոխ է սպառում։ Միության տվյալներով՝ վերջին մեկ տարվա ընթացքում սոխը թանկացել է 600%-ով, այսինքն՝ եթե անցյալ տարվա գարնանը մեկ կիլոգրամն արժեր չորս-հինգ լիրա, ապա այժմ արժե 30 լիրա (մոտ 1,5 դոլար): Ի պատասխան քննադատությունների Էրդողանը հայտարարել էր, թե իր ընտրողներն իրենց առաջնորդին չեն փոխի «ոչ սոխի, ոչ էլ կարտոֆիլի հետ»։
Պարենային ապրանքների գնաճին զուգահեռ աճում են նաև անշարժ գույքի գները։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ դրանք աճել են «ընդամենը» 2,5 անգամ։ Ըստ նույն տվյալների՝ վարձակալության գներն աճել են գրեթե նույն չափով․ օրինակ Ստամբուլում՝ 140%-ով։
«Եթե անցյալ տարվա վերջին ես կարող էի երկու սենյականոց բնակարան վարձել Իզմիրի կենտրոնում 3 հազար լիրայով (մոտ 150 դոլար), և դա լավ տարբերակ էր համարվում, ապա այժմ նույն տարածքում մեկ-սենյականոց բնակարանն արժե արդեն 10 հազար լիրա (ավելի քան 500 դոլար)։ Իմ աշխատավարձը նույն տեմպերով չի աճում: Միջին եկամուտ ունեցող մարդկանց համար բնակարան վարձելն այժմ ուղղակի անիրատեսական է։ 10-12 հազար լիրան համարվում էր լավ աշխատավարձ, այժմ դա բավարար կլինի կամ սննդի, կամ բնակարանի համար», – ասում է Իզմիրի ավագ դպրոցի ուսուցչուհի Տուբան։
Ընդդիմադիրներն ընդգծում են, որ գործող նախագահը սովորություն ունի գնաճի հարցը լուծել ոչ թե տնտեսական միջոցներով, այլ Կենտրոնական բանկի ղեկավարներին պաշտոնանկ անելով․ երկու տարվա մեջ Էրդողնը արդեն երեք ԿԲ նախագահ է աշխատանքից ազատել, որոնցից վերջինին՝ Սաիթ Էրդալ Դինչերին, 2022 թվականի հունվարին։ Տեղի մամուլի հաղորդմամբ՝ Էրդողանին չէին գոհացրել գնաճի վերաբերյալ նրա հրապարակած տվյալները․ 2021 թվականի դեկտեմբերին 36%, որն այն ժամանակ 20 տարվա ռեկորդ էր։
Իշխող կուսակցությունն ու Էրդողանը, իհարկե, չեն մեկնաբանում Թուրքիայի տնտեսության վիճակը։ Փոխարենը առաջարկում են բնակիչներին պահպանել «վստահության և կայունության մթնոլորտ»։
նախընտրական քարոզարշավ
Ընդդիմության և իշխող կուսակցության երկխոսությունն անցնում է հրապարակային ելույթներով։ Էրդողանը չի պատասխանում գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուի ուղիղ եթերով բաց բանավեճ անցկացնելու հրավերին։ Բանավեճի բացակայության պայմաններում երկու կողմերն էլ շեշտը դնում են հանրահավաքային քարոզչության վրա։
Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցների հանրահավաքը Անկարայում՝ 2023թ․-ի ապրիլի 30-ին։
Իշխող ԱԶԿ-ի առաջին հանրահավաքը տեղի է ունեցել ապրիլի 29-ին՝ Անկարայում։ Համացանցում տեղեկություններ էին հայտնվել, որ հանրահավաքի մասնակիցների պաշտոնական լուսանկարները կարող են ֆոտոմոնտաժի արդյունք լինել: Բացի այդ, հաղորդվում էր, որ մասնակիցների թվում էին պետական կառույցների աշխատակիցները, որոնց իշխանությունները աշխատանքից ազատելու սպառնալիքով ստիպել էին գնալ հանրահավաքի։ Էրդողանն իր ելույթում, ի թիվս այլի, խոստացել է «Աստծո օգնությամբ ոչնչացնել ընդդիմությանը»:
Քեմալ Քըլըչդարօղլուի աջակիցների ցույցը Իզմիրում՝ 2023թ․-ի ապրիլի 30-ին։
Քեմալ Քըլըչդարօղլուն Իզմիրում պատասխան ցույցի ժամանակ խոստացել է «դուրս հանել Թուրքիան խավարից» ու «վերականգնել թուրքական ժողովրդավարությունը»՝ իրականացնելով, մասնավորապես՝ օրենսդրական, տնտեսական, դատաիրավական ու քաղաքական փոփոխություններ։
Տես՝ Թուրքիայում կարող է վերջապես նախագահ փոխվել
Ընդդիմադիր դաշինքին այս անգամ հաջողվել է միավորել 6 թուրքական կուսակցություն, այդ թվում՝ «Լավ» կուսակցությանը (ազգայնականներին), «Երջանկություն» կուսակցությանը (պահպանողականներին), «Դեմոկրատական կուսակցությանը», «Ժողովրդավարություն ու առաջընթաց» կուսակցությանը, «Ապագայի» կուսակցությանը և «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը։
Միավորված ընդդիմությանը չցանկացավ միանալ սեփական թեկնածությունն առաջադրած Մուհարեմ Ինջենը։ 2018-ի նախագահական ընտրություններում պարտված քաղաքական գործիչն այժմ մեղադրվում է ԱԶԿ-ի «պրոտեժեն» լինելու և Քըլըչդարօղլուից ձայներ խլելու մեջ։ Իշխող կուսակցությանն ու նրա առաջնորդին քննադատելու փոխարեն, Ինջեն կենտրոնացել է ընդդիմության միասնական թեկնածուի վրա։
Չորրորդ թեկնածուն, ով ըստ տարբեր հարցումների՝ 1,5%-ից 3% ձայն հավաքելու շանսեր ունի, ծագումով ադրբեջանցի Սինան Օղանն է։ Նա ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ հավասարակշռված հարաբերություններ ունենալու ու Սիրիայի տարածքային ամբողջականության կողմնակից է։
Գործող օրենսդրության համաձայն՝ հաղթանակի համար Թուրքիայի նախագահի թեկնածուներից մեկը պետք է հավաքի ձայների 50%-ից ավելին։ Եթե նրանցից ոչ մեկը չկարողանա դա անել, ապա երկրորդ փուլ (նախատեսված է մայիսի 28-ին) կանցկացվի քվեարկության առաջատարների միջև։ Նախագահից բացի, Թուրքիայի քաղաքացիները մայիսի 14-ին քվեարկելու են երկրի խորհրդարանի թեկնածուների օգտին։