Home / Բանակ / Էրդողանը չի թողնի Շվեդիային մտնել ՆԱՏՕ

Էրդողանը չի թողնի Շվեդիային մտնել ՆԱՏՕ

Շվեդիան կարող է հույս չունենալ, որ Թուրքիան կաջակցի նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին, հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս հայտարարության առիթ է հանդիսացել հունվարի 21-ին Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ անցկացված ակցիան, երբ ցուցարարները այրել են Ղուրանը։

Բողոքի ակցիան կազմակերպել է դանիացի աջ արմատական գործիչ՝ «Կոշտ ուղղություն» (Stram kurs) հակաիսլամական կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանի կողմից։ 

Ղուրանի դեմ Պալուդանի ակցիաները նոր երևույթ չեն․ նախորդ տարվա ապրիլին նա Ղուրանի այրմամբ ուղեկցվող հակաիսլամական ցույց էր կազմակերպել Շվեդիայում, որը զայրացրել էր մի շարք մահմեդականների՝ դառնալով նոր ցույցերի և ուժայինների հետ ընդհարումների պատճառ։ 2020-ին Պալուդանը փորձել էր Ղուրանի այրման ակցիաներ կազմակերպել եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում և Բելգիայում։ 

Շվեդիայի ոստիկանությունը թույլատրել էր ակցիան, սակայն ոչ Ղուրանի այրումը։ Այնուամենայնիվ, ակցիայից հետո դեսպանատան մոտակայքում Պալուդանը Ղուրան է այրել։ Շվեդիայի իշխանությունները քննադատել են այս գործողությունը, սակայն Թուրքիան հայտարարում է, որ դա բավարար չէ՝ Ստոկհոլմը նման ակցիաներ չպետք է թույլատրի։

«Միանգամայն ակնհայտ է, որ նրանք, ովքեր նման խայտառակություն են կազմակերպել մեր երկրի դեսպանատան դիմաց, այլևս չեն կարող հույս դնել իրենց դիմումի նկատմամբ մեր բարեհաճության վրա», – ասել է Էրդողանը։

Շվեդիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Շվեդիան շարունակելու է հետևել ՆԱՏՕ-ի անդամակացության վերաբերյալ Շվեդիայի, Ֆինլանդիայի և Թուրքիայի միջև պայմանավորվածություններին։ 

Մինչև Էրդողանի հայտարարությունը, Թուրքիան չեղարկել է Շվեդիայի պաշտպանության նախարարի հաջորդ շաբաթ ծրագրավորած այցելությունը Անկարա։ Պաշտոնական Թուրքիան հայտարարել է, որ այդ այցելությունը իմաստազրկվել է։ 

Հունվարի 13-ին Շվեդիայի քրդերը Ստոկհոլմում Էրդողանի արտաքինով գլխիվայր շրջված տիկնիկ էին կախել։ Այս ակցիան նույնպես բարկացրել էր Անկարային։ Շվեդիայի վարչապետը այդ ժամանակ հայտարարել էր, որ այդ ցուցարարները փորձում են խանգարել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը։ Անկարան նորից հայտարարել էր, որ միայն քննադատելը բավարար չէ։

Ակցիայից հետո Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիան և Ֆինլանդիան պետք է արտահանձեն 130 անձանց՝ մեծամասամբ քրդերի, որոնց Թուրքիան «ահաբեկիչ» է համարում։ Ֆինլանդիան հայտարարել էր, որ թուրքական իշխանությունները չեն տվել այն անձանց ցուցակը, որոնց պահանջում են արտահանձնել։ 

Թուրքիայի նախագահը մինչ այս էլ բազմաթիվ պահանջներ է առաջադրել Շվեդիային և Ֆինլադիային՝ ՆԱՏՕ-ին նրանց անդամակցությունը աջակցելու համար։ Այդ պահանջներից մեկը՝ Թուրքիայի վրա դրված զենքի էմբարգոյի չեղարկումը, Շվեդան ընդունել է 2022 թվականի հոկտեմբերին։

Հիշեցնենք՝ Շվեդիան և Ֆինլանդիան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո դիմել են ՆԱՏՕ անդամակցության․ նրանց դիմումը չեն աջակցել միայն Թուրքիան և Հունգարիան։ Հունգարիան, այնուամենայնիվ, այս տարվա սկզբին հայտարարել է, որ կստորագրի դաշինքի ընդլայնմանը նպաստող այս փաստաթղթերը, մինչդեռ Թուրքիան դեռևս չի վավերացրել դրանք։ 

Ըստ որոշ վերլուծաբանների, պաշտոնական Անկարան չի ստորագրելու Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ի անդամակցությունը ընդունող փաստաթղթերը, համենայնդեպս, գոնե մինչև ամռանը նախատեսված նախագահական ընտրությունները, քանի որ Էրդողանը ցանկանում է պահպանել ազգայնականների աջակցությունը։


Նկարում տարբեր երկրների ՆԱՏՕ-ի անդամակցության ժամանակագրական պատկերն է։ Դաշինքը հիմնադրվել է 1949 թվականին՝ 12 երկրների կողմից։ Ներկայումս ՆԱՏՕ անդամ երկրների թիվը հասել է 30-ի։