Ֆինլանդիան կդառնա ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը. Թուրքիայի խորհրդարանը կողմ է քվեարկել դիմումին։ Օրեր առաջ էլ Հունգարիայի խորհրդարանն է աջակցել Ֆինլանդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին։
Թուրքիան ամիսներ շարունակ հետաձգում էր Արևմուտքի պաշտպանական դաշինքին միանալու Ֆինլանդիայի հայտը՝ պատճառաբանությամբ, որ սկանդինավյան երկիրը աջակցում է քուրդ «ահաբեկիչներին»: Շվեդիայի հայտը, որը ներկայացվել էր դեռևս անցյալ տարվա մայիսին, մնում է արգելափակված Անկարայի կողմից՝ նույն պատճառաբանությամբ։
Ֆինլանդիան դաշինքին պաշտոնապես կմիանա հուլիսին՝ Լիտվայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։
Թուրքիայի խորհրդարանի քվեարկությունից հետո Ֆինլանդիայի կառավարությունը հայտարարել է, որ դաշինքին միանալը կամրապնդի երկրի անվտանգությունը և կբարելավի կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում: «Որպես դաշնակիցներ՝ մենք կտանք և կստանանք անվտանգություն: Մենք կպաշտպանենք միմյանց: Ֆինլանդիան այժմ և ապագայում կանգնած է Շվեդիայի կողքին և աջակցում է նրա հայտին», – գրել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը:
Ավելի վաղ՝ այս ամսվա սկզբին, Ռեջեփ Էրդողանն իր հավանությունն է տվել Ֆինլանդիայի հայտին՝ գովաբանելով Թուրքիայի անվտանգության ապահովմանն ուղղված «իսկական և կոնկրետ քայլերը»: Շվեդրային Թուրքիայի նախագահը Էրդողանը քննադատել է քուրդ զինյալներին պաշտպանելու, իսկ վերջերս՝ նաև Ստոկհոլմում քրդական ցույցերը չարգելելու համար։
Ֆինլանդիան, որն ունի 1340 կմ սահման Ռուսաստանի հետ և հրետանու ամենահզոր զինանոցներից մեկը Արևմտյան Եվրոպայում, հրաժարվում է իր չեզոքությունից և միանում Արևմուտքի ռազմական դաշինքին՝ «ի պատասխան Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման Ուկրաինա»:
Շվեդիան, որը նույնպես հրաժարվել է քաղաքական չեզոքության երկարամյա իր պատմությունից, ի տարբերություն հարևանի՝ Ռուսաստանի հետ սահման չունի:
ՆԱՏՕ-ի հիմնադիր սկզբունքներից մեկը կոլեկտիվ պաշտպանությունն է՝ անդամ երկրներից որևէ մեկի վրա հարձակումը դիտարկվում է որպես հարձակում դաշինքի բոլոր երկրների վրա:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ դատապարտել է Ֆինլանդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու որոշումը, որը «չմտածված և ռուսաֆոբ հիստերիայի» հետևանք է որակել: Մոսկվայի համար Ֆինլանդիայի անդամակցությունը ռազմավարական հետընթաց է․ ուկրաիանական պատերազմը Մոսկվան, ի թիվս այլի, ներկայացնում էր որպես ՆԱՏՕ-ի ընդլայնումը թույլ չտալու և Արևմտյան գերիշխանության տարածումը կասեցնելու «հարկադրված» միջոց։ Ֆինլադիայի և Շվեդիայի ենթադրյալ անդամակցությունը արևմտյան դաշինքին՝ երկարամյա չեզոքությունից հետո, այս առումով հակառակ արդյունք է։
Ֆինլանդիան այժմ պատրաստվում է դառնալ ՆԱՏՕ-ի յոթերորդ երկիրը Բալթիկ ծովում՝ սահմանափակելով Ռուսաստանի ափամերձ ելումուտը Սանկտ Պետերբուրգում և նրա էքսկլավ Կալինինգրադում:
Հիշեցնենք՝ մայիսին Ֆինլանդիան ու Շվեդիան Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի ֆոնին դիմեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Դեպի ՆԱՏՕ նրանց ճանապարհին խոչընդոտում էր Թուրքիան, որը դժգոհ էր իր դեմ կիրառված զենքի էմբարգոյից (2019թ․-ին Սիրիայի վրա հարձակումից հետո) և նրանից, որ քրդերը, որոնց Անկարան «ահաբեկիչներ» է հռչակել, ապաստան են գտել սկանդինավյան երկրներում։ Խոսքը քրդական աշխատավորական կուսակցության (PKK) մասին է՝ մարքսիստական շարժում, որը 1980-ականներից ի վեր պայքարում է քրդերի քաղաքական իրավունքների համար։
Վերջիվերջո Թուրքիան բարիշեց Ֆինլանդիայի ու Շվեդիայի հետ՝ ստորագրելով համատեղ հուշագիր։ Ըստ հուշագրի՝ երկրները պետք է ակտիվացնեին աշխատանքը Թուրքիայի կողմից «ահաբեկիչ» ճանաչված անձանց արտահանձնման ուղղությամբ, լիարժեք համագործակցություն ցուցաբերեին Թուրքիայի հետ PKK-ի և նրա մասնաճյուղերի՝ ներառյալ YPG-ի (Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումներ), դեմ պայքարում, վերացնեին Թուրքիային զենքի վաճառքին վերաբերող իրենց բոլոր սահմանափակումները։
Կարելի է ասել, որ պայմանավորվածության գրեթե բոլոր կետերը մասամբ կամ ամբողջությամբ կատարվել են։ Շվեդիան պաշտոնապես արդեն արտահանձնել է մի քանի քրդերի և հանել Թուրքիայի վրա դրված զենքի էմբարգոն։
Ֆինլանդիայի ու Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամակցության արձանագրությունը ստորագրելուց հետո, դաշինքի 30 երկրներից 28-ը տվել էին իրենց համաձայնությունը, բացի՝ Հունգարիայից և Թուրքիայից։
Քրդական հարցը տարիներ շարունակ Շվեդիայի և Թուրքիայի միջև կռվախնձոր է: Քրդական սփյուռքը Շվեդիայում մեծ է (100-150 հազար հոգի), լավ ինտեգրված և քաղաքականապես ակտիվ համայնք է: Ներկայումս Շվեդիայի խորհրդարանում 6 քուրդ պատգամավոր կա։