Վեց կուսակցություններից բաղկացած «Ժողովրդական դաշինքը» Թուրքիայի ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու է առաջադրել Քեմալ Քըլըչդարօղլուին։ 74-ամյա քաղաքական գործիչը գլխավորում է Թուրքիայի առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդահանրապետական կուսակցությունը։
Մայիսի 14-ի նախագահական ընտրությունները հաղթելու դեպքում Թուրքիայի ընդդիմությունը խոստացել է փոխել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը։ Մասնավորապես՝ վերադառնալ խորհրդարանական ժողովրդավարության, հրաժարվել ներկայիս տնտեսական քաղաքականությունից և մեծ փոփոխություններ մտցնել արտաքին դիվանագիտության մեջ։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մարտի 10-ին ընտրություններին նախապատրաստվելու մասին հրամանագիր է ստորագրելու։ Հրամանագրի ստորագրումից հետո կսկսվի 60-օրյա նախընտրական շրջան, որը նախատեսվում է ավարտել մայիսի 14-ին քվեարկությամբ։
Նախընտրական բանավեճի հիմնական թեման, ըստ տեղի լրատվամիջոցների, վերջին հզոր երկրաշարժն է լինելու, որը ավելի քան 52 հազար մարդու կյանք է խլել Թուրքիայում։ Ընդդիմության հիմնական խաղաքարտն է լինելու ավերիչ երկրաշարժերի հետևանքները հաղթահարելու իշխանությունների անբավարար պատրաստվածությունն ու տուժածներին օգնություն ցուցաբերելու թերությունները։
Տես՝ Երկրաշարժից հետո Թուրքիայում գտել են մեղավորներին
Թուրքիայում 1999 թվականին տեղի ունեցած երկրաշարժը, որը մոտ 17 հազար մարդու կյանք էր խլել, հանգեցրել էր նոր կառավարության ձևավորմանն ու ճանապարհ հարթել ներկայիս իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համար։
Սոցիոլոգները իշխող նախագահին հեշտ ընտրություններ չեն խոստանում. ընդդիմությունն իսկապես կարող է հաղթել, ինչը կդառնա Էրդողանի, ավելի քան 20 տարի շարունակվող, իշխանության վերջը։
Ինչ է խոստանում ընդդիմությունը
— Օրենսդրություն
«Ժողովրդական դաշինքի» գլխավոր խոստումներից էր վերադարձնել Թուրքիայում խորհրդարանական համակարգը, որը նրանց խոսքով կլինի «ավելի հզոր», քան նախորդը՝ մինչև 2018-ին նախագահական համակարգի անցումը։
Ընդդիմությունը պատրաստվում է նաև հետ բերել վարչապետի պաշտոնը, որը վերացրել էր Էրդողանը 2017 թվականին հանրաքվեի միջոցով։
Դաշինքը խոստանում է նախագահին «անկողմնակալ», առանց քաղաքական պատասխանատվության դեր տալ։ Ընդդիմադիրները պատրաստվում են նաև վերացնել նախագահի՝ օրենսդրության վրա վետո դնելու ու հրամանագրեր արձակելու իրավունքը։
Նախագահը, ով կխզի կապերը որևէ քաղաքական կուսակցության հետ, պաշտոնավարելու է մեկ անգամ՝ յոթ տարի ժամկետով, որից հետո նրան արգելվելու է ակտիվ քաղաքականությամբ զբաղվել։
Միջազգային պայմանագրերից հրաժարվելու խորհրդարանի լիազորությունը կամրագրվի սահմանադրությամբ։ Այն նաև ավելի մեծ լիազորություններ կունենա պետական բյուջեի պլանավորման հարցում:
Պետական կառավարման համակարգում կվերացվեն նախագահությանը կից կոլեգիաներն ու գրասենյակները, և նրանց պարտականությունները կփոխանցվեն համապատասխան նախարարություններին։
— Տնտեսություն
«Ժողովրդական դաշինքը» խոստացել է երկու տարվա ընթացքում իջեցնել գնաճը, որը փետրվարին կազմել է 55%, միանիշ ցուցանիշի և վերականգնել թուրքական լիրայի կայունությունը, որը վերջին հինգ տարում կորցրել է իր արժեքի 80%-ը։
Տես՝ Գները չեն ենթարկվում Էրդողանին
Նրանց խոստումներից է նաև ընդունել օրենսդրություն, որով կապահովվի Կենտրոնական բանկի անկախությունը, մասնավորապես՝ խորհրդարանը կկարողանա որոշումներ ընդունել բանկի առաքելության, գործառնական անկախության և ղեկավարության նշանակումների վերաբերյալ։
Վերջին տարիներին Թուրքիայի նախագահը փոխել է Կենտրոնական բանկի մի շարք ղեկավարների, նաև պաշտոնանկ արել ֆինանսների նախարարին։
Ընդդիմությունը պատրաստվում է չեղարկել լողացող փոխարժեքին միջամտող քաղաքականությունը, ներառյալ՝ կառավարության մոդելը, որը պաշտպանում է լիրայի ավանդները արժույթի արժեզրկումից:
Լողացող փոխարժեքի դեպքում իշխանությունը չի սահմանում երկրի արժույթի համար պաշտոնական փոխարժեք այլ արժույթի նկատմամբ, և այն չունի տատանումների վերին կամ ստորին սահման։ Տեղական արժույթը որոշվում է արտարժույթի շուկայում առաջարկի և պահանջարկի հարաբերությամբ և կարող է ազատ աճել ու նվազել։
Թուրքիայի ներկայիս դրամավարկային քաղաքականությունը կամ ինչպես սիրում է ասել նախագահ Էրդողանը՝ «նոր տնտեսական մոդելը», հիմնված է վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցնելու ու ազգային արժույթը արժեզրկելու, այլ ոչ թե գնաճը մեղմելու վրա: Այս քաղաքականությունը կտրուկ արժեզրկել է թուրքական լիրան և գնաճի մակարդակը հասցրել ռեկորդային բարձր մակարդակի:
Տես՝ Գնաճն ու լիրայի արժեզրկումը Թուրքիայում մարդկանց փողոց են հանել
Ընդդիմությունը խոստացել է կրճատել կառավարության ծախսերը՝ նվազեցնելով նախագահի կողմից օգտագործվող ինքնաթիռների ու քաղաքացիական ծառայողների կողմից օգտագործվող մեքենաների քանակը և վաճառելով որոշ պետական շենքեր:
Նրանք պատրաստվում են վերանայել Ռուսաստանի կողմից Թուրքիայում կառուցվող «Ակկույու» ատոմակայանի 22 միլիարդ դոլարանոց նախագիծը և բանակցել բնական գազի պայմանագրերի շուրջ՝ նվազեցնելով մի քանի երկրներից գազի ներմուծման կախվածության ռիսկը:
— Արտաքին քաղաքականություն
Ընդդիմադիր դաշինքը կընդունի «Խաղաղություն տանը, խաղաղություն աշխարհում» կարգախոսը՝ որպես Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնաքար։
Խոստանալով «աշխատել ավարտին հասցնել ինտեգրման գործընթացը» Եվրամիությանը լիիրավ անդամակցության համար, դաշինքը պատրաստվում է վերանայել 2016 թվականին ԵՄ-ի հետ կնքված փախստականների հարցով համաձայնագիրը:
Թուրքիան համաձայնվել էր երեք հիմնական կետերի շուրջ․
– Դադարեցնել Թուրքիայից հունական կղզիներ անօրինական ճանապարհորդումները։
– Թուրքիայից հունական կղզիներ անօրինական ճանապարհով ժամանած յուրաքանչյուր ոք կարող է վերադարձվել հետ։
– Կղզիներից վերադարձված յուրաքանչյուր սիրիացու դիմաց ԵՄ անդամ երկրները կընդունեն մեկ սիրիացի փախստականի, ով սպասել է Թուրքիայի ներսում:
Փոխարենը Թուրքիան ստանում էր 6 միլիարդ եվրո՝ երկրում փախստականների հումանիտար իրավիճակի բարելավման համար, իսկ Թուրքիայի քաղաքացիներին տրամադրվում էր առանց վիզայի Եվրոպա մեկնելու հնարավորություն։
Ընդդիմությունը խոստացել է նաև փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերություններ հաստատել Միացյալ նահանգների հետ և կրկին ներգրավվել F-35 կործանիչների համատեղ նախագծի մեջ, որից 2019 թվականին Թուրքիային հանել էր ԱՄՆ-ն՝ ռուսական արտադրության S-400 հակաօդային պաշտպանության համակարգներ գնելու համար։
Այնուամենայնիվ, ընդդիմադիր դաշինքը պահպանելու է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ «հասկանալով, որ երկու կողմերն էլ հավասար են և ամրապնդված հավասարակշռված ու կառուցողական երկխոսությամբ»:
— Դատաիրավական համակարգ
Վեց կուսակցությունները պարտավորվել են ապահովել դատական համակարգի անկախությունը, որը ներկայումս գտնվում է Էրդողանի և նրա դաշնակիցների վերահսկողության տակ:
Դատավորներն ու դատախազները, ովքեր թույլ կտան իրավունքների խախտումներ, որոնց պատճառով Թուրքիան կտուգանվի միջազգային դատարաններում, իրենք կվճարեն տուգանքը։
Նրանք խոստացել են բարեփոխել Դատավորների և դատախազների խորհուրդը և այն բաժանել երկու միավորի, որոնք, ըստ ընդդիմադիրների, կլինեն ավելի հաշվետու և թափանցիկ:
Դաշինքը պատրաստվում է նաև բարեփոխել բարձրագույն ատյանների՝ Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի ու Պետական խորհրդի, կառուցվածքն ու ընտրական գործընթացները։
Ընդդիմադիրները խոստացել են բացառություն դարձնել նախնական կալանքը, մի միջոց, որը քննադատների կարծիքով չարաշահվում է Էրդողանի իշխանության օրոք:
Վեց կուսակցությունները խոստանում են ամրապնդել խոսքի ազատությունը և ընդլայնել ցույցեր անցկացնելու իրավունքը։