Մեր տղաներին սպանել են, էդքան բան
«Ես միշտ ասել եմ, որ հատկապես զինվորական գործերը գործառքի կամ, այսպես ասած, աճուրդի հանած գործեր են՝ մեղավորներից հնարավորինս, ենթադրում եմ, մաքսիմալ «մոտեցում» ստանալու համար շատ նպաստավոր պայմաններ են»։Չնայած նրան, որ հանքարդյունաբերության չափ կաշառքներ այստեղ չեն ստացել, ինչպես նշել է Կարապետյանցը, «բայց պատկերացնո՞ւմ եք՝ ինչ արժի 15-20 տարի գործեր չբացահայտելը»։ Այնուհետև իրավապաշտպանը դիմեց Հայաստանի գլխավոր դատախազին․
«Հարգելի տիկին Վարդապետյան, Ձեր կարծիքով, ի՞նչ արժի շարունակաբար այս գործերը չբացահայտելը։
տես՝ Մամաները ասում են՝ օր նշանակեք ու ժամ․ հերիք է խաբեք
Ինչո՞ւ չեն բացահայտվում, շատ պարզ տրամաբանությամբ չեն բացահայտվում․ երբ Տիգրան Օհանջանյանի գործը քննող քննիչներից մեկը այսօր նշանակվում է ԲԴԽ գիտնական անդամ, երբ տարբեր գործերով քննիչներն ու դատախազները անընդհատ, այդ թվում՝ նաև այս իշխանությունների օրոք, պաշտոններ են ստանում <․․․>։ Նույն մարդիկ շարունակաբար մնում են այնտեղ։ Անհնար է պատկերացնել, որ հիմա շատ ավելի բարձր պաշտոն զբաղեցնող մարդը ինքն իր դեմ քրեական գործ կհարուցի, ինքն իրեն մեղադրանք կառաջադրի, ինքն իրեն կդատապարտի»։ Դատավորները ևս ներգրավված են եղել բոլոր գործընթացների մեջ, համաձայնում է Կարապետյանցը․ «Ես համոզմունք ունեմ, որ այս գործերով հստակ հրահանգ կա։ Մի հատ տեսեք՝ քանի հոգի է այստեղ նստած․ այսքան մարդկանցից և ոչ մեկի գործը իր տրամաբանական ավարտին չի հասնում»։ Վարչապետի հրահանգով «քննիչ» հանձնաժողով էր ստեղծվել՝ ներկայիս դատախազի գլխավորությամբ, որը, ըստ իրավապաշտպանի, առնվազն 5 գործերով մանրակրկիտ հետազոտություն է իրականացրել, ինչը երբևէ չէր արվել․«Հետևաբար, հարց է ծագում․ ո՞վ, ո՞ւմ և ի՞նչ հրահանգ է տվել՝ գործերը չբացահայտելու, որովհետև չկա տրամաբանական շարունակություն։ Երբ դու ունես պատրաստի քննված առնվազն 5 գործ, որին շատ լավ ծանոթ ես եղել որպես խմբի ղեկավար։ Ու գլխավոր դատախազ նշանակվելուց 10 ամիս անց մարդը որևէ ջանք չի գործադրել։Սա լավագույն ձևն էր ապացուցելու, որ դու իսկապես եկել ես փոփոխություններ անելու, որ չես եկել համակարգի մաս կազմելու, ուղղակի համակարգը ղեկավարելու։ Որովհետև եթե ինչ-որ գործերով իրեն կարող են չզեկուցել, մոլորության մեջ գցել, էս գործերով չեն կարող, որովհետև ինքը արդեն գիտի։ Հետևաբար, տիկին Վարդապետյանը որևէ կերպ հետաքրքրված չէ այս գործերը բացահայտելու մեջ։ Հրահանգ ստացե՞լ է, թե՞ դա իր նախաձեռնությունն է, այդ հարցը ցանկալի է հանրային հարթակում անմիջապես իրեն ուղղել ու պատասխան ստանալ», - եզրափակեց Նինա Կարապետյանցը։ Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը որդու մահվան պատճառն առ այսօր չունի․ «Ապրիլի քսանհինգին ստացա ՄԻԵԴ վճիռը․ այս տարիներին պետության աշխատանքը արտացոլված է, իշխանությունների առաջ քաշված վարկածը՝ էլեկտրահարումը, հերքվել է։ Իմ երեխու դեպքը եղել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ։
Թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Նիկոլ Փաշինյանի դատաիրավական համակարգը նույնն է, ոչ մի տարբերություն չկա։ԲԴԽ նախագահ Անդրեասյան Կարենը մեզ հետ միասին 2011 թվականին մտավ Ազգային ժողով, որ ստեղծվեր այն հանձնաժողովը, որը Նիկոլ Փաշինյանը ստեղծեց։ Էն ժամանակ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախահագ Հովհաննես Սահակյանը ասեց՝ ինչի՞ եք ուզում, որ էդ հանձնաժողովը ստեղծվի, մարտի 1-ի գործի նման փակուղի են մտնելու ձեր զինվորական գործերը։ Ասեց՝ տիկին Գոհար, իզուր է Ձեր պայքարը։
Ասի՝ ես մինչև կյանքիս վերջ պայքարելու եմ, որ թե՛ էս, թե նախորդ իշխանությանը ապացուցեմ, որ ոչնչություն են»։Եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանա քրեական գործերը կբացահայտվեն, հավելեց Գոհար Սարգսյանը։ 1996թ․ հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը Կոթի գյուղում տեղակայված զորամասի թիվ 18 պահակակետում հայտնաբերվել էր պահակակետի զինծառայողներից 5-ի դին, որոնց թվում էր Էմիլ Մաթևոսյանը։ Նրա մայրը՝ Ժենյա Հարությունյանը պնդում է՝ տղաներին սպանել են․ «Օգտագործվել է երեք տարբեր զենք, ցմահ նստած է մի հոգի։ Նիկոլ Փաշինյանը և Աննա Վարդապտյանը խոստացան, որ գործերը կբացեն, կնայեն։ 8 հոգու գործ։ Հինգի գործերը նայեցին, վերջին երեքը, ասեց, «ես ինձ հետ տանում եմ, կբացահայտեմ և Ձեզ տեղյակ կպահեմ»։ Իսկ հիմա նամակ է գրել, որ վճիռը կայացված է, հիմա չեն կարող ոչինչ անել։ Նիկոլ Փաշինյանի մոտ նստած էինք, ես ասացի՝ չեմ ուզում գործերը տանեք, ուզում եմ ընդհանուր ստեղ նորից ստուգեք։ Հինգը հազիվ էդ մի քանի տարվա ընթացքում կարողացան նայել, երեքը մնաց օդի մեջ։ Հիմա էլ եկել է, թե՝ վճիռը կայացված է։ Ես բողոքում եմ, որ էնտեղ մի հոգի չէր եղել, երեք հոգի էր։ Ո՞նց կարող է պատահել մի հոգի հինգը հոգու սպանի և բոլորին խփեն երեսից»։ Վարդապետյանը ոչ-ոքի չի ընդունում, նշեց ասուլիսի մեկ այլ մասնակից՝ Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը․
տես՝ Մեկը չի ասում՝ ինչի՞ եք մեզ հանցագործ ասում․ սևազգեստ մայրերին նախարար մոտեցավ
«Տասը ամիս է՝ ինքը դատախազ է դարձել, ոչ մեկին չի ընդունում, որ մեր հարցերին պատասխան տա։ Բայց մինչև էդ ինքը Նիկոլ Փաշինյանին ներկայացնում էր այնպես, որ, այո, ծնողները ճիշտ են, իրենց տղաներին սպանել են։ Իսկ հետո Փաշինյանն ասում էր՝ բերեք մի հատ գործ ու տեսեք, թե ինչ եմ անում։ Ոչ թե մի գործ, այլ հինգը գործ ունենք՝ փաստերով, մատը մատին չխփեց, ոչ մի բան։
Այսինքն դուրս եկավ, որ երկրի վարչապետը ստախոս է։ Ասեց մի բան, խումբը ստեղծեց, բայց առ այսօր մի հատ չի ասում՝ կառավարության շենքի մոտ էլի էս ծնողները կանգնած են, տիկին Վարդապետյան, ի՞նչ եղավ էս մամաների ճակատագիրը, ի՞նչ եք արել։
Ոչ մի բան չեն անում։ Գիտեն, թե ծնողը պիտի մենակ տղա բերի, տասնութ տարի պահի, տա պետությանը, պետությունը էդ տղաների գլուխները ուտի, կոծկեն ու գցեն կողքի։ Բայց ո՞վ պիտի պատասխան տա»։ Ղազարյանի խոսով՝ վարչապետը պետք է պատասխանի կանչի գլխավոր դատախազին, իսկ իրենց՝ ծնողներին, հանդիպման։ «Թեկուզ ինքը մեզ կանչի ու ասի՝ ի՞նչ եղավ Ձեր ճակատագիրը։ Մենք էդ ենք պահանջում։ Ու մեր երեխաների վարկածները փոխվեն։ Մեր տղաներին սպանել են։ Էդքան բան»։