ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երեկ պաշտոնական հաղորդագրությամբ արձագանքել է սկանդալային պատմությանը` կապված Արթուր Պողոսյան անունով ինքնակոչ տիեզերագնացի հետ, որը կոմպյուտերային ծրագրերով սարքած փաստաթղթերով ՀՀ ղեկավարությանը համոզել էր, թե ինքը հայտնի գիտնական է, ամերիկյան «NASA»-ից հրավեր է ստացել և լինելու է առաջին հայ տիեզերագնացը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Պողոսյանին ընդունել էին ՀՀ պետական պաշտոնյաներ, որոնցից մեկն էլ Հրանուշ Հակոբյանն էր: «Բոլոր նրանք, ովքեր ցնցում ապրեցին, խորհուրդ կտայինք այդքան ցավագին չտանել այդ փաստը, որ ՀՀ սփյուռքի նախարարը չի ստուգել Արթուր Պողոսյանի փաստաթղթերը նրան ընդունելուց առաջ»,-նշել է Հակոբյանը` ընդգծելով, որ «աստղագնացին» ինքը չի հայտնաբերել, և կարիք չկա այդ պատմության հետ կապված` միայն Սփյուռքի նախարարությունը քննադատության թիրախ դարձնել:
Իրոք, ինքնակոչ «տիեզերագնացի» շուրջ ծավալված զարգացումների ընթացքում այդ պատմության առանցքային դերակատարները` Սերժ Սարգսյանը և նրա աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը մոռացության են մատնվել: Կարապետյանը ևս մեծ շուքով ընդունել էր «տիեզերագնացին»: Ըստ լուրերի, դրանից հետո նա Պողոսյանին ուղեկցել է Սերժ Սարգսյանի, մոտ, և նրանք երեքով երկար քննարկել են հայկական տիեզերագնացության, մասնավորապես, «NASA»-ն Հայաստան տեղափոխելու հեռանկարները: