Home / Հայաստան / Երևանն ու Բաքուն ձերբազատվել են 2008 թվականի վախից

Երևանն ու Բաքուն ձերբազատվել են 2008 թվականի վախից

2010 թվականին Հարավային Կովկասի երկրները ձերբազատվեցին 2008 թվականի վախից, երբ Ռուսաստանը վերադարձավ տարածաշրջան նախկին մեթոդներով` «չեք ոզում լսել` գլխներիդ կստանաք»: Նման կարծիք մայիսի 17-ին «Կովկաս-2010» կոնֆերանսի ընթացքում հայտնել է ադրբեջանական «Զերկալո» պարբերականի քաղաքական վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովը:

Նրա խոսքով` Ադրբեջանի առաջին արձագանքը ռուս-վրացական պատերազմին վախն էր:

«Երբ Եվրամիության հինգ երկրների նախագահները որոշեցին գնալ և սատարել Թբիլիսիին, նրանք իջան Գյանջայում և ցամաքային տարածքով գնացին Վրաստան: Ադրբեջանի նախագահն անգամ գովազդի համար չբարեհաճեց հանդիպել նրանց, որպեսզի ցույց տա, թե ինչ դեր է խաղում իր երկիրը:

Հայաստանի նախագահի արձագանքը նույնպես խոսուն էր: Նա նստած էր Մեդվեդևի  կողքին, երբ վերջինս ասաց, որ առաջ Ռուսաստանը հզոր էր, իսկ հիմա` էլ ավելի հզոր: Սերժ Սարգսյանը ափսոսանքով հաստատել է այդ միտքը», – ասել է Միրկադիրովը:

2008 թվականը, Միրկադիրովի կարծիքով, ցույց տվեց, որ Ղարաբաղի հարցում ստատուս-քվոն կարող է հեշտությամբ խախտվել, և պատերազմը կանգնեցնելը շատ դժվար կլինի. «Խողովակաշարերից 30 կմ հեռավորության վրա զորքեր են, որոնք պատրաստ են կրակել դրանց վրա: Պատերազմը շատ բան չի փոխի Ղարաբաղի կարգավիճակում. հաղթողներ չեն լինի, «գրավյալ» տարածքները չեն ավելանա, հնարավոր է` կնվազեն: Կոսովոյի պես ճանաչում նույնպես չի լինի», – ասել է վերլուծաբանը:

Նրա համոզմամբ` հակամարտությունը չի լուծվի, անգամ եթե Ադրբեջանին վերադարձնեն Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած տարածքները:

«Ադրբեջանի և Հայաստանի վրա ճնշում են գործադրում, որպեսզի նրանք ինչ-որ բան ստորագրեն: Այժմ իրավիճակն այնպիսին է, որ Բաքուն ու Երևանը ինքնուրույն կարող են ընտրել ստատուս-քվոն խախտելու ժամանակը: Ոչ ոք չի բաժանում զորքերը սահմանի վրա: Խաղաղարարների տեղակայումը կպահպանի հակամարտությունը, բայց կողմերը չեն կարողանա ինքնագլուխ խախտել ստատուս-քվոն:

Հայաստանի և Ադրբեջանի ձեռքից լծակները կանցնեն Ռուսաստանին ու ԱՄՆ-ին: Դրա հետևանքով թե’ Իլհամ Ալիևի, թե’ Սերժ Սարգսյանի վրա ճնշումը կավելանա: Հայաստանում որոշ քաղաքական գործընթացներ նույնպես պետք է դիտարկել այդ տեսանկյունից: Ոչ «Բարգավաճ Հայաստանը», որ դաշնակները չեն կարող Սերժ Սարգսյանի դաշնակիցը լինել: Դաշնակից կարող է դառնալ Լևոն Տեր-Պետրոսյանը», – անսպասելիորեն ամփոփել է Միրկադիրովը: