Երեկ լրացավ Տավուշի մարզի զինվորական դիրքերում ինքնաձիգի կրակոցից մահացած 29-ամյա պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան մեկ տարին: Պաշտոնական վարկածով` նա ինքնասպան էր եղել, հետո վարկածը շտկվել էր, նշվել էր, որ նրան հասցրել են ինքնասպանության:
Գործի նախաքննությունն արդեն ավարտվել է հենց այդ վարկածի շրջանակներում, որի հանդեպ ո´չ Արտակի հարազատները, ո´չ հանրային կարծիքը հավատ չեն ընծայում` հիմնավոր կասկած հայտնելով ու նույնիսկ պնդելով, որ Արտակին ուղղակի սպանել են, գրում է «Առավոտ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ երկուշաբթի օրը ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Կոստանյանն այդ աղմկահարույց գործով «տելեշոու» էր կազմակերպել: Նա հրավիրել էր այդ գործով տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբաններին, գործի նախաքննությունն իրականացրած քննիչներին ու «Հայլուրին»` այդ հանդիպումը լուսաբանելու համար:
«Արտակի քույրը` Ծովինար Նազարյանը, Հ1-ով հեռարձակված այդ հանդիպմանը մասնակցել էր բացառապես դեպքերի բերումով: Նրա տպավորությամբ զինդատախազը այնքան էլ տպավորված չի եղել իր ներկայությունից, մանավանդ որ` տուժողի հարազատը հանդիպման ընթացքում հարցադրումներ ու դիտարկումներ է արել. «Նա իմ հարցադրումները որակեց որպես էմոցիոնալ, ինչից հետո ես իսկապես էմոցիոնալ դարձա: Նաև մի քանի անգամ պնդեց, որ իրենք ոչ միայն տուժողի շահերը պետք է հաշվի առնեն, այլև բոլոր կողմերինը: Իհարկե: Մեր ընտանիքը մշտապես պնդել էր, որ մեզ համար կարևոր է օբյեկտիվ իրականության բացահայտումը և ոչ թե ինչ-որ մեկի արյունը խմելն ու դրանով հանգստանալը»», – նշում է «Առավոտը»:
Հանդիպման ընթացքում զինդատախազը նախընտրել է ավելի շատ ինքը խոսել, լսել քննիչներ Լևոն Պետրոսյանին, Արտակ Հարությունյանին, գործի օրինականությունը վերահսկող դատախազ Հարություն Հարությունյանին: Ու չնայած տուժողի իրավահաջորդների և նրանց շահերը ներկայացնող փաստաբանների բազմաթիվ վերապահումներին, այդ հանդիպման ժամանակ էլ զինդատախազը հայտարարել է, թե ինքնասպանության հասցնելու վարկածը համապատասխան փորձաքննությամբ (նկատի ունի հոգեբան Էլդա Գրինի անցկացրած ձեռագրաբանական փորձաքննությունը) հիմնավորվել է:
«Իրենք պնդում են այդ վարկածը և հիմնավորում հետևյալով. երբ դեպքը տեղի է ունեցել, կայազորային քննիչները բարձրացել են դիրքեր, շարք են կանգնեցրել ամբողջ հենակետի անձնակազմին` 11 հոգու, և բոլորից խծուծներ են վերցրել, ու կրակոցի արգասիքների շեմային մակարդակն ամենաբարձրը եղել է միայն Արտակ Նազարյանի մոտ»,- պատմել է Ծովինար Նազարյանը`հավելելով, որ կրակոցը կարող էր արձակված լինել նաև Արտակի ձեռքում դրված հրազենից: Այս վարկածը քննչական մարմինն, իհարկե, հերքել կամ հաստատել պարզապես չի կարող այն պատճառով, որ նա մատնահետքեր չի վերցրել ո´չ Արտակից, ո´չ զենքի վրայից:
«Արտակի մատնահետքերը նրանք նույնիսկ գործում չունեն: Քննիչի ասելով, եթե նույնիսկ Արտակի ձեռքով բռնեին ու կողքին կանգնած կրակեին նրա վրա, ապա մեկ է` կրակոցի արգասիքներ կմնային կրակողների ձեռքին: Շատ լավ. ես հարցնում եմ` իսկ եթե կրակողը եղել է այլ զինվորական, որից խծուծ չի վերցվել: Ասենք` այն մեկը, ով 12 օր թաքցրել է Արտակի օրագիրը, կամ այն մեկը, որը դեպքի նախորդ օրը հայհոյել և սպառնացել է Արտակին: Երեք այլ անձինք կան, որոնք կարող են առնչություններ ունենալ այս դեպքի հետ, բայց, չգիտես ինչու, նրանք դուրս են մնացել պատասխանատվության շրջանակներից: Ինչո՞ւ նրանցից խծուծներ չեն վերցվել, ինչո՞ւ նրանց հեռախոսային խոսակցությունները չեն վերծանվել, որովհետև եթե դա արվեր`գուցե պարզ կդառնար, թե ինչպես է եղել օրագիրը պարտակելու, դրանից էջեր պոկելու գործողությունը»,- ասել է Ծովինար Նազարյանը: