Home / Հայաստան / ««Նաիրիտի» արտադրական հզորությունները փոշիացրել են». մեղադրում են ՀՀ բարձաստիճան պաշտոնյաներին

««Նաիրիտի» արտադրական հզորությունները փոշիացրել են». մեղադրում են ՀՀ բարձաստիճան պաշտոնյաներին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը տարածել է իր կողմից կառավարությանն ուղարկված այն հաղորդագրությունը, որը, իր խոսքով, չի հրապարակվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից:

«ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, պատճե՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին, Զանգվածային լրատվական միջոցներին

Հաղորդագրություն պետական միջոցների խոշոր չափերի՝ 31 միլիոն ԱՄՆ դոլարի հափշտակության ուսումնասիրության վերաբերյալ;

Ես՝ Հարություն Առաքելյանս, սեփական նախաձեռնությամբ իրականացնելով ուսումնասիրություններ զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված հոդվածները, տեսաերիզները և վերլուծական նյութերը, հանգել եմ այն եզրակացության, որ 2006 թվականին «Նաիրիտ» գործարանի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի իրականացված առքուվաճառքի փոխարեն իրականում տեղի է ունեցել «Նաիրիտ» գործարանի՝ պետական գույք հանդիսացող բաժնետոմսերի 90 տոկոսի նվիրատվություն օֆշորային գոտում գրանցված, քիմիայի ոլորտում պատմություն չունեցող, անհայտ «Օտֆորդ մարկետինգ» կազմակերպության, 20.000 ֆուտ ստեռլինգ հիմնադիր կապիտալ ունեցող «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» (Rhinoville Property Limited) ընկերությանը, որի սեփականատերերի անունները մինչ օրս անհայտ են հանրությանը։

«Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերությունը «Մեժգոսբանկում» գրավ դնելով ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից նվեր ստացված «Նաիրիտ» գործարանի բաժնեթղթերի 90 տոկոս փաթեթը, ստացել է 70 միլիոն ԱՄՆ դոլար վարկ, որից միայն 39 միլիոն ԱՄՆ դոլարն է մուտք արել ՀՀ պետական բյուջե, մնացած 31 միլիոն ԱՄՆ դոլարի ճակատագիրը անհայտ է։

Իմ ուսումնասիրությունները պարզեցին, որ 2006 թվականին «գործարքին» իրենց անմիջական մասնակցությունն են ունեցել հիմնականում հետևյալ պատասխանատու անձինք, որոնց հարցաքննությունը կպարզի իրողությունը.

– Տիգրան Սարգսյան՝ որպես ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ, որը միաժամանակ հանդես է եկել որպես «Մեժգոսբանկի» խորհրդի նախագահ, քանի որ ԱՊՀ Կենտրոնական Բանկերի նախագահները ռոտացիոն կարգով ստանձնում էին այդ պաշտոնը 6 ամսվա կտրվածքով,

–Վահան Մելքոնյան՝ միաժամանակ «Մեժգոսբանկի» ներկայացուցիչ և «Նաիրիտ» գործարանի գլխավոր տնօրեն, ինչպես նաև հանդիսանում է օֆշորային «Օտֆորդ մարկետինգ» կազմակերպության սեփականատեր, որի կազմի մեջ է մտնում «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» դուստր կազմակերպությունը (ժողովրդական լեզվով ասած՝ այս գործարքի Թուլաթը, քանի որ նա ամեն տեղ է հանդես գալիս որպես կողմ),

–Անդրե Նարսիսյան՝ «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերության երևացող սեփականատեր, Ֆրանսիայի քաղաքացի, ըստ լուրերի մահացել է 2006 թվականի տարեվերջին,

– Անատոլի Տուրկաձե՝ «Մեժգոսբանկի» նախագահ, պաշտոնական դիրքի չարաշահման համար  հեռացված է աշխատանքից,

– Սերգեյ Կուլիկով՝ «Մեժգոսբանկի» փոխնախագահ, հարուցվել է քրեական գործ նրա և ընտանիքի անդամների հանդեպ, քանի որ «Մեժգոսբանկի» վարկավորած կազմակերպությունները  հիմնականում  պատկանում  էին Կուլիկովի ընտանիքի անդամներին,

– Նատալյա Բլագովա՝ Կուլիկովի եղբոր կինը, Աևդրե Նարսիսյանի տված լիազորագրով որպես «Ռայնովիլի» ներկայացուցիչ, «Մեժգոսբանկի» վարկային պայմանագրում ստորագրել է «Նաիրիտի» 70 միլիոն ԱՄՆ դոլար ծավալի վարկային ծրագիրը ստանալու համար,

– Տատյանա Սերբկովա ՝ 2001-2007 թթ ժամանակահատվածում աշխատել է «Մեժգոսբանկում»` ղեկավարելով միջպետական ծրագրեր, ստեղծել է «Ինտերկաուչուկ» ընկերությունը և ղեկավարել «Նաիրիտ» գործարանի զարգացման և վերազինման ծրագիրը։ Նրա հանդեպ իրականացվել են ահաբեկումներ և սպառնալիքներ, կատարվել է կարևոր փաստաթղթերի գողություն նրա կաբինետից։

Արմեն Մովսիսյան – ՀՀ էներգետիկայի նախարար, 2007 թվականին «Նաիրիտ» գործարանի բաժնետերերի խորհրդի նախագահ, որի որոշման համաձայն վաղաժամկետ դադարեցվել են Տնօրենների խորհրդի անդամներ հանդիսացող Տ. Սերբկովայի, Մ. Պիոտրովսկայի, Ա. Մարկովսկիի և Մ.Պերելմանի լիազորությունները և նրանց փոխարեն Տնօրենների խորհուրդը ձևավորվել է բացառապես Սերգեյ Կուլիկով և Վահան Մելքոնյան զույգի միջև։

–Եգելսկի Ալեքսանդր Եվգենևիչ`Կուլիկովի հանձնարարությամբ Տատյանա Սերբկովային սպառնալիքներ ներկայացրած անձ ՝ վերջինիս «Նաիրիտ» գործարանի «առքուվաճառքի» անհամաձայնության կապակցությամբ,

–Աշոտ Սարգսյան՝ «Նաիրիտ» գործարանի փոխտնօրեն, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը, ըստ մամուլի հրապարակումների իրականացնում է գործարանի ֆինանսական շարժի վերահսկողություն։

Եզրակացություն

Համաշխարհային շուկայում մենաշնորհային դիրք գրավող, Հայաստանի Հանրապետության արտադրական հզորություն հանդիսացող «Նաիրիտ» գործարանի հանդեպ կանխամտածված իրականացվել է արտադրական հզորությունների փոշիացման՝ սննկացման կանխամտածված գործառույթ, որի արդյունքում շահել են «Նաիրիտ» գործարանի մրցակիցները։

2006-2011 թթ ընկած ժամանակահատվածում մի խումբ մարդկանց կողմից «Նաիրիտ» գործարանի հանդեպ իրականացվեց կանխամտածված «անգրագետ» ղեկավարում, կանխամտածված վնասարարություն, որի արդյունքում կուտակվեցին 100 միլիոնավոր դոլարների հասնող պարտքեր եղան, հրդեհներ, պայթյուններ, եղան զոհեր: Այսօր էլ շարունակվում է ՀՀ «սեփականություն հանդիսացող «Նաիրիտ» գործարանի կանխամտածված սննակացումը և որպես նշվածի ապացույց՝ արտադրության համար պիտանի սարքավորումների հազարավոր տոննաների հասնող ծավալների վաճառքի փաստն է վերջին օրերին` մետաղի ջարդոնի տեսքով (առաջին խմբաքանակն արդեն վաճառված է);

«Նաիրիտի» գործարքի ռուսաստանցի մասնակիցների նկատմամբ ՌԴ Դատախազության կողմից հարուցվել են քրեական գործեր, պետականացվել է նրանց գույքը, սակայն նույն գործարքի հայաստանյան պատասխանատուները մինչ օրս խուսափել են քրեական պատասխանատվությունից, քանի որ զբաղեցնում են բարձր պետական պաշտոններ», – մասնավորապես, ասված է Առաքելյանի հայտարարության մեջ: