Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա հանրահավաքին Լևոն Զուրաբյանը ներկայացրեց «Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի հռչակագիրը», որն ընդունվեց հանրահավաքի մասնակիցների կողմից:
Հռչակարգի տեքստում ասված է.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 57-րդ հոդվածի առաջին մասի hամաձայն ՝ «Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար»։
Ծանր հանցագործության սահմանադրական հասկացությունը ներառում է իշխանության յուրացումը (Հոդված 2), ինչպես նաև պաշտոնավարող նախագահի կողմից սահմանադրական լիազորությունների չարաշահումը և չկատարումը, որոնք հանգեցրել են սահմանադրական կարգի խաթարմանը, իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական սկզբունքի խախտմանը (Հոդված 5)։
Ըստ այսմ՝ առկա են Ս. Սարգսյանի պաշտոնանկության հետեւյալ հիմքերը.
Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանը չարաշահել է պաշտոնական դիրքը՝ դիմել ընտրակեղծիքների կազմակերպման, այլ հակաօրինական գործողությունների և այդ կերպ կատարել իշխանության յուրացում: Մասնավորապես, Ս. Սարգսյանը
- Խախտել է Ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածի պահանջը, ըստ որի` ՀՀ վարչապետը չի կարող պաշտոնավարել` միաժամանակ լինելով նաև ՀՀ նախագահի թեկնածու՝ բացառությամբ այն դեպքի, երբ վարչապետը նաև Հանրապետության նախագահի պաշտոնակատար է։ Ս. Սարգսյանը, նախագահի թեկնածու գրանցվելու պահից, կոպտորեն խախտել է օրենքի այս պահանջը՝ ընտրարշավի ողջ ընթացքում օգտագործելով պաշտոնական դիրքի առավելությունները։ Դրանով նա ոտնահարել է սահմանադրական նորմը ընտրությունների հավասարության մասին (Հոդված 4)։
- Չարաշահելով պաշտոնական դիրքը` օգտագործել է պետական իշխանության լծակները, համակարգել է իր կողմից ստեղծված նախընտրական շտաբում ընդգրկված պաշտոնյաների ադմինիստրատիվ եւ քրեա-օլիգարխիկ ռեսուրսները, կառավարության մեջ մտնող կամ նրա վերահսկողության տակ գործող ուժային և այլ կառույցները` նրանց միջոցով քվեարկության օրը կատարելով համատարած ու բացահայտ բռնություններ, ահաբեկումներ, ընտրակաշառքի բաժանում, լցոնումներ, հօգուտ իրեն ձայների հավելագրումներ, ապօրինություններ ու կեղծիքներ։ Դրանով նա խախտել է ընտրությունների ազատ լինելու մասին սահմանադրական դրույթը (Հոդված 2)։
- Որպես վարչապետ և խորհրդարանում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ղեկավար` աջակցել է ապօրինի արտակարգ դրության հայտարարմանը և վավերացմանը, Մարտի 1-ին խաղաղ ցուցարարների դեմ բանակի ներգրավմամբ և հրազենի օգտագործմամբ բռնի ուժի կիրառմանը, ինչի հետեւանքով եղավ առնվազն 10 զոհ և հարյուրավոր վիրավորներ։
- Ղեկավարել է ետընտրական շրջանում ստեղծված ապօրինի շտաբը, որը կազմակերպել է ուժային կառույցների, օլիգարխներին ենթակա խմբերի և կրիմինալ խմբավորումների գործողությունները խաղաղ ցուցարարների դեմ, ներառյալ սպանությունները։
Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանը կատարել է հետեւալ ծանր հանցագործությունները.
- Խախտելով դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքը (հոդված 91), խոչընդոտել է արդարադատությանը, ուղղորդել դատարաններին իր քաղաքական հակառակորդների նկատմամբ զանգվածային բռնաճնշումների, ինչի հետեւանքով հարյուրավոր մարդիկ հայտնվել են անազատության մեջ, հազարավոր մարդիկ ենթարկվել են հետապնդումների, ունեզրկման, խտրական վերաբերմունքի, տասնյակ հազարավորների նկատմամբ խախտվել են Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները, սահմանափակվել ազատությունները։
- Խոչընդոտել է արդարադատությանը` մարտիմեկյան սպանությունների պարտակման նպատակով, մասնավորապես` լուծարել միջազգային ճնշման տակ ստեղծված Փաստահավաք խումբը` կատարված սպանությունների հանգամանքների մասին իր առաջին զեկույցի հրապարակումից հետո։ Ծանրագույն այս հանցագործության պարտակումը ինքնին ծանր հանցագործություն է ։
- Չի ապահովել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը (Հոդված 49)։ Օրենսդիր իշխանությունը կորցրել է ինքնուրույնությունը, դարձել գործադիր իշխանության կցորդը։ Նույն կերպ ոտնահարվել է դատական իշխանության, դատարանների անկախությունը, որոնք վերածվել են գործադիր իշխանության և բարձաստիճան իշխանավորների պատվերների ու հրահանգների կատարման գրասենյակների։
- Չարաշահելով վարչապետի եւ նախագահի պաշտոնները` սեփական հարստացման նպատակով օգտագործել է պետական իշխանության լծակները, պահպանել եւ զարգացրել է իր եւ իր մերձավոր օլիգարխների համար ապօրինի մենաշնորհների եւ հարկային ու մաքսային արտոնությունների համակարգը:
- Հայաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում դրսեւորել է հանցավոր անգործություն, ինչի հետեւանքով խաղաղ պայմաններում միայն կանոնադրական փոխհարաբերությունների խախտումների պատճառով սպանվել եւ զոհվել են հարյուրավոր զինծառայողներ, վատթարացել է բանակի բարոյահոգեբանական վիճակը` վնաս հասցնելով ազգային անվտանգությանը:
2008թ. ռազմական հեղաշրջման միջոցով իշխանության յուրացման և հետագա տարիներին կատարված նորանոր հանցանքների հետեւանքով երկիրը մղվել է քայքայման, պետականության վտանգման սահմանագիծ։ Ահագնացող արտագաղթը սպառնում է հանրապետությունում անդարձելի ժողովրդագրական փոփոխությունների, սեփական երկրում հայ ժողովրդի ազգային գոյության ապահովմանը։ Եւ դրա կանխման միակ ձևը Սերժ Սարգսյանի անհապաղ հեռացումն է իշխանությունից»։