Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը հրահանգել է պատժել մեղավոր քննիչներին, դատավորներին, դատախազներին

Սերժ Սարգսյանը հրահանգել է պատժել մեղավոր քննիչներին, դատավորներին, դատախազներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

«Բազմիցս և՛ ես, և՛ դուք նշել ենք, որ այս ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է բարձրացնեն մեր հանրության վստահությունը համակարգի նկատմամբ: Կարծես, այստեղ մենք տարակարծություններ չենք ունեցել: Եվ ճանապարհն այն էր, որ մենք վեր հանեինք, վերացնեինք այն խնդիրները, որոնք կան, և որոնք խոչընդոտում են հանրության վստահության բարձրացմանը:  Իսկ հանրային վստահությունը երևակայական բան չէ. այն չափելի է, հանգիստ կարելի է ուսումնասիրել և եզրակացությունների գալ:

Տրվել են հանձնարարականներ, ներկայացվել են առաջարկություններ, որոնց պատշաճ իրագործումը պետք է բարելավեր ձեր ղեկավարած կառույցների գործունեությունը, հենց դրանով հանդերձ բարձրացներ հանրային վստահությունը:

Ցավոք, պետք է նշեմ, որ արդյունքներն այսօրվա դրությամբ գոհացուցիչ չեն, և մենք չենք կարող արձանագրել լուրջ փոփոխություններ այս ոլորտում: Ընդ որում, այսպիսի գնահատական տալու համար հիմք են հանդիսացել ոչ միայն ձեր հաշվետվությունները, այլ նաև իմ հանձնարարականով իրականացված ուսումնասիրությունների արդյունքները», – ասել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով, օրինակ, քրեական արդարադատության բնագավառում շատ հաճախ կարելի է հանդիպել ուղղակի ապօրինի որոշումների: Ընդ որում, նման երևույթների պատճառներն ավելի խորն են, քան միայն կոնկրետ խախտում թույլ տված պաշտոնատար անձի անբարեխղճությունը կամ անփութությունը: Առկա թերություններն ու խախտումներն ամբողջը միասին ուղղակի վարկաբեկում են քրեական արդարադատության բուն էությունը:

ՀՀ նախագահը կարևորել է ապօրինի որոշումների վերանայումը` վերականգնելով անձանց խախտված իրավունքները:

Խորհրդակցության արդյունքում Սերժ Սարգսյանն առաջարկել է անօրինական որոշումներ կայացրած կամ հաստատած քննիչների, դատախազների, դատավորների նկատմամբ նախաձեռնել ծառայողական քննություն` նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար, իսկ քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում` համապատասխան նյութերն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Սերժ Սարգսյանն ընդգծել է վարույթների իրականացման հարցում համապատասխան անձանց նկատմամբ միասնական և ոչ խտրական մոտեցման ապահովման կարևորությունը:

Հանրապետության ղեկավարն առաջարկել է դատաիրավական բարեփոխումների ծրագրի նախագծի կապակցությամբ նախաձեռնել խորհրդարանական լսումներ` նկատի առնելով ծրագրի կարևորությունը: