Այսօր կեսօրից Մաշտոցի պողոտայի՝ Արամի և Բյուզանդի փողոցներին հարող տարածքում՝ Մարգարյանի անվան հիվանդանոցի դիմացի այգու սկզբնամասում տեղի ունեցող հերթական բաղոքի ակցիայի մասնակիցների պահանջն է դուրս բերել շաբաթներ առաջ Աբովյան փողոցից այստեղ տեղափոխված ու տեղադրված կրպակները: Ակցիայի մասնակից բնապահպանները բողոքել են այգում իրականացվող ապօրինի շինարարության, ծառահատումների դեմ:
«Մենք պահանջում դադարեցնել այս պահին ընթացող շինարարական աշխատանքները ու մնալու ենք այստեղ այնքան ժամանակ, մինչև կգան շինարարությունն իրականացնող ընկերության ղեկավարները և ցույց կտան օրինական փաստաթղթերը: Այս պահին մենք ստիպեցինք դադարեցնել այդ աշխատանքները և պետք է տեր կանգնենք մեր առաջին հաղթական քայլին«,- Epress.am-ի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակից, ակտիվիստ Եղիա Ներսիսյանը:
Ակցիայի մասնակիցների պահանջին հակառակ` շինարարները շարունակել են տարածքում բետոնապատման աշխատանքները՝ բետոնի շաղախից շփելով հավաքվածների ուղղությամբ, ինչը վրդովեցրել է ակտիվիստներին: Քիչ ավելի ուշ շինարարները դադարեցրել են աշխատանքն ու հեռացել տարածքից:
«Ապօրինի շինարարություն է գնում, ու ոստիկաններին էլ հորդորում ենք, որպեսզի արգելեն ապօրինությունները, ոչ թե մեզ հսկեն», – ասել է ակցիային մասնակցող բնապահպան Մարիամ Սուխուդյանը (լուսանկարում):
Քիչ ուշ ակցիայի մասնակիցներին են միացել նաև «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը, ակցիային մասնակցում էր նաև «Կանաչների կուսակցության» նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Արմենակ Դովլաթյանը:
«Այս այգի տեղափոխված կրպակները հասարակ կամ պատահական մարդկանց չեն պատկանում, այլապես այս այգում չէին հանգրվանի: Հիշում եք` Փափազյան փողոցի կրպակները, մի օրում քանդեցին, այդ խեղճ մարդկանց ոչ լսեցին, ոչ հաշվի առան, իսկ այս դեպքում սուսուփուս Աբովյանից հանեցին, բերեցին այստեղ: Երբ ապամոնտաժում էին այս կրպակները, ուրախացանք, ասացինք՝ ապրի մեր քաղաքապետը, բայց արի ու տես, ինչ կատարվեց: Սա խոսում է ակնհայտ կոռուպցիայի մասին«, – ասել է Անահիտ Բախշյանը:
Պատգամավոր Լիլիթ Գալստյանի խոսքով՝ Քաղաքապետարանը պետք է շրջահայաց լինի ու գիտակցի, որ խելամիտ լուծում չի տվել, ու վերջապես փոխի իր որոշումը;
«Չի կարելի 3-4 հոգու շահը վեր դասել ամեն ինչից, ցավոք, այսօր մեր հանրապետությունում ստեղծվել է մի վիճակ, որ ցանկացած իրավունքի համար պետք է պայքարենք: Քանի դեռ մեր քաղաքացիները չեն հասկանում, թե ում են ձայն տալիս և ոնց ենք մենք գերի ընկնում քաղաքական այդ մեծամանության ձեռքը, պիտի վայելենք դրա պտուղները», -ասել է Գալստյանը:
Նրա հավաստմամբ` այսօր բետոնապատվում է ամբողջ Երևանն, ու սա էլ վառ ապացույցն է՝ իր գավառական նկարագրով:
Ակցիայի մասնակիցների նախաձեռնությամբ քիչ ավելի ուշ ստորոգրահավաք է սկսվել՝ ի պաշտպանություն այգու: Անցորդների մեծ մասը սիրով համաձայնել է մասնակցել ստորագրահավաքին: Նրանք իրենց զորակցությունն են հայտնել մասնակիցներին ու հորդորել քաղաքապետ Տարոն Մարգարյանին վերջ դնել անօրինություններին:
«Բավական չէ՝ այգին են ոչնչացնում, հաշվի չեն առնում անգամ հարևանությամբ գտնվող ծննդատունը, որտեղ ծնվում ու ծնվելու են ապագա երեխաները: Փոխանակ ապահովեն այս տարածքի անդորրն ու կանաչը, ընդհակառակը, խախտում են շրջապատի անդորրը», – բողոքել է Արմինե Սիմոնյանը:
Երեկոյան ժամը 20:00-ի դրությամբ ակցիան դեռևս շարունակվում էր: Ակցիայի մասնակիցները կանաչ ժապավեններով շրջափակել են տարածքն ու հաղթանակը խորհրդանշող պահապան Ձնեմարդ են պատրաստել: Ակտիվիստները ցանկացել են մնալ և գիշերել այգում, բայց քանի որ ոստիկաններն արգելել են նրանց ցախ բերել ու վառել՝ տաքանալու համար, բողոքողները որոշել են ուշ երեկոյան հեռանալ՝ վաղը վերադառնալու ու ակցիան շարունակելու մտադրությամբ: