14-ամյա աղջկան բռնաբարելու համար մեղադրվող Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի գյուղաղետ, ֆիզկուլտուրայի ուսուցիչ 50-ամյա Ազատ Ղուկասյանի կալանավորումից հետո գյուղում լարված իրավիճակը թուլացել է: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում պատմել է գյուղի բնակչուհիներից մեկը, որը խնդրել է չնշել իր անունը։
Նա նշել է, որ այդ դեպքը գյուղապետի կողմից անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգության առաջին դեպքը չէր:
«Իմ երեխան այդ 14 տարեկան աղջկա դասարանցին ա։ Ինքը մեզ ոչ մի բան չէր ասում, չէր պատմում, բայց հետո ես իմացա, որ դա հաճախակի էր եղել, որ գյուղապետը էդ աղջկան անընդհատ կանչում էր առանձին սենյակ, նույնիսկ մի անգամ գյուղապետարան էլ էր կանչել։ Հիմա մենք պայքարում ենք, որ ինքը՝ գյուղապետը, պատժվի։ Ես որ իմ աղջկան հարցրեցի էդ դեպքի մասին, ինքը պատմեց, որ դեռ անցած կիսամյակից՝ 2011 թվականի դեկտեմբերից էր իրա մոտ կանչում 14 տարեկան աղջկան։ Դե, աշակերտուհիներից մեկը, որ տեսել էր դա ու հետո դասատուներին պատմել էր, բունտ էր բարձրացել, ու ըտեղից էլ արդեն լուրը տարածվել էր։ Հիմա արդեն սովորական վիճակ է։ Երեխես նորմալ դասի ա գնում, որ հարցնում եմ, ասում ա, որ դպրոցում դեպքի մասին չեն խոսում։ Հանգիստ դասի են գնում ու գալիս։ Սկզբում իրանք շատ էին վախենում, դե իրա (գյուղապետի-հեղ.) բարեկամները էրեխեքին վախացնում էին», – ասել է օրաթերթի զրուցակիցը։
Կնոջ խոսքով` գյուղապետի մտերիմները մոտենում էին երեխաներին, ասում էին` «նորմալ կխոսաք, ճիշտ ցուցմունք չտաք»։ Նա նաև նշել է, որ երեխաների հետ արդեն խոսել են քննիչները, և նրանք ամեն ինչ պատմել են:
«ՀԺ»-ի զրուցակիցը նաև պատմել է, որ գյուղապետի մասնակցությամբ նման միջադեպ եղել էր երեք տարի առաջ:
«17 տարեկան մի աղջիկ էր։ Գյուղապետի դեմ բողոքել էր, հետո դիմումը հետ էր վերցրել, ասում են, որ գյուղապետը խոստումներ էր տվել, աղջիկն էլ հավատացել էր։ Բոլորն էլ գիտեն էդ դեպքի մասին, բայց չեն խոսում», – նշել է կինը:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք այդ դեպքի մասին տեղեկանալուց հետո իրենք չէին վախենում երեխաներին ֆիզկուլտուրայի ժամերին ուղարկել, կինը պատասխանել է, թե իրենք մտածում էին «երևի էդ աղջիկն ա մեղավոր եղել, որ համաձայն ա եղել»։
Նա նաև պատմել է 14-ամյա աղջկա մասին.
«Վախեցած, շատ վախեցած ա։ Իմ աղջիկն ա շատ վատ վիճակում, պատկերացրեք, թե էդ աղջիկը ինչ վիճակում կլինի։ Ես գիտեմ, որ Կապան քաղաքից երեխաների պաշտպանության ինչ-որ կազմակերպությունից էին եկել, հետո հոգեբան էր եկել, էրեխու հետ խոսացել էին, ու դա իրա վրա շատ լավ էր ազդել։ Ակզբի օրերի համեմատ, երբ դեպքի մասին լուրերը տարածվեցին, հիմա էրեխեն մի փոքր ավելի լավ ա, հյուր ա գնում, շփվում ա, մենք էլ իրան հույս ենք տալիս։ Մի խոսքով, մի քիչ բացվել ա, արդեն էդքան ծանր, բարդ վիճակում չի»։
Կինը չի հաստատել այն լուրերը, թե երեխան առողջական խնդիրներ ունի` նշելով, որ երեխան պարզապես «խեղճ ա ու չշփվող»:
«Կարող ա դրա համար են ասում, որ ինչ-որ հոգեկան խնդիրներ ունի։ Բայց՝ չէ, խեղճ ապրող մարդիկ են, երեւի դրանից ա տենց չշփվող: Իրանք 5 երեխա են։ Երեք քույր են, երկու եղբայր։ 14 տարեկան աղջիկը քույրերից ամենափոքրն ա։ Հայր ու մայրն էլ գյուղում բանվորություն անելով են ընտանիքը պահում», – ասել է նա։
Լուսանկարը` Սյունիքի մարզպետարանի կայքից