Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը զոհված զինվորների ծնողների կողմը չնայեց. նրան զգուշացրել էին (ՖՈՏՈ)

Սերժ Սարգսյանը զոհված զինվորների ծնողների կողմը չնայեց. նրան զգուշացրել էին (ՖՈՏՈ)

Այսօր Արաբկիր վարչական շրջանում կայացած Հայաստանի Հանրապետական կուսացության նախընտրական քարոզարշավին Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու ակնկալիքով եկել էին նաև բանակում խաղաղ պայմաններում զոված զինծառայողների ծնողները, ում այդպես էլ չհաջողվեց հանդիպել նախագահին:

Նրանց հետ զրուցել է նախագահի  օգնական Արմեն Աբելյանը, ով ծնողներին փոխանցել է, որ Սերժ Սարգսյանը զինդատախազ Գևորգ Կստանյանին համապատասխան հանձնարարական է տվել:

Ծնողները հակադարձել են, որ մինչ օրս բացարձակ ոչ մի առաջխաղացում չկա, և  նախագահը մեկուկես  տարի առաջ տված իր խոստումը չի կատարել. իրենց զավակների սպանութան մեջ մեղադրվողները մինչ օրս անպատիժ են: Նրանք պնդում էին, որ ունեն անհերքելի ապացույցներ և ուզում են դրանք փոխանցել անձամբ Սերժ Սարգսյանին:

«Սերժ Սարգսյանը  մեր նախագահն էլ է չէ՞,  մենք էլ ենք էս ժողովրդից, թող 5 րոպե մեզ ընդունի»,- ասել է զոհված Տիգրան Օհանջանյանի մայր Գոհար Սարգսյանը, ինչին ի պատասխան Աբելյանն ասել է, որ նախագահը բոլորինն է, և ծնողներին խորհուրդ է տվել համբերել:

«Ինչքա՞ն համբերենք, 5 տարի է` համբերել եմ», – ասել է  Գոհար Սարգսյանը:

Աբելյանը նշել է, որ հասկանում է ծողների դժբախտությունը:

«Դուք ոչինչ էլ չեք հասկանում, 11 տարվա մեջ երեք սպանված զինվոր են բերել միայն մեր գյուղ (Էջմիածնի Բաղրամյան- խմբ.), ապրիլի 7-ին երրորդ դիակը բերեցին», – ասել է Արայիկ Ավետիսյանի մայր Անահիտ Մկրտչյանը:

Զոհված Վալերի Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը,  Աբելյանին հարցրել է` ոնց անեն, որ նախագահն իրենց ընդունի, ինչին Աբելյանը պատասխանել է` հիմա կմոտենա:

Ավել ուշ` ելույթի ավարտից հետո, Սերժ Սարգսյանն անցել է ծնողների կողքով, սակայն այդպես էլ նրանց  չի մոտեցել: Բողոքող մայրերի մոտ  հսկողություն իրականացնող ոստիկանները փակել էին տեսադաշտը, սակայն ծնողները  վանկարկում  էին` եթե լավ  նախագահ ա, ինչո՞ւ չի մոտենում, դուք մարդասպան եք,  թե մենակ երեխեքին տանել-հոշոտելով ա, ավելի շատ թող բերեն սպանված զինվորների, ամեն օր թող սպանեն, մեր երեխեքին սպանեցիք, հիմա էլ մեզ եք սպանում», – ասում էին նրանք:

«Այսքանից  հետո էլ ասում է` հավատացեք, որ փոխվի, ի՞նչը պիտի փոխվի, հավատացել ենք չի փոխվել, փոխեք ձեր կարգախոսը»,-  վանկարկել է Գոհար Սարգսյանը:

Epress.am- ի հետ զրույցում ծնողներն ասել են, որ չնայած նախագահն իրենց չմոտեցավ, քանի որ նրան զգուշացրեցին իրենց կողմ չնայել, այնուամենայնիվ, իրենք հետամուտ են լինելու և շարունակելու են իրենց ակցիաները Սերժ Սարգսյանի քարոզարշավի ողջ ընթացքում: