Հայկական բանակում խաղաղ պայմաններում սպանված զինվորի մայր Նանա Մուրադյանը բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որում նշում է, որ իր որդու՝ Վալերի Մուրադյանի գործի նախաքննությունում առկա է ամենաթողություն և մահվան իրական հանգամանքները պարզելու տրամադրվածության բացակայություն:
«Որդուս մարմնի վրա կային բազմաթիվ հետքեր: Պարանոցի վրա առկա են երկու պարանի հետքեր, մատի սեղմած հետք` պարանոցի աջ կողմում, քթի և բերանի վրա սեղմած հետքեր, թևերի բազուկների ներսային մասում` մատնահետքերի տեսքով կապտուկներ, բութ մատի եղունգը սևացած, ոտքի վրա հարվածի հետք: Որդուս խեղդել են, հետո կախել, որ նմանվի ինքնասպանության: Նախաքննությունը սկզբում ընթանում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Մենք հասկացանք, որ առաջին քննիչ Ա. Ապրեսյանը քննությունը վարում էր միակողմանի և տանում փակուղի: ԼՂՀ-ից որդուս բերել էին մերկ վիճակում: Ամուսնուս հարցին, թե ինչու է մեր որդին մերկ, պատասխանեցին, որ հագուստը տարել են փորձաքննության, սակայն դա սուտ էր: 4 ամիս անց, մեր բողոքներից հետո, գործը տեղափոխեցին ՀՀ ՊՆ քննչական վարչություն, որտեղ բացահայտվեց, որ որդուս հագուստը փորձաքննության չի ենթարկվել, և միայն 5-րդ ամսում ներկայիս քննիչ`Ա. Թամրազյանը, որդուս հագուստը ուղարկել է փորձաքննության: Փորձաքննության ընթացքում պարզվել է, որ հագուստը գտնվում է ամբողջովին բորբոսնած վիճակում: Մարզաձողի կողքը, որտեղ կախված են գտել որդուս` այն էլ ոտքերը գետնին`ծնկները ծալված վիճակում, աթոռ են հայտնաբերել, որի վրա, իբր, որդիս կանգնել է, սակայն քննիչ` Ա. Ապրեսյանը, այդ կարևոր իրեղեն ապացույցից ոչ մի հետքեր չի վերցրել: Պարանի վրա առկա է արյան հետք, որը տեսանելի է, սակայն մեր փորձագետները անունակ են արյան խումբը որոշել», – նամակում պատմում է Նանա Մուրադյանը:
Նա նշում է, որ դեպքից 4 օր առաջ, որդին զանգահարել է տուն և ասել, որ ականատես է եղել վառելիքի գողության, որի ժամանակ «տղաները վառելիք էին լցնում օֆիցերի մեքենան, և նրան գումար են առաջարկել լռության համար»:
«Սակայն որդիս չի համաձայնվել`ասելով՝ ոչ տեսել եմ, ոչ լսել: Որդուս սպանության օրը` օրվա հերթապահ սպան, երեկոյան անվանականչը չի կատարել` պատճառաբանելով, թե հեռուստացույց էր դիտում և նրան ոչ մի տույժի չեն ենթարկել` իր պարտականությունները չկատարելու համար: Ես համոզվարծ եմ, որ որդուս սպանել են հենց այդ սպան և 4 զինվորները, որոնք այդ երեկոյան վեճ են ունեցել որդուս հետ` պայմանագրային զինծառայողների սենյակում: Մեզ երկու անգամ ընդունել է ՀՀ Պաշտպանության նախարար` Ս. Օհանյանը, և խոստացել բացահայտել մեղավորներին և պատժել օրենքի ողջ խստությամբ, սակայն մինչ օրս ոչինչ չի արվել:
ՀՀ նախագահ` պարոն Ս. Սարգսյան, 2011թ-ի հունվարի 27-ին Ձեր նստավայրի դարպասների մոտ դուք մեզ`բանակում խաղաղ պայմաններում սպանված զինվորների ծնողներիս, ասացիք, որ դուք բոլորից շատ եք ուզում բացահայտել մեր որդիների մահվան հանգամանքները և խոստացաք, որ կբացահայտվեն, սակայն, մինչ օրս ոչինչ չի արվել, և հակառակը քննիչները պնդում են այդ ենթադրյալ ինքնասպանության միակ և կեղծ վարկածը:
Ես չեմ հավատում, որ զինդատախազ Գ. Կոստանյանը կամ քննիչները ճիշտն են Ձեզ զեկուցում` բանակում կատարվող սպանությունների մասին, դրա համար ցանկանում եմ ինձ ընդունեք և լսեք, քանի որ ոստիկանները մեզ թույլ չեն տալիս մոտենալ նախագահական նստավայրի դարպասներին: Ոստիկանը` անարգելով որդուս հիշատակը, հարվածեց ինձ, ձեռքիցս խլեց որդուս նկարը և նենգաբար ճմրթեց այն: Այս քայլի համար ես դիմեցի ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանին, սակայն նա ոչ մի տույժի չենթարկեց այդ ոստիկանին: Այժմ Ձեր կարգախոսն է՝ «հավատացեք, որ փոխվի»: Արդեն մեկ տարի և չորս ամիս է մենք Ձեզ հավատում ենք, սակայն ոչինչ չի փոխվել», – գրում է որդեկորույս մայրը:
Նա նշում է նաև, որ բանակում տիրող իրավիճակը ցեղասպանություն է՝ հավելելով, որ չի լռի և չի հանգստանա, մինչև իր որդու սպանողներին չպատժեն օրենքի ողջ խստությամբ` ցմահ բանտարկությամբ: