Գլխավոր / Հայաստան / «Փորձում են խլել հանքը». վանաձորցի գործարարը բարձրաձայնում է խախտումների մասին

«Փորձում են խլել հանքը». վանաձորցի գործարարը բարձրաձայնում է խախտումների մասին

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանը (զբաղեցրել է պաշտոնը 7 տարի մինչև 2006 թվականը) հետապնդում է վանաձորցի գործարար Սամվել Հարությունյանին` նպատակ ունենալով խլել վերջինիս բիզնեսը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է ինքը` Հարությունյանը, ներկայացնելով տարիների պատմություն ունեցող հակամարտության մանրամանսերը:

Հարությունյանի խոսքով` Թումանյանը նման փորձեր է անում, որպեսզի իրեն պատկանող բազալտի հանքը չզրկվի մենաշնորհային դիրքերից:

Պատմությունն իրականում սկսվել է դեռևս 2003 թվականին, երբ Թումանյանը Սամվել Հարությունյանին «Վանշիկ» և «Փամբակի գրանիտ» ընկերությունները կառավարելու առաջարկ է արել:

Հարությունյանի խոսքով` հետագայում ինքը հասկանցել է, որ Թումանյանը Սամվելի ձեռքով ցանկանում է բիզնեսը խլել իր ընկերոջից` Ռոմիկ Մարտիրոսյանից և այլ 374 բաժնետերերից: Հարությունյանը Թումանյանին խնդրել է հանդիպել` զգուշացնելով, որ զրույցը ձայնագրվելու է: Հանդիպման ընթացքում նա ասել է, որ «Վանշիկի» լուծարման արդյունքում ստեղծված «Քարաբերդ» ընկերությունը պետք է դարձնել ԲԲԸ, որից հետո էլ մասնաբաժինները պետք է վերադարձվեն մոտ 300 նախկին բաժնետերերի, այդ թվում` Ռոմիկ Մարտիրոսյանին:

Թումանյանը նշում է, որ հաշտվել է Ռոմիկի հետ, «ինչ պետք է տվել է», և առաջարկում է Հարությունյանին մնալ և կառավարել «Քարաբերդն» ու «Փամբակի գրանիտը»: 2009 թվականին, այնուամենայնիվ, Հարությունյանը հակսանում է, որ Թումանյանը ցանկանում է ազատվել իրենից. այդ ժամանակ Թումանյանը Ռուսաստանից հրավիրում են ընդհանուր ընկերոջը, և պայմանավորվածության են գալիս, թե քանի որ Հարությունյանն իր աշխատանքի դիմաց մասնաբաժին կամ վարձատրություն չի ստացել, նա 2 տարի ընկերությունները կաշխատեցնի իր համար, և հետո կհանձնի Թումանյանին և կհեռանա:

Հարությունյանի խոսքով` ինքը շարունակում է այդպես աշխատել մինչև 2010 թվականը, երբ «Քարաբերդի» հարևանությամբ իր ընկերությունը` «Կարատը», սեփական հանք է բացում:

Ինչպես նշում է գործարարը, Թումանյանն իր համար սկսում է խնդիրներ ստեղծել 2010 թվականի ապրիլի 8-ին, երբ հարկային տեսչության ներկայությամբ Արտաշես Թումանյանին պատկանող «ԼիՍամ» գրասենյակի աշխատակիցները փաստաբան Տիգրան Սահակյանի գլխավորությամբ մտնում են «Քարաբերդ»-ի գրասենյակ և հայտարարում, որ Հարությունյանն այլևս տնօրեն չէ:

Վերջինս հանձնում է կնիքը, և նրա փոխարեն տնօրեն է նշանակվում «Քարաբերդի» հանքի վարիչ Մանվել Հովհաննիսյանին:

Հարությունյանի խոսքով` մայիսի «Կարատ» ընկերության հանքում հարկային տեսչությունը ստուգումներ են անցկացվել Բնապահպանության նախարարության մասնագետի ներկայությամբ: Հանքը չափագրել են, մասնագետը նշել է, որ հանքից հանվել 7,5 հազար խորհանարդ մետր ծավալ, սակայն հարկային ստուգողները խնդիր չեն դրել մասնագետի առջև կատարել մարկշեդերական չափագրում, ինչի դեպքում կերևար և արդյունահանածը և տեղում կուտակված քանակը: Ստուգողները ակտ են կազմում և այն հանձնում են ՊԵԿ քննչական վարչության հետաքննության բաժին, որը գործ է հարուցում առանց Սամվել Հարությունյանից բացատարություն պահանջելու:

Հանքի տնօրենը պատմում է, որ հարկայինի ստուգումները դեռ չավարտված հանքում մարկշեդերային չափագրում է կատարվել, որի արդյունքում պարզվել է, որ հանքից արդյունահանվել է մոտ 6,7 հազար խ/մ ծավալ, որից հանքում կուտակված է 5 հազարից ավելին: Հարկայինը չի ընդունել տվյալ չափագրման արդյունքերը:

««Քարաբերդ» հանքի տնօրեն Մանվել Հովհաննիսյանը իր ենթականերին ստիպում է կեղծ բացատորություն տալ հարկային տեսուչներին, թե իբր նրանք «Կարատից» «Քարաբերդ» 2009 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անընդհատ հումք են տեղափոխել, իսկ ինքը` Մանվել Հովհյաննիսյանը, կարծես ամփոփելով նրանց բացատրությունները, ասում է, որ «Կարատից» «Քարաբերդ» տեղափոխվել է 15-ից 17 հազար խորհանարդ մետր: Սակայն նույն Մանվել Հովհաննիսյանը մեկ ամիս անց էներգետիկայի նախարարություն նամակ է ուղղում, որում նշում է, որ «Կարատի» հանքից «Քարաբերդ» 2009 թվականի հոկտեմբերից մինչև 10 թվականի մարտ ամիս տեղափոխվել է առնվազն 22-ից 23 հազար խորհանարդ մետր», — ասել է Հարությունյանը:

 

2010 թվականի սեպտեմբերին քննիչը հանքում վերստուգում է նշանակում:

 

«Քննիչը փորձում է մայիսին հարկային ստուգողների կողմից թույլ տված հանցագործությունը մի այլ հանցագործ ճանապարհով ծածկել: Նա կարողանում է չափագրողներին գրել տալ, թե իբր «Կարատի» հանքից արյունահանվել է 13 հազար խ/մ ծավալ, որից մոտ 6 հազարը տեղում է, իսկ մնացածը վաճառվել է: Նա այսպիսով ապահովում է թե մայիսին գրված 7,5 հազարի, թե տեղում գտնվող 6-ից ավելի ծավալի առկայությունը: Դա ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը», — նշում է Հարությունյանը:

«Կարատի» տնօրենը երկու անգամ բացատրություններ է տվել Երևանում քննիչ Արգամ Ալեքսանյանին, սակայն հետագայում առողջական խնդիրների պատճառով Հարությունյանը չի կարողացել ժամանել Երևան հարցաքննությունների` ամեն անգամ տեղեկացնելով քննիչին այդ մասին: Չնայած քննիչը պարտավոր էր ինքը ժամանել Վանաձոր, դա տեղի չի ունենում, իսկ Հարությունյանին ձերբակալում են քննությունից խուսափելու մեղադրանքով և տեղափոխում «Նուբարաշեն» ՔԿՀ:

«Այս ամենում հանցավոր դեր է խաղացել Վանաձորի ոստիկանությունը, որը քննիչ Ալեքսանյանին գրավոր նամակ է ուղարկել, թե իբր ես չեմ հայտնաբերվում, մինչդեռ նստած եմ եղել տանը, ապրել եմ սովորական կյանքով Վանաձոր քաղաքում: Սա պատահականություն լինել չի կարող, այս ամենը կազմակերպված է», — ասում է Հարությունյանը:

ՔԿՀ-ում նա 3 օր հացադուլ է հայտարարում, իսկ դրանից հետո արդեն դատարանում վճիռ է կայացվում բաց թողնել Հարությունյանին, քանի որ, ըստ դատարանի, նա չի թաքնվել, և առկա են եղել հիվանդ լինելու մասին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը (Հարությունյանը ճնշման ուժեղ տատանումներ է ունեցել):

Նրա խոսքով` արդեն տեղի ունեցած մի քանի դատական նիստերի ընթացքում «Քարաբերդի» աշխատակիցները հրաժարվել են նախնական ցուցմունքներից` նշելով, որ իրենց աշխատանքները ղեկավարել է ոչ թե «Քարաբերդի» նախկին տնօրեն Սամվել Հարությունյանը, այլ ներկայիս տնօրեն, Հարությունյանի օրոք հանքի վարիչ աշխատած Մանվել Հովհաննիսյանը: Բացի դա, նրանք ընդգծել են, որ 2009 թվականի հոկտեմբեր – դեկտեմբերին սովորական աշխատանքային ռիթմով աշխատել են «Քարաբերդին» պատկանող հանքում, և միայն երբեմն «Կարատի» հանքից հումք են  տեղափոխել:

Մեզ հետ զրույցում Հարությունյանը կարևոր է համարել նաև այն փաստը, որ ինքը քննիչին գրավոր միջնորդություն է ներկայացրել` խնդրելով «Քարաբերդ» ընկերությունից պահանջել հաշվապահական փաստաթղթերմ ինչով պետք է ապացուցվի մեղադրականի անհիմն լինելը, սակայն քննիչը մերժել է միջնորդությունը որևէ կերպ չբացատրելով դա: