Հայ Ազգային Կոնգրեսի Գյումրիի տարածքային գրասենյակի համակարգող Աշոտ Զաքարյանը հայտարարել է իր պարտականությունների, ինչպես նաև ՀԱԿ-ում քաղաքական գործունեության դադարեցման մասին:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից տարածած Աշոտ Զաքարյանի հայտարարության մեջ վերջինս նշում է, որ վերջին երկու ամիսների ընթացքում ՀԱԿ-ի վարած քաղաքականության և ԱԺ ընտրությունների հետ կապված հարցերի շուրջ ինքը փորձել է լռություն պահպանել:
«Ունենալով որոշ տարաձայնություններ` այնուամենայնիվ, լռությունս հետապնդել է մեկ նպատակ` ԱԺ նախըտրական շրջանում` Հայ Ազգային Կոնգրեսում, միասնականությունը չխաթարել, միևնույն ժամանակ, այս ողջ ընթացքում իմ գործունեությամբ հնարավորինս աջակցել եմ ՀԱԿ-ին ԱԺ ընտրություններին առավելագույն քվեներ ստանալու համար», – նշել է Զաքարյանը:
ՀԱԿ նախկին անդամը նշել է, որ Կոնգրեսի կողմից իրականացվող ներքաղաքական կուրսը ոչ միայն լրջագույն խնդիրներ է ստեղծել ՀԱԿ-ի ներսում, այլև, իր համոզմամբ, կասկածի տակ է դրել ՀԱԿ վարկանիշն ու հասարակության մոտ ունեցած վստահությունը, ինչն իր արտացոլումն է գտել 2012թ-ի մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներում:
«Երբեմնի հզոր կազմակերպված ընդդիմադիր ուժը, որն իմ խոր համոզմամբ վայելում էր հասարակության բացարձակ մեծամասնության վստահությունը, այժմ կարողացավ հաղթահարել ընդամենը ՀՀ ԱԺ մտնելու մինիմալ շեմը: Ամենակարևոր խնդիրը, ինչին կուզենայի անդրադառնալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցություն սկսելու անհաջող փորձերն էին, ինչը ցավոք սրտի շարունակվում է մինչ օրս: Նախ պետք է արձանագրել, որ ԲՀԿ-ն իշխանական կոալիցիայի մաս է կազմել, ներկայումս կա, և ենթադրում եմ, որ դեռ կլինի իշխանական կոալիցիայում: Կարծում եմ` երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակի, թե ներքին և թե արտաքին քաղաքականության ձախողումների, համատարած կոռուպցիայի, մշտապես կեղծվող բոլոր մակարդակների ընտրությունների, ազգային աղետի հասնող արտագաղթի, ինչպես նաև մնացած բոլոր ոլորտներում տիրող աղետալի վիճակի համար, ԲՀԿ-ն հավասարապես պատասխանատվություն է կրում: Ավելին` գաղտնիք չէ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համարվել և համարվում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը: Եվ նպաստելով այս կուսակցության վարկանիշի բարձրացմանը, որում մենք համոզվեցինք ԱԺ ընտրությունների ժամանակ` հնարավորություն է ստեղծվում ճանապարհ հարթելու Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերադարձին», – հայտարարել է Զաքարյանը` ընդգծելով, որ այդ գործընթացին մասնակից դառնալու որևէ ցանկություն չունի:
Զաքարյանը հույս է հայտնել, որ իր և ՀԱԿ-ի հետագա հարաբերությունների հեռանկարը կտեղավորվի միմիայն փոխադարձ հարգանքի, կոռեկտության և մարդկային նորմալ փոխհարաբերությունների տրամաբանության մեջ, և ՀԱԿ-ի նոմենկլատուրան այս հարցում կունենա կարևոր դերակատարում:
«Այդուհանդերձ, շնորհակալություն եմ հայտնում ՀԱԿ բոլոր համակիրներին 4 տարիների համատեղ պայքարի համար, և հայցում վերջիններիս ներողամտությունը, եթե ունեցել եմ թերացումներ կամ բացթողումներ: Հայ Ազգային կոնգրեսին ցանկանում եմ արդյունավետ աշխատանք ՀՀ Ազգային Ժողովում», – իր հայտարարությունն այսպես է ավարտում Աշոտ Զաքարյանը:
Լուսանկարը` Աշոտ Զաքարյանի Facebook-ի էջից