«Ռեգնում» լրատվական գործակալության երևանյան բյուրոյի խմբագիր Ռուբեն Գրդզելյանը այսօր Հատուկ քննչական ծառայությունում հաստատել է իր` ոստիկանությանը տված ցուցմունքը և մայիսի 12-ին իր և Կոտայքի մարզի քննության օրինականության վերահսկողության տեսչության դատախազ Մովսես Մանրիկյանի միջև ծեծկռտուքի վերաբերյալ նոր պարզաբանումներ ու մանրամասներ է հայտնել: Epress.am-ի հետ զրույցում Գրդզելյանը հայտնել է, որ ինչպես ոստիկանությանը, այնպես էլ ՀՔԾ-ին հայտնել է, որ իրեն ծեծել են կենցաղային հողի վրա ծագած վեճի արդյունքում, և դա իր մասնագիտական գործունեության հետ կապ չունի:
«Ոչինչ չի փոխվել: Ես իմ բողոքը նույնն եմ թողել: Գործը ուղղակի քննվելու է ՀՔԾ-ի կողմից»,- ասել է Գրդզելյանը:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել Երևանում տուժողի մոր, երկու երեխաների, զարմիկի և կնոջ ներկայությամբ, որը հղիության 9-րդ ամսում է:
Գրդզելյանի խոսքով` միջադեպը սկսվել է Մանրիկյանի սուր արձագանքից երեխաների պահվածքի վրա, որոնք մի պահ խանգարել են բակից դուրս եկող մեքենային, որի մեջ, ենթադրաբար, եղել է Մանրիկյանի որդին:
Դա դուր չի եկել դատախազին, ով լեզվակռվի մեջ է մտել Գրդզելյանի հետ և հարվածել է վերջինիս: Պատասխան ստանալով` Մանրիկյանը և նրան ուղեկցող անձինք հարձակվել են լրագրողի վրա: Նրանց միացել է Մանրիկյանի որդին և ևս մեկ անձ: «Ռեգնումի» հաղորդմամբ, հարձակվողները չորսով այնքան ժամանակ են ծեծել գետնին ընկած Գրդզելյանին մինչև վերջինս կորցրել է գիտակցությունը: