Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի կողմից ԿԳՆ-ի դեմ բերված բողոքի նախնական քննության առաջին նիստը, որի ընթացքում դատավորը ծանոթացել է կողմերի հետ, բաշխել գործի նյութերի ապացուցման պարտականությունները: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Զոլյանի փաստաբան Լիանա Գրիգորյանը:
Այսպես` դատարանում Զոլյանը փորձում է ապացուցել, որ իր դեմ ընդունված նախարարության երեք հրամանները անօրինական են, և թեև հայցվոր կողմը պատրաստ է ապացույցներ ներկայացնել իր բողոքը իրավացիության մասին, դատարանը այսօրվա նիստում որոշել է իր կայացրած հրամանների իրավական հիմքերի ապացուցման պարտավորության բեռը դնել Կրթության և գիտության նախարարության վրա:
Հիշեցնենք, որ վարչական դատարանը հրաժարվել էր ընդունել Զոլյանի հայցը` չեղյալ համարել 2012թ. ապրիլի 6-ին Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հայտարարած խիստ նկատողությունը:
Այս տարվա ապրիլին Արեմն Աշոտյանի հրամանով Սուրեն Զոլյանն ազատվել է ԵՊԼՀ-ի ռեկտորի պաշտոնից, և այդ օրվանից սկիզբ է առել Զոլյան-Աշոտյան հակամարտությունը: